ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակույթ-կոնցեպտ
Ազատ ստեղծագործող և օրենք. հարցազրույց երաժիշտ, երգահան Վահան Արծրունու հետ
24.10.2018

Ազատ ստեղծագործող և օրենք. հարցազրույց երաժիշտ, երգահան Վահան Արծրունու հետ

- Պարոն Արծրունի, ի՞նչ է մշակույթը և ո՞րն է մշակութային քաղաքականության մասին Ձեր պատկերացումը: 


- Մեր ազգի պարագայում մշակույթն այն բանաձևն է, որն օրինաչափում է մեր ազգային ինքնությունը: Այսինքն, դա այն լծակն ու միջոցն է, որը թույլ է տալիս ընկալել սեփական ինքնությունը, մշակութային տեսակը, երկրորդ` տարբերվել մնացած մշակույթներից: Այս առումով պետության հիմնական գործառույթներից մեկն այդ մշակույթի և այդ բանաձևի հանրահռչակումն է ոչ միայն երկրի ներսում, այլև` դրսում: Վերջերս Ֆրանկոֆոնիայի ֆորումի ականատեսը եղանք, և դա պետական մոտեցման փայլուն օրինակ էր: Աշխարհի տարբեր պետություններ միավորվեցին մշակութային մի ձևաչափում, որը չունի սահման ու տարածություն, բայց վերահսկվում ու խրախուսվում է պետության կողմից. մշակութային իդենտիֆիկացիայի խնդիրը կարևորված էր պետության կողմից: Սա' է իմ պատկերացումը մշակույթի և պետական քաղաքականության մասին: Արվեստագետները մշակույթի կրիչներն ու կայացնողներն են: Պետության խնդիրն է ստեղծել պայմաններ ու հնարավորություններ ստեղծագործողների համար առաջին հերթին` ինքնադրսևորվելու, երկրորդը` զարգանալու, երրորդը` ստեղծագործությունը ներկայանալի դարձնելու համար:

 

- Ձեր նշած բոլոր դրույթներն ամփոփված են Մշակութային օրենսդրության հիմունքների մասին մասին օրենքում /20.11.2002/` մշակութային և ստեղծագործական գործունեության ազատություն, ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծում, աջակցություն ստեղծագործական աշխատանքների միջազգային շփումների ընդլայնմանը: Օրենքի հիմքում, կարծես, ազատ ստեղծագործողի պետական պաշտպանվածությունն է: Հռչակագրային առումով, անշուշտ, հրաշալի օրենք է: Բայց օրենքի այդ դրույթները որքանո՞վ են իրացվում, որքանո՞վ է ազատ ստեղծագործողն զգում այդ հռչակագրի կիրառումը:


- Երբ կարդում ենք մշակույթի մասին հայաստանյան միակ փաստաթուղթը, տեսնում ենք, որ, այո, առանցքում ազատ ստեղծագործող անձն է և նրա կողմից ստեղծված արժեքը: Օրենքը նկարագրում է պետության պարտավորությունները ստեղծագործող անձի առջև` օրենքի միջոցով հանրահռչակելով նրա առաջնայնությունը: Սա շատ կարևոր է, որովհետև նույնիսկ դեկլարատիվ առումով նմանօրինակ փաստաթղթեր ոչ բոլոր պետություններն ունեն: Իր բնույթով այդ օրենքն օրինաստեղծ է, որի հիման վրա պիտի գոյանային նոր օրենքներ` թատրոնի, կինոյի, ազատ արվեստագետի մասին և այլն: 2002-ին ստորագրվեց այդ օրենքը, ինչից հետո դադարեց օրինաստեղծ ընթացքը: Այնպիսի տպավորություն էր, որ այդ օրենքի մասին բոլորը մոռացան: Այդ օրենքը կարգավորման հստակ մեխանիզմներ չի տալիս, դրանով պետությունը պարտադրում է ստեղծել ոլորտային օրենքներ, որոնք նախևառաջ կհամակարգեն հարաբերություններ և կտան ստեղծագործող անձի իրավաբանական նկարագիրը: Ստեղծագործողը նույնպես քաղաքացի է և իր` արվեստագետի կարգավիճակը նկարագրող հատուկ օրենքի պահանջ ունի, ինչպես, օրինակ, լրագրողին քաղաքացիական կարգավիճակ տվողը Խոսքի ազատության մասին օրենքն է: Պետության առաջարկած տարբերակի համաձայն ես պետք է իմ` ստեղծագործողի  կարգավիճակը փոխարինեմ առնվազն անհատ ձեռներեցի կամ հասարակական կազմակերպության կարգավիճակով: Ստացվում է, որ ստեղծագործող անձին պետության տված միակ հնարավորությունը դեպի գործարարություն տանող ուղենիշն է: Բայց Դուք լավ գիտեք, որ ստեղծագործական ոլորտը չի նկարագրվում տնտեսագիտական ալգորիթմերով, որովհետև ստեղծագործողը կարող է ունենալ երկարատև անկում կամ ստեղծագործական դադար, կամ այդ ընթացքում պարզապես չստեղծագործի, բայց պարտադրվի ձեռներեց-տնտեսվարողի իր ընթացիկ ամենամսյա պարտավորությունները կատարել: Այստեղ ես տեսնում եմ մեծ հակասություն: 

 

- Եվ ո՞րն է լուծումը` ըստ Ձեզ:


- Իհարկե, հարաբերությունների կարգավորումը, իսկ դա տալիս է միայն օրենքը: Եթե չկա գործող օրենք, ազատ ստեղծագործողների մի հսկայական զանգված /ստեղծագործական բուհերի գործազուրկ շրջանավարտներից սկսած, Հայաստանից գաղթած և համաշխարհային ճանաչում ստացած ստացած արվեստագետներով վերջացրած/ պետական ատյանների կողմից մատնվում են ազատ մեկնաբանության` ֆինանսների նախարարությունն իր վարկածն է առաջ քաշում, հարկայինն` իրենը, իսկ մշակույթի նախարարությունը չի միջամտում այդ գործերին` զբաղվելով միայն հաստիքային արվեստագետների հետ կապված հարցերով:

 

- Բայց պետական շահերից էլ է բխում, որպեսզի ազատ ստեղծագործողը նույնպես իրացնի իր ստեղծագործական պրոդուկտը. այդպիսով պետբյուջեն կձևավորվի ոչ միայն հաստիքային խմբերի աշխատանքով:

            

- 30 տարվա փորձը ցույց է տալիս, որ հաստիքային կոլեկտիվների` պետբյուջե բերած գումարները ծախսերի փոքր տոկոսն են կազմում: Եվ նրանց առջև դրված չէ ծախսված միջոցները բյուջե վերադարձնելու խնդիր: Պարզ է, որ նման դրվածքը չի կարող խթանել ոլորտի զարգացումը:

 

- Դուք` որպես ազատ ստեղծագործող, ինչպե՞ս եք պատկերացնում` ինչպե՞ս պիտի լուծվի արվեստի օրենքում ազատ ստեղծագործողին խրախուսելու մասին ամրագրված հռչակագրերը կյանքի կոչելու հարցը: 


- Ոչ մի նոր բան պետք չի հորինել: Գոյություն ունի միջազգային պրակտիկա` ազատ ստեղծագործող /«self-employed»/ ասվածը` ստեղծագործող, որ ինքնակազմակերպվում է և ինքն է հոգում իր կարիքները: Պետության գործառույթն այս դեպքում բարենպաստ պայմանների ստեղծումն է: Արվեստագետի այս տեսակը կապված չէ բիզնեսի կամ պետական կառույցների հետ, նա չի ստանում կայուն աշխատավարձ, նա աշխատում է ինքն իր համար` զբաղվում է միայն արվեստով և բնական է` հենց այս զբաղմունքն էլ պետք է ապահովի նրա հանապազօրյա հացը: Օրինակ` նկարիչն աշխատում է իր արվեստանոցում և վաճառում է իր նկարները: Երաժիշտը երգեր ու երաժշտություն է ստեղծում, ձայնագրում է, թողարկում է լազերային սկավառակներ և վաճառում դրանք, կամ` համերգ նախաձեռնում: «Հաստիքայինները» նույնիսկ դահլիճ վարձակալելու պարագայում ավելի շահեկան վիճակում են այսօր:  Երբ «դրսից» ես  փորձում ծավալել նույն գործունեությունը, արդեն այլ թվաբանության առաջ ես կանգնում, որը գերազանցում է պետական ստանդարտները և դաշտը արհեստականորեն բաժանում է յուրայինների և ոչ յուրայինների: Երբ ազատ ստեղծագործողն ստիպված է անհամեմատ ավելին վճարել, քան պետական կառույցի հաստիքային արվեստագետը, որն առանց դրա էլ ապահովված է պետության կողմից, նշանակում է, որ ազատ ստեղծագործողն անբերանպաստ պայմաններում է: Այնինչ շատուշատ առաջադեմ պետություններում հանրահռչակված է /«self-employed»-ին տրվող առավելությունների մասին օրենքը, ըստ որի նրանք ազատված են հարկերից և դահլիճի, ցուցասրահի համար վճարելու անհրաժեշտությունից: Պետությունը ստեղծագործողից գանձում է արդեն վաճառված տոմսերից և չի պարտադրում ունենալ նախնական գումար համերգներ, ներկայացումներ կամ ցուցադրություններ կազմակերպելու համար, որպեսզի ստեղծագործողը կարողանա ինքնակազմակերպվել: Սա խնդրի մեխն է: Հայաստանում համերգ, ցուցադրություն կամ ներկայացում կազմակերպելու համար ստեղծագործողը պիտի ունենա որոշակի ֆինանսական պաշար դահլիճ վարձակալելու, հնչյունային տեխնիկա վարձակալելու, տպագրության, գովազդ տեղադրելու համար: Իրավական կազուսի խնդիր կա. պետական դրվածքի տրամաբանությունը ենթադրում է, որ իմ` որպես ազատ ստեղծագործողի գործունեությունը կարող է մեկնաբանվել որպես օրենքից դուրս, որովհետև չկան ֆինանսական հարցերը կարգավորող օրենքներ: Ուստի, բնական է, որ որևէ ազատ ստեղծագործող չի ուզում մտնել այդ տհաճ գործընթացի մեջ: Մինչդեռ ազատ ստեղծագործողները քանակապես գերազանցում են հաստիքայիններին: Եվ այդ ամբողջ դաշտը մատնված է անգործության` իրենք իրենց զրկելով միջոցներից և ներկայանալու հնարավորություններից. հանդիսատեսի հետ կապը խզվում է, տեղի է ունենում արվեստագետի մեկուսացում: Որպես հետևանք` ազատ ստեղծագործողները հեռանում են ստեղծագործական դաշտից, երկրից: Իսկ պետությունը կորցնում է ստեղծագործական մեծ ներուժ: Խնդիրն ազատ ստեղծագործողների սերնդափոխության տեսակետից դիտարկելու պարագայում, կարծում եմ, կունենանք վակուում, որը կհանգեցնի արեժքների զրոյացման, արժեմահակարգի փլուզման:

 

- Ամեն ոք իրավունք ունի ազատ ստեղծագործելու: Մշակութային քաղաքականությունը պիտի՞ ենթադրի նաև գործառույթ այն մասին, թե ինչ սկզբունքով ընտրի` արտադրվածից ո՞րն է արժանի խրախուսման, ո՞րը կարիք ունի պետական հովանավորչության:


- Մշակույթի նախարարությունը` որպես ոլորտը համակարգող պետական ատյան, պետք է ստեղծի պայմաններ, որոնք թույլ կտան ազատ ստեղծագործողին արտահայտվելու: Իսկ ընտրությունը կկատարի հանդիսատեսը և ժամանակը: Գործում է այս դասական տարբերակը` օրինակ, մշակույթի նախարարությունը հաստարարում է, ասենք, «լավագույն պիես» մրցույթ. ներկայանում են 10 հեղինակներ, շահում է մեկ պիես, որն էլ ֆինանսավորվում է և բեմ բարձրանում: Իսկ ես խոսում եմ այն համակարգի մասին, որը պարտավորվում է հոգալ ոչ թե տենդեր շահածի, այլ` այն չշահած 9 արվեստագետների խնդիրները: Այսինքն` ստեղծվի մի համակարգ, որի հիմնական սկզբունքը ստեղծագործելու և ներկայանալու հավասար պայմաններն են: Եթե դրվածքն այսպիսին է, այս պարագայում հաստիքային և ազատ ստեղծագործողի միջև եղած տարբերություններն ու առավելությունները վերանում են:

 

- Չե՞ք կարծում, որ կարող են արտադրվել նաև այնպիսի գործեր, որոնց ոչ լինելիությունը, այլ հանրայնացումը կարող է հակասել մշակութային արժեքների տարածման դրույթին:


- Այսպիսի տարանջատման փորձով մենք արդեն վտանգավոր դաշտ ենք մտնում, որովհետև Դուք փաստում եք գրաքննության կարևորությունը, ինչն արվեստի ոլորտում չպիտի լինի ոչ մի պարագայում: ԱՄՆ-ում, որտեղ չի գործում մշակույթի նախարարություն, այլ գործում է ստեղծագործական ֆոնդերի վրա հիմնված կառույց, ներդրում անողներն ազատվում են հարկերից,  ստեղծվում է էքսպերտային խումբ, որը մշակութային մասնավոր քաղաքականություն է մշակում. չկա պետական դոգմա կամ պետական տեսլական: Մենք չենք կարող նման շռայլություն մեզ թույլ տալ, որովհետև նախ չունենք կարգավորված օրենսդրական դաշտ և երկրորդ` փոքր երկիր ենք և չունենք ստեղծագործական համապատասխան ռեսուրս, ուստի այստեղ յուրաքանչյուր ստեղծագործող ոսկու գին ունի, իսկ մշակույթի նախարարությունը պետք է հանդես գա որպես գլխավոր համակարգող և հավասար հնարավորությունների երաշխավոր Փորձեմ մոդելավորել փոքր օրինակով`գոյություն ունեն 50-30.000 տեղանոց դահլիճներ: Եթե քո համերգային ծրագրով ի վիճակի ես հավաքել 50 հոգի, ուրեմն համերգը կազմակերպում ես 50 տեղանոց դահլիճում: Երբ համերգին գալիս է 70 մարդ, ուրեմն հաջորդ համերգն ավելի մեծ համերգային դահլիճում կազմակերպելու ծրագիր ես կազմում: Եթե չի ստացվում 500 տեղանոց դահլիճ լցնել, ուրեմն վարձակալում ես 150 տեղանոց դահլիճ: Հնարավոր է հաշվարկել ներուժը: Անհաջողության դեպքում ոչ ոք չի ասում, թե այլևս համերգներ մի կազմակերպիր, չի զրկում նորից ու նորից ինքնակազմակերպվելու հնարավորությունից: Սա է ստեղծագործական զարգացման ու հանրաճանաչման ճանապարհը: Դրա շնորհիվ եվրոպական քաղաքների բոլոր հասարակական տարածքները, եկեղեցիների բակերը, բեմերն ու բեմահարթակները, կարճ ասած` բոլոր այն տեղերը, որտեղ հնարավոր է կազմակերպել համերգներ կամ ցուցադրություններ, օգտագործվում են խիտ գրաֆիկով: Ինչու՞: Որովհետև բոլոր միջոցառումներն էլ եկամտաբեր են, և պետությունն ունի իր շահը վաճառված տոմսերից: Շատ պարզ համակարգ  է, որը կիրառվում է ազատ արվեստագետի մասին պարզ օրենքի ուժով: Իսկ այն պահից, երբ դու կնքում ես որևէ պայմանագիր բիիզնես կառույցի, պրոդյուսերի կամ պետության հետ, դու հրաժարվում ես «ազատ արվեստագետ» կարգավիճակից, որովհետև մտնում ես մեկ այլ կանոնակարգով, այլ օրինաչափություններով աշխատող դաշտ:

 

- Պարոն Արծրունի, իմ նախորդ հարցը` կապված արվեստի ստեղծագործությունների /և ոչ ամենևին արվեստի գործիչների/ միջև պետական քաղաքականության իրականացնելիք ընտրության և խրախուսման ձևերի հետ, անշուշտ, լայն տեղ է թողնում Ձեր նշած գրաքննության վտանգի համար: Բայց, ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ պետական քաղաքականությունը, այնուամենայնիվ, հանրայնացման և իրացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու  միջոցով պիտի ընդգծի մշակութային քաղաքականության նախապատվությունները: Չէ՞ որ բարձրարժեք արվեստի գործը չի կարող դառնալ զանգվածային և լայն սպառում ունենալ: Մինչդեռ, ասենք, կետչը շատ արագ կարող է սպառողական թափ հավաքել: Օրինակ, Կոմիտասի մշակումների զուլալ տարբերակն այնքան զանգվածային չէ, որքան այդ գործերի էստրադայնացման կամ այլ էքսպերիմենտալ հաջող և հատկապես անհաջող փորձերը:


- Ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու որևէ ստեղծագործական ակտ: Ձեր նշած սահմանափակման անհրաժեշտության օրինակները պետք է մշակվեն ոչ թե հենց սահմանափակման, այլ հանրային գիտակցության բարձրացման միջոցով` համակցված կրթական համակարգին: Կրթական համակարգը պետք է պատկերացումներ տա ազգային, մշակութային արժեհամակարգի, մշակութային ինքնության նկարագրի, անորակը որակյալից զատելու մասին: Այսինքն, երբ կրթական համակարգը քաղաքացուն տալիս է արժեքային սկզբունքները, այլևս կարիք չի լինում մշակութային քաղաքականության մեջ ներառել գրաքննություն հիշեցնող նորմեր:

 

- Դուք նշում եք կրթության և մշակույթի նախարարությունների սերտ համագործակցության մասին: Իսկ Գերմանիայում մշակութային քաղաքականության այսպիսի համագործակցության, կարելի է ասել` գործառույթների այսպիսի բախշման օրինակ կա` մշակույթի կառավարման մի հսկայական հատված բյուջեով տրված է արտաքին գործերի նախարարությանը: Մշակութային քաղաքականությունը դիտարկելով նաև արտաքին քաղաքականության խնդիր` արտաքին գործերի նախարարությանն է վերապահված, օրինակ, միջազգային հարթակներում գերմանական մշակույթի ներկայացուցչության հարցը:


- Արվեստի մասին օրենքում նշվում են այդ հարցերը` ա. Ի հայտ բերել ստեղծագործող անձանց, բ. Ստեղծել պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն ստեղծագործական ներուժը զարգացնելու համար, գ. Ներկայացնելի դարձնել ստեղծագործողին երկրի ներսում և երկրից դուրս: Նշածս երկրորդ կետն առնչություն ունի կրթության, վերջինը` արտաքին գործերի նախարարության հետ: Ցանկացած երկրի ցանկացած դեսպանություն ունի մշակութային կցորդ, որը պարտավոր է զբաղվել իր երկրի մշակույթը ճանաչելի դարձնելու և հանրահռչակելու գործով: Այլ բան, որ այդ գործառույթը կարող է իրականացվել ֆիգուրատիվ մակարդակում: Համենայն դեպս, Ֆրանկոֆոնիայի օրինակով մենք տեսանք, թե ինչպես պետք է այդ աշխատանքն արվի, որպեսզի արդյունքը շոշափելի և ազդեցիկ լինի: Մենք ականատես եղանք, թե Ֆրանսիայի Հանրապետության կողմից ինչ նշանակություն է տրվում ֆրանսիական մշակույթը հանրահռչակելու քաղաքականությանը:


Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

 

 

 

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: