ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակույթ-կոնցեպտ
Մշակույթ և ինստիտուցիաներ. Հարցազրույց արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանի հետ
08.01.2019

Մշակույթ և ինստիտուցիաներ

 

Հարցազրույց արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանի հետ.

 

- Մշակույթի նախարարությունը վարչություն դարձնելու և կրթության նախարարությանը կցելու վերջին որոշման շուրջ ի՞նչ եք մտածում: Եվ ի՞նչ ինստիտուցիաներ են անհրաժեշտ, որպեսզի մշակույթի կառավարումը լինի արդյունավետ:


  

- Մինչև կառավարմանն անդրադառնալը պիտի քաղաքականության մասին խոսվի, իսկ դրանից էլ առաջ պիտի ծրագրեր հստակեցվեն: Այսինքն` ծրագիր, նպատակ, տեսլական պիտի լինի, որպեսզի համապատասխան քաղաքականություն մշակվի։ Կառավարման ու դրա գործիքների հերթը հասնում է միայն այդ ժամանակ, երբ առկա է մշակույթի զարգացման տեսլականը կամ հայեցակարգը, ու տարվում է համապատասխան քաղաքականություն: Ակնհայտ է, որ օպտիմալացման պատճառը կառավարության ուռճացված կառուցվածքն է։ Այն իսկապես կարիք ունի վերակազմավորման։ Կառավարությունը նպատակահարմար է գտել, որ դա տեղի ունենա  առանձին նախարարությունները միացնելու ձևով: Ես կարծում եմ,  եթե մշակույթի նախարարությունն այս անցման շրջանում  իր մեջ գտներ մշակութային քաղաքականության երկարաժամկետ ծրագիրը մշակելու որոշակի ռեսուրսներ, կառավարությունը մինչև իր որոշում կայացնելը կմտածեր` գնա՞լ այդ քայլին, թե՞ ոչ: Գուցե պատճառներից մեկն իներցիան էր, որը նախարարությանը թույլ չտվեց ընթացիկից դուրս գալ: Գուցե չուներ ինտելեկտուալ համապատասխան ռեսուրսներ և ոչ էլ կարողացավ ներգրավել մշակույթի տարբեր  բնագավառներում գործունեություն ծավալող մարդկանց, որոնք այս կամ այն չափով տիրապետում են իրադրությանն ու գոնե իրենց բնագավառում ունեն պատկերացումներ, թե ինչ պետք է անել՝ խորքային փոփոխություններ իրականացնելու համար: Այսպես թե այնպես, նման աշխատանք չարվեց: Նկատի ունենալով համագործակցության այն փորձը, որ մեր ինստիտուտն այս ընթացքում ունեցավ՝ Մշակույթի նախարարության աշխատանքը ժամանակավոր կառավարության շրջանում կգնահատեի հակասական. մի կողմից ակնհայտ էր, որ տարբեր մասշտաբների և տարբեր բովանդակություն ունեցող հսկայական քանակությամբ դիմումների հոսքի հետ է գործ ունեցել և աշխատել է բավարարել դրանք, ինչպես, ասենք, մեր դիմումին: Մի քանի շաբաթվա ընթացքում արձագանքեցին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի հետ կապված նոր նախագծի դիմումին, բայց հաշվետվությունը ընդունելիս փաստատաթղթային այնպիսի հիմքեր սկսեցին պահանջել, որոնք Արցախում գործունեություն ծավալելու սպեցիֆիկ պայմաններում ունենալը ակնհայտ չէր։ Ստիպված եղանք հետին թվով ստեղծել դրանք՝ բազմաթիվ այցելություններ կատարելով ու հանդիպումներ ունենալով նախարարության համապատասխան օղակների աշխատակիցների հետ։ Եթե  հաշվի առնենք գումարի չափը, որը հատկացվել էր մեր նախագծին, ժամանակի քանակը, որ այն սպասարկելու վրա ծախսեցին այդ աշխատակիցները ու ստացված արդյունքը բազմապատկեք տասնյակ, եթե ոչ հարյուր այլ նույնամասշտաբ նախագծերի վրա ծախսած ժամաքանակով, կարող ենք եզրակացնել, որ ոչ թե 150, այլ 1500 աշխատակից ունենալու պարագայում էլ նախարարությունը ոչ միայն երկարաժամկետ ռազմավարական ծրագիր մշակելու, այլև իր իսկ գործառնությունները զարգացնելուն խանգարող խնդիրները բացահայտելու հնարավորություն չէր ունենա։ Առանց կոնցեպտուալ հիմնավորման օպտիմիլացման այս որոշումը, եթե նույնիսկ տնտեսական առումով հիմնավորված է, այնուամենայնիվ հնարավոր չէ այդ միացումը իրականացնել մեխանիկորեն: Կբացվեն տարբեր խնդիրներ, որոնք մինչ այդ տեսանելի չէին։ Այսինքն` այս վերակազմավորումը կստիպի մարդկանց մտածել։ Խոսքը միայն նախարարության աշխատակազմի մասին չէ, այնտեղ կան առանձնացված օղակներ, զանազան ՊՈԱԿ-ներ, որոնք պետական վերահսկողություն ենթադրող առանձնահատուկ գործառույթ ունեն: Մեծ հաշվով, ես դրական եմ գնահատում այդ քայլը, թեպետ հասկանում եմ մշակույթի, արվեստի դաշտի գործիչների արձագանքը։ Լինելով հիմնականում ավանդապաշտ՝ նրանք պետական հոգածությունը, տարօրինակորեն, նույնացնում են առանձին մշակույթի նախարարության գոյության հետ: Մինչդեռ մշակութային տնտեսության խնդիրները շատ ավելի բազմաբնույթ են ու չեն տեղավորվում մշակույթի նախարարության կոմպետենցիաների շրջանակներում:

 

- Այդ դեպքում ինչպե՞ս պետք է կազմակերպել օպիտմիզացումը` հաշվի առնելով առանձնահատուկ գործառույթներ իրականացնող բաժինների գործառույթները: Օրինակ, կարծում եմ,  հուշարձանների պահպանության գործառույթը քաղաքաշինության նախարարությանը կցելը, հաստատ, շահավետ որոշում չէ:


  

- Ես չունեմ արագ պատասխաններ, ոչ էլ իմ խնդիրն եմ համարում այդ հարցերին պատասխանելը: Ինձ հետաքրքրողը համակարգային, հայեցակարգային հարցերն են.  ի՞նչ ենք պատկերացնում մշակույթ ասելով, ո՞վ է մշակույթի տերը` պետությու՞նն է, կառավարությու՞նն է, թե՞ հասարակությունն է: Ովքե՞ր են մենք իբրև հանրություն, հասարակություն, ժողովուրդ: Պատասխանելով այս հարցերին` մենք կկարողանանք համապատասխան ձևով կազմակերպել մեր կառավարման մարմիններն ու կառավարման համակարգը:

 

- Պարոն Կարոյան, ի՞նչ է մշակույթը և ո՞րն է մշակութային քաղաքականության մասին Ձեր պատկերացումը:

 

- Մշակույթը ամբողջությունն է  հասարակական կյանքի այն ձևերի, որոնք մեզ թույլ են տալիս հարաբերվել: Մենք պայմանավորվեցինք հանդիպել կենտրոնի X սրճարանում և պահեցինք մեր պայմանը. այսպիսի բան հնարավոր է միայն քաղաքային մշակույթի առկայության պայմաններում: Երբ ասում են` «Գերմանական ճշտապահություն ունես», հղում են անում գերմանական մշակույթին: Այսինքն` մշակույթը սոսկ այն չէ, որ մեկը օպերա է գնում, մյուսը վեպ է գրում, երրորդն էլ էկրանավորում է: Այդ ձևերը մշակվել են հարյուրամյակների ընթացքում, բայց դրանք քարացած չեն, ենթարկվում են ազդեցությունների ու փոխակերպումների: Մեր մասին ասում են և մենք ինքներս էլ մեզ համարում ենք ավանդապահ, բայց մեր պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ իբրև ժողովուրդ մենք նաև հեղափոխական ենք: Ակնհայտորեն, հարազատության ինստիտուտը մեզ մոտ գերակշռում է ընկերության և քաղաքացիության ինստիտուտներին: Երբ այս ինստիտուտների ազդեցությունը մեր հասարակական կյանքի վրա փոխկապակցության մեջ ենք դիտարկում` հաշվի առնելով նաև ընկերության ու քաղաքացիության ինստիտուտների հանդեպ հարազատության ինստիտուտի նույն այդ գերակա դիրքը, պարզ է դառնում, թե ինչով է պայմանավորված  նույն տեղում լինելու, բայց  համագործակցել չցանկանալու մեր ձգտումը: Վարքագծային առումով ձգտումների այս հակասությունը դրսևորվում է նրանով, որ մենք մի կողմից չափազանց հանդուրժող ենք հասարակական կարգը, համակեցության կանոնները խախտողի նկատմամբ, մյուս կողմից` մեր կողքով անցնող մարդու ամենաչնչին իսկ խոսքը կամ խեթ հայացքը մեզ համար կարող է դառնալ բորբոքվելու, լեզվակռվի կամ ձեռնամարտի նետվելու անդիմադրելի առիթ: Հիմա եթե իրոք իրականություն է, որ մենք մի կողմից ավանդապաշտ ենք, մյուս կողմից` հեղափոխական, ցանկանում ենք ապրել մի տեղում, բայց առանց ընկերություն անելու ցանկության` անձնային ու հասարակական մեր այս հատկանիշները, որակները մեզ տալիս են որոշակի նախնական պատկերացում, նաև ենթադրում են չգրված մի ծրագիր, թե ինչպիսին կարող է լինել մեր պետության կառուցվածքը, կառավարման ձևերը. ահա, այս բոլորը վերաբերում են մշակույթին: Մեր ինստիտուտում մշակվող նախագծերի հիմքում այդ պատկերացումներն են։  Հաշվի է առնվում յուրաքանչյուր անհատի, համայնքի և տեղանքի առանձնահատկությունը և մշակութային նախագիծը գալիս է դառնալու զարգացման միջոց: Այս աշնան սկզբին Ստեփանավանի Ստեփան Շահումյան թանգարանից հրավեր ստացանք ՝ վերակազմավորելու ցուցադրությունը։ Սա դարձրինք մեր կուրատորական դպրոցի ուսանողների ավարտական աշխատանքը: Հետազոտական փուլում առաջացած հարցերից մեկն հետևյալն  է՝ մշակույթի նախարարության համակարգում գտնվող այդ թանգարանն, օրինակ, ինչու՞ չի կարող լինել մարզպետարանի կամ քաղաքապետարանի ենթակայության տակ: Ինչու՞ չզգայունացնել համայնքները, ինչու՞ նրանց չպատվիրակել խնամքը և պատասխանատվությունը իրենց  տարածքում գտնվող հաստատությունների նկատմամբ:

 

- Օրինակ, մարզային մշակույթի պալատները, գրադարանները դեռևս  նախորդ իշխանությունների որոշմամբ մարզպետարանների ենթակայության տակ են: Բայց այս որոշումից մարզային այդ հաստատությունների աշխատելաոճում, շենքային պայմաններում դրական փոփոխություններ, առաջընթաց չեն արձանագրվել:


  

- Որոշումը չի կարող լինել արդյունավետ, եթե չես զորեղացնում մարզպետարանները։ Օրինակ, ասենք, չես բարձրացնում մարզում կամ համայնքում արտադրվող արդյունքի տեղական բյուջեին թողնվող մասնաբաժինը։ Չի կարելի հենց այնպես թողնել տեղական համայնքի հույսին և ակնկալել փոփոխություններ:

 

- Մշակութային քաղաքականության մշակման ընթացքում հանրային ներգրավվածության ի՞նչ մակարդակ եք պատկերացնում:


  

- Ես կարծում եմ, որ պետք է լինեն քաղաքականություն մշակող ինստիտուտներ: Բայց մինչև քաղաքականություն մշակելը անհրաժեշտ է ունենալ սոցիոլոգիական, մարդաբանական, մշակութաբանական և այլ տիպի հետազոտությունների արդյունքներ: Մենք իրականում չունենք այդ ինստիտուտները և մեզ մոտ մինչեւ Թավշյա հեղափոխությունը քաղաքականությունը մշակվում էր վարչական ճանապարհով` ինչպես և ընտրություններն էին, ինչպես արժեքն ու իմաստն էր վարչական ճանապարհով արտադրվում: Կառավարությունը, նախարարությունները, պետական զանազան մարմիններն ու գերատեսչությունները պիտի մտահոգ լինեն, որ իրենց բնագավառներում լինեն ինստիտուտներ, որոնք ի զորու են անցկացնել խորքային հետազոտություններ և մշակել նախագծեր: Մինչ օրս եղած անտարբերության այս համատեքստում շատ տարօրինակ էր մեր ինստիտուտի գոյությունը, որը ոչ պետական է, ոչ ակադեմիական է, այլ պրոֆեսիոնալների ինքնակազմակերպման արդյունք, որի գործառնական կարողություններն իրապես չնչին են, բայց ունեցած արդյունքները բավական շոշափելի, այնքան որ նույնիսկ հեղափոխությանը կադրեր տված` Լենա Նազարյան, Վահե Բուդումյան:

 

- Պահպանողական դիտանկյունից քաղաքականությունն է հետևում մշակույթին, իսկ հեղափոխական տեսանկյունից քաղաքականությունն է ձևավորում մշակույթը: Քաղաքականություն-մշակույթ փոխկապակցության հարցում Դուք ի՞նչ տեսակետ ունեք:


  

- Կարծում եմ,  հեղափոխությունը քաղաքականության հետ կապ չունի: Երբ  հեղափոխություն է, քաղաքականությունը անհետանում է, գոյություն ունի հեղափոխական պայքարի մարտավարություն, ռազմավարություն, բայց ոչ երբեք՝ քաղաքականություն։ Երբ գործի մեջ  է քաղաքականությունը, նշանակում է` հեղափոխությունը կամ արդեն անցյալում է, կամ էլ դեռ սպասվում է: Կարծում եմ նաև, որ հիմա դեռ հեղափոխական շրջանում ենք, և քայլերը կարող են լինել հեղափոխական և ոչ քաղաքական: Ընդհանրապես, ես դեմ եմ քաղաքականությանը, քաղաքական առաջնորդությանը, քաղաքական կուսակցություններին, որը բնորոշ է ներկայացուցչական ժողովրդավարությանը: Քաղաքական առաջնորդությունը ներկայացուցչական ժողովրդավարությանը բնորոշ, 19-20-րդ դարից մնացած հանձնառություն է: Քաղաքականությունը գալիս է տրոհումներ բերելու և հրահրելու մրցակցություն արդեն իսկ գոյություն ունեցող հասարակական, տարածքային, մասնագիտական, սեռային, տարիքային բաժանումների ներսում։ Այնինչ այս բաժանումները այնպիսի տարանջատումներ են, որոնք կարող են առանց մրցակցության էլ գոյություն ունենալ, փոխարենը  համագործակցությունը դրանց համար կենսական է: Հեղափոխությունը պիտի չընդհատվի, այն պիտի խորանա այնքան, որ իշխանության մեջ փոփոխություններ բերի ոչ միայն բովանդակային, այլև կառուցվածքային առումով: Ինչպիսին էլ լինի պետական այդ նոր կառուցվելիք կարգը, այն չի կարող հաստատվել մեր մշակույթին բնորոշ զարգացման գլխավոր հունից դուրս, այլ միայն իբրև այդ հունով ընթանալու արդյունք։ Եթե դա կառավարման հետագա ապակենտրոնացումն է մինչև ինքնորոշված անհատն ու համայնքը, եթե դա մասնակցային ժողովրդավարությունն է, ապա մշակույթը կզարգանա ու կծավալվի այդ անհատների ու համայնքներ մեջ, այդ անհատների ու համայնքների արանքում։ Այս հստակեցումներն ու սահմանազատումները միաժամանակ կպահանջեն միջանձնային ու միջհամայնքային հարաբերություններն ապահովող գործողություններ, այսինքն` հաղորդակցություններ ու թարգմանություններ, ենթադրենք` կերպարվեստագետների ու երաժիշտների համայնքների, կամ` Սյունիքի և Լոռու կերպարվեստագետների միջև: Նույնը և ազգամիջյան կամ միջազգային մակարդակի վրա։ Իրականում, այդ բաժանումները այսօր չէ, որ ստեղծվում են, մենք չէ, որ դրանք ստեղծում ենք, դրանք արդեն իսկ առկա են:

 

- Ինչպե՞ս պիտի կայանան, ստեղծվեն այդ համագործակցություններն ու թարգմանությունները:


  

- Ստեղծելու կարիք չկա: Եթե հարազատությունը` իբրև ինստիտուտ, իշխում է մեզ մոտ, ապա տարածականորեն դրան հաջորդ ինստիտուտը հարևանությունն է: Եթե մեր տանը պատահաբար աղ չի լինում, դիմում ենք, չէ՞,  հարևանին, ինչ-որ մեկը չի կազմակերպում մեր այդ դիմելը: Ասածս այդ տրամաբանության մեջ է:

 

- Իսկ ինչու չեղա՞ն այդպիսի համագործակցություն-հարևանություններ:


- Պետության սխալ միջամտության, տարբեր քաղաքական-գաղափարական թրենդների հետևելու ու նմանակելու պատճառով: 70 տարի խորհրդային ընկերվարական համակարգը, կարծես, խորքային փոփոխություններ մեր հասարակության մեջ չառաջացրեց և անցավ գնաց: Հիմա ապրում ենք հետընկերվարական, հետգաղափարական-հետքաղաքական իրադրության մեջ, և հասարակության գործող բջիջներն իրենք պիտի կարողանան ձևակերպվել, և իշխանության եկած ուժերը պիտի խորքային ձևով հասկանան այս հասարակության կառուցվածքը, կառավարումը համապատասխանեցնեն այդ կառուցվածքին` առավելագույնս զարգացնելով այդ կառուցվածքը: Առևտուրը, հաղորակցությունը, փոխանակությունները շատ կարևոր են մեր մշակույթի համար: Նույնիսկ խորհրդանշական կերպով մեր մշակութային-հոգևոր կյանքում դա նշված է` Թարգմանչաց տոն ունենք: Այդպիսի տոն ոչ ոք չունի: Այս շրջանում ընդհանրապես պետք է գույքագրել` ինչ ունենք, ինչ չունենք, և հատկապես պետք է փորձել ճանաչել մասնագետներին, ովքե՞ր կան, ի՞նչ կարող են նրանք անել:

 

Մարինա Բաղդագյուլյան       

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: