ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակույթ-կոնցեպտ
Խնդիրներ` ջազով. Հարցազրույց ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի հետ
18.12.2018

Խնդիրներ` ջազով

Հարցազրույց ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի հետ.

 

- Ի՞նչ է մշակույթը, ի՞նչ է մշակութային քաղաքականությունը և ո՞րն է մշակութային քաղաքականության մասին Ձեր պատկերացումը:

 

- Զվարճանքի, սպառողական, ֆիզիկական բնազդներ արթնացնող «մշակույթի» դրսևորումներն այնքան են ծավալվել, որ դժվար է մարդկանց բացատրել, որ այն, ինչ լսում են, հենց հակամշակույթ է: Իսկական մշակույթն ազնվացնող է, հոգևորին մոտեցնողն է, ազատություն տվողն է: 20 տարի շարունակ Հայաստանում հետևողականորեն փչացրել են մարդկանց երաժշտական ճաշակը հատկապես հեռուստառադիոեթերից: 20 տարի շարունակ «մշակութային» աղբի քարոզչությունից հետո ես զարմանում եմ, որ ջազային և սիմֆոնիկ համերգներին դեռ գալիս են երիտասարդներ, և ես շատ որախ եմ դրա համար:  Հետևաբար, մշակութային քաղաքականության հիմնական անելիքներից մեկն այս երկուսի զատումն է և զտումը: Մի անգամ մի բարձրաստիճան պաշտոնյա ասաց, որ ռաբիսն էլ իրավունք ունի լինելու: Անշուշտ, ունի: Խոսքը ոչ թե երաժշտական ինչ-ինչ ուղղություններ արգելելու, այլ պետության` մշակութային քաղաքականության միջոցով շեշտադրումներ անելու մասին է: Ոչ մի դեպքում հեռուստաալիքների եթերից չպիտի հնչի ցածրորակ երաժշտություն, որովհետև դրանից հետո հատկապես պատանիները, երեխաները ռաբիսը նույնականացնում են ազգային երաժշտության հետ: Ցավոք, ես ունեմ գործընկերներ, նույնիսկ ջազային երաժիշտներ ընկերներ, որ ստիպված են զվարճանքի երաժշտությամբ օրվա հացի փող վաստակել: Տխուր է: Եվ այդ մարդիկ էլ միշտ չէ, որ ուրախ չեն, որ օրվա պարբերաբար ստիպված են նվագել այդ երաժշտությունը: ԼՂ մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը մի քանի տարի առաջ արգելեց Արցախի համերգասրահներում և եթերում հնչեցնել ռաբիս երաժշտություն: Եվ դրանից ոչ մի վատ բան չպատահեց:

 

- Պարոն Հյուսնունց, Հայաստանի պետական ջազ-նվագախումբը Ճարտարապետների միության դահլիճում է փորձ անում: Հարմա՞ր է այստեղ:


- Շատ հարմար է, բայց նվագախմբի գրպանից ենք վճարում այս դահլիճի համար: Ճիշտ է, արդեն ցուրտ է, բայց լավ դահլիճ է թե' ակուստիկայով, թե' տարողությամբ: Բայց այստեղ էլ ներդրումներ են պետք, որպեսզի դահլիճը համապատասխանի համերգադահլիճ լինելու նվազագույն պահանջներին: Պետական ջազ-նվագախմբի կացությունն ու կեցությունն առանձին թեմա է. վիճակը, անկեղծ ասած, օրհասական է: Աշխատում ենք պարտքով: Կա պետական սուբսիդիա, որն ամեն ամիս միջին աշխատավարձի տեսքով բաշխվում է նվագախմբին:  Հենց տարին սկսվում է, մենք արդեն պարտք ենք, որովհետև մեկ ամսվա աշխատավարձը, ներառյալ հարկերը, ըստ կառավարության որոշման, պարտավոր է վճարել նվագախումբը ակնկալվող արտաբյուջեից: Մեր, ինչպես և մյուս նվագախմբերում ներգրավված են Հայաստանի լավագույն երաժիշտները և նրանք ամսեկան ստանում են միջինը 75 հազար դրամ աշխատավարձ: Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է այս աշխատավարձով ապրել և ընտանիք պահել մեկ ամիս: Բնականաբար, նվագախումբը փորձում է ունենալ արտաբյուջետային աշխատանք, որի հնարավորությունները մեծ չեն, քանի որ Հայաստանում ամեն բան կենտրոնացված է Երևանում, մենք այն երկիրը չենք, որտեղ կարելի է ակտիվ և շահութաբեր հյուրախաղեր ունենալ մարզերում:

 

- 2016 թվականին «Ջազը սահմանին» խորագրով համերգ ունեցաք Շամշադինում: Եվ Դուք շատ գոհ էիք համերգի արդյունքներից:


- Շատ եմ սիրում նվագել մարզային հանդիսատեսի համար: «Շամշադինի Մեղրի և հատապտուղներ» փառատոնը տեղի ունեցավ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ: 2017-ին էլ Ամերիկյան դեսպանատան աջակցությամբ «Հյուսիս-հարավ» երաժշտական ծրագրի շրջանակներում համերգներ ունեցանք Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Սիսիանում, Գորիսում, Ղափանում, Ագարակում, Մեղրիում: Տարվա սկզբին մշակույթի նախարարության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում դարձյալ գնացինք Սյունիք, հասանք Ստեփանակերտ:

 

- Ի՞նչ է ներառում «ծրագրի ֆինանսավորում» ասվածը` հավելյալ աշխատավա՞րձ նվագախմի երաժիշտներին, ընդհանուր ծախսերի թեթևացու՞մ:


- Ֆինանսավորումը ներառում է ճանապարհածախսի, օրապահիկի, տեխնիկայի վարձակալման և փոխադրման ծախսերի հոգածությունը: Ամերիկյան դեսպանատան նախաձեռնած մարզային շրջագայության ժամանակ համերգները ձրի էին` մարդիկ կարող էին առանց վճարելու գալ ու վայելել լավ երաժշտություն: Ըստ «Մշակութային կանգառ»  ծրագրի` մարզերում պետք է տոմսեր վաճառվեին: Բայց մարզերի բնակիչներն ինչպե՞ս կարող են տոմս գնել, երբ 1000 դրամը նրանց ընտանեկան բյուջեում նշանակալի գումար է: Ամեն դեպքում, մարդիկ կարոտած գալիս էին համերգներին, որովհետև անցյալ տարիների ընթացքում անգամ նախընտրական քարոզարշավին մարզեր տանում էին փոփ կամ ռաբիս երաժիշտներ: Ամերիկյան ծրագրի շրջանակներում մարզային երաժշտական դպրոցներում և ուսումնարաններում նաև վարպետության դասեր անցկացրինք: Այդ հանդիպումներն ամռանն էին, և թեպետ աշակերտների, ուսանողների մի մասը քաղաքներում, գյուղերում չէին, բայց դա չխանգարեց հասկանալու, թե ինչ տաղանդավոր, բացառիկ երաժշտական ներուժ կա մարզերում, որը, ցավոք, դեռ անհեռանկար մթնոլորտում է: Վերջերս մշակույթի նախարարի հետ հենց այս թեմայով զրույց ունեցանք: Հիմա մտածում ենք գտնել մի ձևաչափ, որպեսզի մարզերի տաղանդավոր, շնորհալի երիտասարդներին կարողանանք ներգրավել ակտիվ երաժշտական կյանքում: Ափսոս են նրանք: Համոզված եմ, որ մարզային երաժշտական-ստեղծագործական ներուժն ավելի մեծ է, քան երևանյանը, որովհետև մարզերում ավելի բնական կյանքով են ապրում, բայց, ցավոք, չունեն ռեալիզացվելու հնարավորություններ: Մշակութային քաղաքականության կարևոր շեշտադրումներից մեկը մարզային կրթական, կատարողական և ստեղծագործական ներուժի մոտիվացումն ու ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծումը պետք է լինի:

 

- Ասում եք, որ հնարավոր չէ հաճախ կազմակերպել արտերկրյա հյուրախաղեր: Ինչու՞ հնարավոր չէ:


- Այո, նույնիսկ մարզային հյուրախաղերի կազմակերպումն է բարդ, ուր մնաց` արտերկրի հյուրախաղերի նախաձեռնումը: Տրանսպորտ, տեխնիկա, հյուրանոց, սնունդ` ո՞վ է ֆինանսավորելու: Նվագախմբին հատկացված արտաբյուջեի հաշվին ես փորձում եմ կոմպեսացնել երաժիշտների, ադմինիստրատիվ կազմի խղճուկ աշխատավարձը, դահլիճի վարձակալությունը, PR ծախսերը, նյութատեխնիկական բազայի ձեռքբերումը, որովհետև ունցածը շատ հին է և այլն: Իսկ արտաբյուջեի ձևավորումը մեր նվագախմբի պարագայում բարդ է. մենք չենք կարող հարսանիքներում նվագել, հասկանու՞մ եք: Մնում են համերգները: Իսկ դրանք չեն կարող շատ լինել վերը նշած պատճառներով: Վիճակն, իրոք, օրհասական է, չնայած Հայաստանի ջազ-նվագախմբի վարկանիշը շատ բարձր է: Ցավոք, մասնագիտական որակն ու երաժիշտների կեցությունը չեն համապատասխանում:

 

- Ավարտվեց «Երևան ջազ ֆեստ 2018» -ը: Ինչպե՞ս անցավ փառատոնը:


- Այս անգամ փառահեղ հյուր ունեինք` ջազի կենդանի լեգենդ Արտուրո Սանդովալը: Փայլուն համերգ էր: Հայաստանում էր նաև երիտասարդ, շատ հայտնի երգչուհի Չայնա Մոսեսը: Տասն օրվա ընթացքում երեք ծրագիր ենք պատրաստել. սա ֆենոմենալ արագություն է և պրոֆեսիոնալիզմ` առանց կեղծ համեստության եմ ասում: Այս երաժիշտները գալիս են Հայաստան, որի մասին մինչ իրենց գալը չգիտեին և չէին պատկերացնում, որ այստեղ կարող է նման բարձրակարգ նվագախումբ լինել: Փառատոնի վերջում համատեղ համերգ եղավ Օլեգ Լունդստրեմի անվան ջազ-նվագախմբի հետ. սա ռուսական ամենահայտնի նվագախմբերից է, որ Լունդստրեմն է ձևավորվել 1934 թվականին: Իսկ Հայաստանի ջազ-նվագախմբի հիմնադրման 80-ամյակն էր: Երկու լեգենդար նվագախմբերի համատեղ ելույթը դարձավ բարձրակարգ երաժշտական տոն: Շատ եմ կարևորում «Երևան ջազ ֆեստը», այն շատ կարևոր մշակութային միջոցառում է:

 

- Այսինքն, տարին մեկ անգամ հնարավորություն կա հյուրընկալելու և շփվելու բարձրակարգ երաժիշտների հետ:


- Այո: Բայց դա շատ քիչ է: Կուզեի այդ շփումն ավելի պարբերական բնույթ:

 

- Իսկ ջազ-նվագախումբն ի՞նչ պարբերականությամբ է արտերկրում համերգային այցեր ունենում:


- Մեծ ճիգերով դա հաջողվեց անել 2017 թվականին` 4 համերգ Ռուսաստանում, իսկ այս տարի` ամռանը, հաջողվեց հաջողվեց կազմակերպել ջազ-նվագախմբի համերգային մասնակցությունը Մերձբալթյան հեղինակավոր ջազ-փառատոների շրջանակներում չորս ելույթով: Վերջին անգամ այդպիսի համերգաշար ունեցել է 1988 թվականին Օրբելյանի նվագախումբը, որի կազմում ես էլ էի ընդգրկված: Եվ ահա, 29 տարի անց նվագախումբը շրջայց է ունենում Սոչի, Ռոստով,  Կրասնոդար, Մոսկվա քաղաքներում: Համերգաշարը կազմակերպվեց ռուստաստանաբնակ Հրանտ Խանջյանի նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության մասնակի աջակցությամբ: Հրանտ Խանջյանը, ճանաչելով մեր նվագախմբի ներուժն ու որպես հայ նախանձախնդիր լինելով մեր ջազ-նվագախմբի, առհասարակ հայկական ջազի հանրաճանաչմանը, կազմակերպեց այդ համերգաշարը: Հրանտը Մոսկվայում շատ հայտնի ջազ ակումբի հիմնադիրն է և տնօրենը, մեծ հեղինակություն ունի ռուսական ջազային դաշտում: Մինչ այդ, իհարկե, եղել են համերգային այցեր, բայց ոչ համերգաշարի ձևաչափով:

 

- Ինչու՞ ժամանակային այդպիսի մեծ դիստանցիայից հետո կազմակերպվեց համերգային շրջայցը: Ինչու՞ հաճախ չի կազմակերպվում: Դա կարող է եկամտաբեր լինել թե' նվագախմբի, թե' նախաձեռնողի համար:


- Ամենամեծ խնդիրը տեղափոխության հարցն է: Փառատոներից շատ-շատ են հրավերները, բայց այն պայմանով, որ մենք մեր միջոցներով հասնենք տվյալ երկիր, մնացածն իրենք կհովանավորեն: Փառատոները հիմնականում ամռանն են, այդ ընթացքում ավիատոմսերը թանկանում են, և 26-27 երաժշտի տոմսերի ձեռքբերումը, երաժշտական գործիքների տեղափոխությունը մեծ գումար է կազմում: Մենք ունենք երաժշտական արտադրանքն արտահանելու խնդիր, որը համակարգային լուծում է ենթադրում: Ափսոս են երաժիշտները: Պտուղը հասնում է` պիտի քաղես, արտահանես ու վաճառես: Հակառակ դեպքում փչանում է պտուղը: Ամենաեկամտաբեր նախագծերն անգամ ստարտի կարիք ունեն:

 

- Նախկինում ջազ-նվագախումբն ձայնագրվում էր «Տերյան» ստուդիայում: Հիմա, երբ սեփականաշնորհվել է «Տերյան» ստուդիայի շենքը, որտե՞ղ է ձայնագրվում ջազ-նվագախումբը:


- Չենք ձայնագրվում: Իսկ «Տերյան» ստուդիայի շենքի սեփականաշնորհման պատմությունն այդպես էլ մութ մնաց: Իբրև այդ ստուդիային փոխարինող` վերանորոգեցին, թարմացրին Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիան: Բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով, ճիշտն ասած, այդ ստուդիայում ձայնագրություններ անելու հնարավորություն դեռ չեմ տեսնում:

 

- Ե՞րբ է ջազ-նվագախումբը վերջին անգամ ձայնագրվել:


- Անցյալ տարի ամանորից առաջ մեկ «սինգլ» ձայնագրեցինք Քանաքեռի ստուդիայում:

 

- Հարմա՞ր ստուդիա է նվագախմբի ձայնագրման համար:


- Կիսով չափ:

 

-  Պարոն Հյուսնունց, 1998-ին հիմնադրվեց «Armenian Navy Band»-ը: 2000-ին խումբը գնաց եվրոպական շրջագայության և մեծ հաջողություններ ունեցավ: Ավանգարդ ֆոլկը, որն իր հետ բերեց խումբը, իր ազդեցությունը թողեց ժամանակակից ջազային խմբերի վրա: Հիմա խումբը, ըստ էության, չի գործում: Ինչու՞:


- Օբյեկտիվ և սուբյեկիվ պատճառներով: ANB-ն շուրջ 10 տարի ակտիվ շրջագայում էր, միջազգային ամենապատվավոր փառատոներում բարձրացնում էր հայկական դրոշը. պետությունը երբեք դրանից տեղյակ չի եղել և երբեք չենք ունեցել պետական աջակցություն նույնիսկ ամենապարզ հարցերում: Նույնը եղել է «Time Report»-ի, «Կատուների» դեպքում: Եթե լիներ լրացուցից պետական աջակցություն, ապա գուցե այս խմբերն ավելի երկար կյանք ունենային, և սուբյեկտիվ պատճառները երկրորդական պլան մղվեին: Երբ խումբը ինքնագործունեության, ինքնակազմակերպման հիմքի վրա է լինում, շատ հարցեր կախված են լինում հենց սուբյեկտիվ պատճառներից, անձնական հարաբերություններից: Իսկ սուբյեկտիվ պատճառների մասին իմաստ չկա բարձրաձայնելու. հայ ենք, ամեն տեղ էլ խնդիրներ լինում են: Ինչ վերաբերում է էթնո-ջազին, ապա չեմ կարող ասել, թե հենց «Armenian Navy Band»-ն էր, որ առաջինը բերեց ասպարեզ: Պարզապես խումբը շռնդալից, մեծ ծավալով և նոր որակով տարածեց այդ երաժշտությունը:

Ես առաջիններից էի, որ նախանձախնդիր էի նույնիսկ ջազ երաժշտության մեջ ազգայինն ընդգծելուն: Բայց եկավ մի պահ, երբ հասկացա, որ մարդիկ հաճախ էթնո-ջազ են նվագում ուղղակի մոդայի համար: Տարիներ առաջ լինելով էթնո-ջազի տարածողներից ու ջատագովներից մեկը` ես, ճիշտն ասած, հագեցա դրանից: Երբեմն վեճեր են լինում դասական և էթնո-ջազային երաժիշտների միջև, թե որն է իսկական ջազը: Ես չեմ խառնվում այդ վեճին, քանի որ ինձ համար ջազն ավելին է, քան զուտ ժանրը:

 

- Երևանյան երաժշտասերներն այսօր ջազ լսում են ակումբներում: Իրականում ի՞նչ երաժշտություն է հնչում այդ ակումբներում: Երևանում կա՞ն ջազ-ակումբներ:

 

- Երևանում չկա միջազգային չափանիշներին համապատասխան ջազ-ակումբ: Կան ակումբներ, որտեղ երբեմն հնչում է ջազային, իսկ հիմնականում` «ա լա ջազային» երաժշտություն, որը իրականում ժամանցի երաժշտություն է և առնչություն չունի իսկական ջազի հետ: Միջազգային չափանիշներին համապատասխանող ջազ-ակումբում ամեն օր պիտի հնչի ջազ երաժշտություն, այդտեղ պիտի գան զուտ ջազ լսելու համար, ոչ թե խմելու, խոսելու, աղմկելու, երևալու համար: Կարծում եմ` կատարյալ ջազ-ակումբի գլխավոր պայմանը հրավիրյալ երաժիշտներն են. նվագող խմբերը պարբերաբար պետք է փոխվեն, այլապես ակումբը կվերածվի ռեստորանի: Էլ չեմ ասում, որ իսկական ջազային ակումբ ունենալու համար պետք է պատրաստված ունկնդիր ունենալ: Տասնյակ տարիներ առաջ առիթ ունեցել եմ երևանյան ակումբներից մեկում նվագել ու տեսել եմ, թե ինչպես են ունկնդիրների մեծ մասը տառապում, քանի որ կապ չունեին այդ երաժշտության հետ, ուղղակի եկել էին, որովհետև լսել էին, թե այդ ակումբ գալը մոդայիկ է` պիտի գան, մրգերի տեսականի պատվիրեն, կոնյակ խմեն ու տառապեն: Անշուշտ, երևանյան տարբեր ակումբներում պարբերաբար հնչում է որակյալ ջազ, բայց չի կարել դրանք կոչել ջազ-ակումբներ:

 

- Ասում եք, որ մարզերում ավելի գրագետ, շնորհակալ և պատրաստված հանդիսատես է, քան մայրաքաղաքում: Ինչո՞վ է դա պայմանավորված, չէ՞ որ մայրաքաղաքում, այնուամենայնիվ, մշակութային կյանքն անհամեմատ աշխույժ է:


- Երևանում երաժշտական այլընտրանքն ավելի մեծ է, դրա հետ մեկտեղ մոլորվելու շանսերն են մեծ: Խաբկանքը, կեղծը շատ է: Շոուն և ցուցադրականությունը շատ է: Կեղծի և իսկականի եզրագծերը լղոզված են: Սրանք այն խնդիրներն են, որոնց մասին խոսեցի Ձեր առաջին` մշակույթի և մշակութային քաղաքականության մասին հարցում: Իսկ մարզերը, մշակութային  կյանքի պասիվությամբ պայմանավորված, զերծ են մնացել դրանից: Մարզային մեր համերգներին ներկա էր հիմնականում սովետական սերունդը: Խորհրդային տարիներին Հայաստանի լավագույն նվագախմբերը հասնում էին անգամ ամենահեռավոր գյուղերը, և մարդիկ մինչև այսօր հիշում ու կարոտում են որակյալ երաժշտություն, նրանց ականջը ճանաչում է իսկական մեղեդին: Երիտասարդություն էլ կար, բայց ավելի շատ միջին սերունդն եմ հիշում: Կուզեի քաղաքում շատ լինեին բացօթյա համերգներ և հնչեր լավ երաժշտություն. ցավոք, տոնական համերգներին հաճախ այնպիսի երաժշտություն է հնչում, որ ավելի լավ է չլիներ այդ համերգը:

 

- Պարոն Հյուսնունց, իմ վերջին հարցը գուցե տեսական բնույթ ունի. համաշխարհային պատմության մեջ ջազը` որպես երաժշտական ժանր, քաղաքական խնդիր է լուծել: 1920-ական թվականների ընթացքում, երբ ջազային երաժշտությունը դարձավ ամերիկյան ժողովրդական մշակույթի անբաժանելի մասը, ներթափանցեց հասարակական ամնատարբեր շերտեր` առաջին` Աֆրիկյան ամերիկացիների կարգավիճակը բարձրացավ` պայմանավորված աֆրոամերիկացիների երաժշտության` ջազի տարածման շնորհիվ: Ջազն աշխարհահայցքային ու հասարակական խնդիր լուծեց` այն, ինչ համարվում էր «ներքին մշակույթ», բարձրացավ «վերև» ու դարձավ ցանկալի ապրանք. պատմության մեջ առաջին անգամ փոքրամասնության մշակույթը դարձավ մեծամասնության ցանկությունը: Ջազն ազդեց նորաձևության վրա` տղամարդկանց շալվարներն ու կանանց մազերը կարճացան: Ջազը պոեզիայի վրա ազդեց`1920-ականներին ջազն ու պոեզիան միաձուլվեցին, և ստեղծվեց ջազային պոեզիայի ժանրը: Հայաստանում արդեն 1930-ականներին հայտնվեցին համույթներ, որոնք ջազ էին նվագում` Ցոլակ Վարդազարյան, Առնո Բաբաջանյան, Արտեմի Այվազյան, Կոնստանտին Օրբելյան և այլք: Հայկական ջազը 80 տարեկան է: Ինչ խնդիր լուծեց ջազը Հայաստանում և ինչ խնդիրներ կարող է լուծել:


- Ջազը Հայաստանում էլ քաղաքական հարց լուծեց` Սովետական կայսրության հետ հարցերը, ըստ իս, ջազով լուծվեց: Ջազի ներթափանցումը Խորհրդային Հայաստան շատ գիտակցված քայլ էր: Ես չեմ ուզոմ քաղաքականացնել ջազը, բայց մշակութային դաշտում ժամանակակից երաժշտության ամենաակտուալն է ջազային մտածողությունը, ջազային մոտեցումը: Այսօր ջազը զուտ ամերիկյան մշակույթ չէ, այսօր այն ցանկացած էթնոսի, ցանկացած անհատականության անսահման հնարավորություններ, ստեղծագործական տարածություն է տալիս ռեալիզացվելու և միաժամանակ թույլ է տալիս պահպանելու ինքնությունը: Ջազում բոլորը տեղ ունեն` անկախ սեռից, ազգությունից, կրոնից: Եթե իսկապես ջազի մեջ ես, նվագում ես այն, ինչ ապրել ես. հայհոյեցիր` հայհոյանքդ սպրդալու է: Ջազը համամարդկային-ազգային երաժշտություն է, անշու'շտ` ազգային, բայց նախ` համամարդկային. լինի եկեղեցի, լինի կուսակցություն, լինի մշակույթ` հենց ազգայինը դառնում է գերիշխող, այդտեղ սկսվում է ֆաշիզմը: Ջազը հնարավորություն է լինելու համաշխարհային երաժշտության մասնակիցը:

 

Մարինա Բաղդագյուլյան     

 

 

 

 

 

Վերադառնալ
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: