ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակույթ-կոնցեպտ
Հարցազրույց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, Պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի և Մայր Աթոռի Ռուբեն Սևակ թանգարանի տնօրեն Սևակ քահանա Սարիբեկյանի հետ
07.11.2018

Հայկական միջնադարը «Մետրոպոլիտեն» թանգարանում

Հարցազրույց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, Պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի և Մայր Աթոռի Ռուբեն Սևակ թանգարանի տնօրեն Սևակ քահանա Սարիբեկյանի հետ.

 

- Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում, սեպտեմբերի 22-ին կայացավ «Հայաստան» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին 140 ցուցանմուշներ Մատենադարանից, Հայաստանի պատմության թանգարանից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Ցուցահանդեսը ներառում էր հայկական մշակույթի միջնադարյան ժամանակաշրջանը` 4-17-րդ դարեր: Ինչո՞վ է պայմանավորված այս հետաքրքրությունը և ինչու՞ է ընտրվել հատկապես միջնադարը:


Գրիգոր Գրիգորյան. - Նախ՝ թանգարանների համագործակցության պրակտիկայում ցուցահանդեսը կազմակերպող կողմին է պատկանում  նյութի նախընտրության իրավունքը: Այս խնդրում վերջինս առաջնորդվում է  իր ընթացիկ ծրագրերի տրամաբանությամբ և իր այցելուների նախասիրությունների և սպասումների  ճշգրիտ հաշվարկով՝ ապահովելու հնարավորինս մեծաքանակ մուտքեր: Այս նկատառումով էլ արված է «Հայաստան» ցուցահանդեսի գլխավոր համադրողի՝ Հելեն Էվանսի  ընտրությունը, ով բյուզանդագետ է, հայկական մշակույթի միջնադարյան շրջանին՝ հատկապես  ձեռագրերին քաջածանոթ գիտնական, ով ի զորու է և իրավասու  IV –XVII դարերի մշակույթի համայնապատկերում վեր հանել ու ընդգծել հայկական մշակույթի ինքնության առանձնահատկությունները: Այս մտահղացքով է կատարված ցուցահանդեսում ներկայացված` Մատենադարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Հայաստանի պատմության թանգարանից փոխառված նյութի ընտրությունը: Այն է՝ ի ցույց դնել հայկական մշակույթի անշփոթելի ինքնությունը և ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Տեր Սևակ - Հայ միջնադարյան արվեստն իր ճարտարապետական, գեղագիտական նրբություններով ամբողջությամբ քրիստոնեական է և լինելով առաջին քրիստոնեացած երկիր` ոչ միայն անմասն չմնաց միջնադարյան քրիստոնեական մշակույթից, այլ, ընդհակառակը, ձևավորեց մի ինքնուրույն, հարուստ ժառանգություն` սկսյալ քառակող կոթողներից, սրբոց մասունքների պահարաններից, Դվինից և Անիին հասած կիրառական և հաստոցային առարկաներից, ճարտարապետական և խաչքարային արվեստից, Կիլիկյան Հայքի նրբագեղ մանրանկարներից և ոսկերչական առարկաներից, որ նախահիմք դարձան եվրոպական վերածնունդին: Հայ հզոր առևտրականների շնորհիվ, որ մի տեսակ մշակութային միջանցք էին ապահովում միջնադարյան Եվրոպայի և Արևելյան երկրների միջև, հայոց գրատպությունը ԺԶ դարից սկսյալ աշխարհում առաջիններից տարածվեց տարբեր ծագերում` Ամստերդամից հասնելով մինչև Հնդկաստան: Հիշելի են նաև հայկական խեցին, գործվածքներն ու եկեղեցական հանդերձանքը: Եվ այս ամենն անթաքույց  կերպով կան ի շարս հռոմեաբյուզանդական և եվրոպաան մշակույթի կողքին` որպես ինքնատիպ և ինքնուրույն ճյուղ և արվեստ:

Վ. Տեր-Ղևոնդյան - Նախ նշենք, որ բացի արդեն հիշատակված հայաստանյան երեք հաստատություններից, իրենց մասնակցությունն են բերել նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը և մի ամբողջ շարք մեծ ու փոքր թանգարաններ և անհատական հավաքածուներ Եվրոպայից, ԱՄՆ-ից ու Մերձավոր Արևելքից:

Այսպիսի ցուցադրություն ԱՄՆ-ում երբեք չի եղել, թեև «Մետրոպոլիտեն» թանգարանը դեռևս 15-20 տարի առաջ ունեցել է նման մտադրություն: Սակայն վերջին 4-5 տարում արդեն հայկական կողմի ջանքերով է, որ այդ գաղափարը գործնական ընթացք ստացավ և, ի վերջո, իրականացավ: Ցուցադրության շեշտադրությունը հայկական քրիստոնեական մշակույթն է: Հենց սկզբից շեշտվում է, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է: Այդ նույն տրամաբանությամբ էլ ներկայացված են ցուցանմուշները 4-5-րդ դարերից մինչև 17-18-րդ դարեր: Ցուցադրության համադրող բյուզանդագետ, հայագետ Հելեն Էվանսը տարիներ առաջ աշխատել է Մատենադարանում և գիտական աշխատություն է գրել` նվիրված հայկական մանրանկարչությանը: Չէի ցանկանա ցուցադրությունն ու հայկական մշակույթի ընտրված ժամանակահատվածը կապել միայն մեկ անձի գործոնի հետ, բայց Հելեն Էվանսի դերը մեծ է եղել այս գործում: Կարծում եմ` այս ցուցադրությունը հաջողված էր նաև այն առումով, որ համադրողները ցույց տվեցին հայկական մշակույթի դերն ու նշանակությունը քրիստոնեական համատեքստում և, մյուս կողմից` հայկական մշակույթի` մանրանկարչության, ձեռագրական արվեստի, արձանագործության, խաչքարերի, սուրբ մասունքների յուրօրինակությունն ու ինքնատիպությունը: Այստեղ Հայաստանն ու հայկական մշակույթը դիտարկված են Բյուզանդիայի, Մերձավոր Արևելքի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ ունեցած առևտրական և մշակութային բազմաբնույթ կապերի, առնչությունների համատեքստում:

 

- Ընդհանուր առմամբ ինչպե՞ս ընթացավ ցուցադրությունը, ի՞նչ արձագանքներ եղան, համագործակցության նոր առաջարկներ եղա՞ն:


Գրիգոր Գրիգորյան - Վաղ է խոսել այդ մասին, քանի որ ցուցահանդեսի տևողությունը,  ինչպես գիտեք, նախանշված է 2018թ սեպտեմբերի 21-ից  մինչև 2019թ.հունվարի 13-ը: Ավարտվելուց հետո մենք՝ Մետրոպոլիտենի թանգարանի հետ կնքված պայմանագրով, կստանանք ցուցահանդեսի հետ կապված ամբողջ մամուլը:  Առայժմ դատելով հրապարակված նյութերից՝  կարելի է միանշանակ  արձանագրել բացառիկ հաջողության փաստը:

Վ. Տեր-Ղևոնդյան - Համենայն դեպս, սկզբնական օրերի հսկայական հոսքին ինքներս ենք ականատես եղել, և եթե այդ նույն միտումը պահպանվի, ապա ցուցահանդես կայցելի շուրջ մեկ միլիոն մարդ (համեմատության համար ասեմ, որ 2017-ին Մատենադարան է այցելել 108 հազար այցելու): Արդեն իսկ տպված են հոդվածներ «Նյու Յորք Թայմզ», «Վաշինգտոն Փոստ», «Հերալդ Թրիբյուն» թերթերում, որտեղ շատ բարձր է գնահատված «Հայաստան» ցուցադրությունը: Հայկական ցուցանմուշների ցուցադրության համար հատկացված է 2000 քառակուսի մետր տարածք, որն, ըստ նյութի և ժամանակաշրջանների, շարժական պատերով բաժանված է 7-8 սրահների. վերջին սրահում ուշ միջնադարյան ցուցանմուշներն են, այդ թվում հնատիպ գրքերը:

Ինչ վերաբերում է համագործակցության նոր առաջարկներին, ապա նման ցուցադրությունների պարագայում ռեալ չէ մեկ տարի անց նոր բան կազմակերպելը: Այո, առայժմ վաղ է խոսել այդ մասշտաբի նոր ցուցադրության մասին:

 

- Որքան հայտնի է` ցուցադրության ֆինանսական ծախսերը հոգացել է հյուրընկալող կողմը:

 

Վ. Տեր-Ղևոնդյան - Ծախսերի զգալի մասը` և' ցուցադրության ծախսերը, և' ցուցանմուշների ապահովագրման ու տեղափոխման, և' կատալոգի հրատարակման համար, արվել է ամերիկյան և հատկապես ամերիկահայ տարբեր կազմակերպությունների և անհատների` առաջին հերթին Հակոբ Գևորգյան ֆոնդի, ինչպես նաև Նյու Յորքի Կարնեգի հաստատության, Հայ բարեգործական ընդհանուր միության, Գիորգի ընտանեկան հիմնադրամի, Կարագյոզյան հաստատության, Նազար և Արտեմիս Նազարյաններ Ընտանիքի, Կուլհանջյան ընտանիքի, Հրայր Հովնանյանի, Ռուբեն Վարդանյանի, Ասո Դավիդյանի, Դոլորես Զոհրաբ Լիբման հիմնադրամի և ուրիշների նվիրատվություններով: Առանց այս հաստատությունների և առանձին անհատ ներդրողների օգնության այս ցուցադրությունը չէր կայանա: Ի դեպ, նշեմ, որ բացի հայաստանյան և սփյուռքյան վեց խոշոր հաստատություններից 1-2-ական նմուշներ բերված էին Լոս Անջելեսի «Գեթթի», Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան», Բոստոնի, Դիտրոյթի և մի շարք այլ թանգարաններից:

Հետաքրքիր էր որ նույն գրչության կենտրոնում ստեղծված, կամ նույն մանրանկարչի ձեռքով նկարազարդված, բայց տարբեր, երբեմն իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու տեղերում պահվող ձեռագրերը այստեղ հայտնվել էին կողք-կողքի: Օրինակ, մենք Մատենադարանից տարել էինք Սարգիս Պիծակի մանրանկարներով մի ձեռագիր, Սարգիս Պիծակի մեկ այլ ձեռագիր մատյան բերվել էր Վենետիկի Մխիթարյան միաբանությունից, և այդ երկու մատյանները «Մետրոպոլիտենում» հայտնվել էին կողք-կողքի, ինչը էմոցիոնալ յուրահատկություն հաղորդեց ցուցադրությանը: Նաև` անհատական հավաքածուներից բացառիկ նմուշներ կային, օրինակ` առաջին անգամ ցուցադրվեց Մշո Սուրբ Կարապետ վանքի 13-րդ դարի փայտե դուռը:

 

- Ինչպե՞ս է այդ դուռը հայտնվել անհատական հավաքածուում: Ազգությամբ հա՞յ է:


Վ. Տեր-Ղևոնդյան - Ոչ հայ չէ: Համեմատաբար վերջին տարիներին այդ դուռը դրվել էր աճուրդի: Հայ անհատները կամ կազմակերպությունները, ցավոք, այն չէին գնել, և այս բացառիկ նմուշը հայտնվել էր մեզ անհայտ մի անձի  անհատական հավաքածուում, որը բարեբախտաբար նման պարագայում համաձայնվել էր այն տրամադրել ցուցադրության համար:

 

- Հելեն Էվանսը, ցուցադրության շրջանակներում խոսելով հայկական մշակույթի մասին, նշեց, որ Հայաստանի վերահսկումը առևտրային ճանապարհներին տարածաշրջան բերեց հայերեն տպագիր գրքեր և որ, առհասարակ, Հայաստանը կարևոր գործոն էր ոչ միայն առևտրաշրջանառության, այլև մշակույթների փոխազդեցությունների տեսակետից: Ինչու՞ էր Հելեն Էվանսը շեշտում այդ փաստը, ինչո՞վ էր դա պայմանավորված:


Տեր Սևակ - Հելեն Էվանսի համար հետաքրքրության առիթ էր հանդիսացել տարբեր քարտեզներում նշվող հայ առևտրականների վերահսկումը առևտրային ճանապարհներին, կիլիկյան մանրանկարներում նկարված և այդ օրերում օգտագործված տարբեր չինական և եվրոպական կտորները և դրանց համադրությունը: Հայաստանը, լինելով միջանցք Եվրոպայի և Ասիայի միջև, կարևոր գործոն էր ոչ միայն առևտրաշրջանառության, այլև մշակույթների փոխազդեցությունների միջև, իսկ Հայ Եկեղեցին, ունենալով բազում թևեր հզոր առևտրային քաղաքներում, ուներ նաև կանոնակարգված ծուխ և համայնք, ինչը հեշտացնում էին հայ առևտրականների տեղաշարժերը:

Վ. Տեր-Ղևոնդյան - Հայկական գործոնը, թեկուզ առանց պետականության, բայց բավականին լուրջ դեր է խաղացել ոչ միայն միջազգային առևտրի մեջ: Խոսենք օրինակներով` Նոր Ջուղան սոսկ քաղաք չէր իր հարակից գյուղերով: Նոր Ջուղայի բնակիչները, ունենալով առևտրային հարաբերություններ ու նաև որոշակի արտոնություններ, հսկայական կապիտալ կուտակեցին, և երբ Իրանում քաղաքական իրավիճակը վատացավ, նրանց մի մասը տեղափոխվեց այլ երկրներ, որոնց հետ նախկինում էլ առևտրային կապեր ունեին` հիմնելով հնդկահայ, հոլանդահայ, ռուսահայ, իտալահայ գաղութները, որտեղ նրանք լուսավորչական և մշակութային լայն գործունեություն ծավալեցին: Վերջիվերջո, ուշ միջնադարի` 16-17-18-րդ դարերի ձեռքբերումները, մշակութային հաջողությունները կապվում են հայ վաճառականների անվան հետ: Նրանք հիմնեցին տպարաններ, դպրոցներ, կառուցեցին եկեղեցիներ:

Վերջերս Մատենադարանում հայ-ֆրանսիական կապերին նվիրված ցուցադրություն եղավ, որը պատմում էր նաև Ֆրանսիայում այդ նույն դարերում տարածված «հայասիրության» ալիքի կամ այսպես կոչված հայկական նորաձևության մասին: Օրինակ` պահպանվել է Ժան-Ժակ Ռուսոյի նկարը հայկական տարազով: Դժվար է ասել, թե դա տիպիկ հայկական տարազն է, բայց տարածողները եղել են հայ վաճառականները: Նույն հայ վաճառականների դեգերումների շնորհիվ է, որ Արևմտյան Եվրոպայի մի շարք քաղաքներում բացվեցին առաջին սրճարանները, կամ` մետաքսը հայտնվեց Հարավային Ֆրանսիայում: Դարձյալ հայ վաճառականների աջակցությամբ էր, որ 1666-1668 թթ. Ոսկան Երևանցու ջանքերով Ամստերդամում հրատարակվեց առաջին տպագիր հայերեն Աստվածաշունչը 5000-ի հասնող` այն ժամանակվա համար  ֆանտաստիկ տպաքանակով, որտեղ օգտագործված են գերմանացի և հոլանդացի լավագույն նկարիչների աստվածաշնչյան պատկերազարդումները: Հետագայում այնտեղ տպագրվեց նաև Երկրագնդի հայերեն առաջին քարտեզը, ինչը նույնպես հայ վաճառականների մեծ ներդրումների արդյունքն է:  Այդ վաճառականները մի կողմից հայկական մշակույթին, դպրոցին հսկայական աջակցություն էին ցույց տալիս, մյուս կողմից կապող օղակ դառնում հայերի և արևմտաեվրոպական ժողովուրդների, Հնդկաստանի, Անգլիայի, Ռուսաստանի միջև:

 

- Ի~նչ բարեբախտություն էր, որ միջնադարում ունեինք այդպիսի վաճառականներ, որոնք գիտակցում և կատարում էին այդպիսի մեծ լուսավորչական գործունեություն:


Վ. Տեր-Ղևոնդյան- Երանի այսօրվա մեծահարուստները միջնադարյան մեծահարուստների գոնե կեսի չափ ունենային նվիրում և ազգային մշակույթի գիտակցություն:

 

- Ի՞նչ եք կարծում` պետական մշակութային օրենսդրական քաղաքականությամբ հնարավո՞ր է ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող անհատներին առաջարկել մշակութային ոլորտներում նպատակային ներդրումներ անել:


Վ. Տեր-Ղևոնդյան -  Օրենսդրական բարեփոխումներով, իհարկե, հնարավոր է: Օրինակ, ԱՄՆ-ում հսկայական միջոցներ են ներդրվում մշակույթի, կրթության, գիտության և առողջապահության բնագավառներում: Այնտեղ օրենքը թույլ է տալիս այդ բնագավառներում բարեգործական ծրագրեր իրականացնելու պարագայում այդ նույն չափով նվազեցնել իրենց վճարելիք հարկերը: Եթե Հայաստանում ևս նպաստավոր պայմաններ ստեղծվեն` բարեգործությունը կստանա երկարաժամկետ բնույթ, կստեղծվեն այսպես կոչված մնայուն, անձեռնմխելի ֆոնդեր, որոնց մայր գումարը կմնա անձեռնմխելի, իսկ տարեկան տոկոսները երկար ժամանակով կօգտագործվեն որոշակի նպատակի համար: Մեզ նման ոչ հարուստ երկրի համար սա միակ ուղին է աջակցելու համար գիտական կենտրոններին, թանգարաններին, համալսարաններին և առողջապահական հիմնարկներին:

Օրինակ, Մատենադարանում տարեկան 10-15 գիրք ենք հրատարակում: Դրանք հիմնականում գիտական մենագրություններ են: Միաժամանակ անհրաժեշտություն է գունավոր պատկերներով և տպագրական բարձր որակով ալբոմների հրատարակությունը: Բայց նման մեկ ալբոմի հրատարակությունը կխլի 10 մենագրության գումար` մեզ զրկելով ուսումնասիրողների տարիների հետազոտական աշխատանքի արդյունքը հրապարակելու հնարավորությունից: Ուստի ակնհայտ է, որ նման ալբոմների համար անխուսափելիորեն պետք է դիմենք անհատ բարերարներին կամ բարեսիրական կազմակերպություններին:

Նույնը վերաբերում է օրինակ վերականգնման աշխատանքներին: Մատենադարանում գործում է միջազգային մակարդակի ռեստավրացիայի բաժին, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Ցավոք, հայաստանյան որևէ ԲՈՒՀում չկա ռեստավրացիայի բաժին, որտեղ կարելի է ձեռք բերել այս մասնագիտությունը և տարբեր մասնագիտության տեր մարդիկ` քիմիկոսներ, կենսաբաններ, նկարիչներ հենց տեղում` Մատենադարանում, տարիների ընթացքում, ավագ գործընկերների աջակցությամբ և սեփական փորձով հմտանում են ու յուրացնում այդ մասնագիտությունը: Մեր ունեցած բյուջեի սահմաններում, տարեկան վերականգնվում է որոշակի թվով ձեռագիր ու վավերագիր: Բայց կան վերականգնման կարիք ունեցող խոշոր չափերի և արժեքավոր ձեռագրեր, որոնց վերականգնման աշխատանքների վրա կծախսվեն 10 «սովորական» ձեռագրերի համար նախատեսված գումար և այդ գումարը, որ կարող է հասնել տասնյակ հազարավոր դոլարների, բնականաբար, դուրս է մեր բյուջեի հնարավորություններից: Ահա այստեղ ևս անհրաժեշտ է բարերարների աջակցությունը, որի լավագույն ձևը ինչպես արդեն նշեցի, մնայուն, անձեռնմխելի ֆոնդերն են: Էլ չեմ խոսում տարբեր անհատների կողմից վաճառվող կամ աճուրդներում վաճառքի դրվող ձեռագրերի ու վավերագրերի մասին, որոնք եթե հենց այդ պահին ձեռք չբերվեն` անցնում են անհայտ մարդկանց ու ցրվում աշխարհով մեկ:

 

- Հնարավոր չէ՞ մտածել այնպիսի ծրագրեր, որոնք Մատենադարանը կդարձնեն ինքնաբավ կառույց:


Վ. Տեր-Ղևոնդյան - Մոտ ապագայի համար դա իրատեսական չէ: Տոմսերի վաճառքը և ընդհանրապես արտաբյուջետային մուտքերը հասնում են մեր ծախսերի հազիվ մեկ քառորդին: Հետևաբար, առանց պետական ֆինանսավորման և ընդհանրապես պետական լուրջ հոգածության ու աջակցության մենք վտանգի տակ կդնենք մեր ազգային մեծագույն արժեքները: Մատենադարանը հսկա համալիր է, և միայն հսկողությունը, ամռանը զովացնելը, ձմռանը ջեռուցելը, մաքրությունը, շրջակայքի պահպանությունն ու բարեկարգումը, աշխատավարձերն /Մատենադարանը 340 աշխատող ունի/ արդեն իսկ մեծ ծախսեր են պահանջում: Իհարկե, դիմում ենք նաև դրամաշնորհների համար, և այդ գումարները ծախսվում են շատ կոնկրետ, թեմատիկ հարցերի լուծման համար: Կոմերցիոն ծրագրերի իրականացումը բարդ է, որովհետև, վերջիվերջո, սա գիտական հիմնարկ է, և աշխատում ենք ընդունելիի սահմանը չանցնել. մենք չենք կարող մեր նիստերի դահլիճը տրամադրել, ասենք, գինու շնորհանդես անցկացնելու կամ համերգ կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է տոմսերի վաճառքին, ապա այստեղ ևս սահմանափակումներ կան: Եվրոպայից կամ ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկի համար առանձնապես տարբերություն չկա` երկու դոլար կվճարի, թե` չորս: Բայց Հայաստանի քաղաքացիների համար, դա մեծ նշանակություն ունի: Միաժամանակ, արտասահմանցիների և ՀՀ քաղաքացիների համար տարբեր գներ սահմանելը ճիշտ չեմ համարում:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

 

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի


Վերադառնալ
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: