ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակույթ-կոնցեպտ
Ճարտարապետ Արմեն Զարյանի ծննդյան 95 ամյակին
27.08.2009

Ճարտարապետության ազգային թանգարան- ինստիտուտում` մասնակցությամբ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի, Արմեն Զարյանի որդու` ճարտարապետ Արա Զարյանի, բարեկամների, հարազատների ու արվեստասեր հասարակայնության մասնակցությամբ տեղի ունեցավ ճարտարապետ Արմեն Զարյանի ծննդյան 95 ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և պետական պատվերի շրջանակներում հրատարակված "Արմեն Զարյան. ճարտարապետ, հետազոտող, մտավորական" երկլեզու գրքի շնորհանդեսը:
Գիրքն անդրադարձ է Արմեն Զարյանի կյանքի ու գործունեության իտալական և հայաստանյան տարիներին։ Ներառված են ճարտարապետ գիտնականի նախագծային, գիտական, մշակութային, ինչպես նաև հայ-իտալական համատեղ ուսումնասիրությունների ասպարեզում կատարված աշխատանքները։ Ժողովածուն տպագրվել է ժառանգների` Սիրվարդի, Անաիսի Արայի, Վալտերի նախաձեռնությամբ ու կամքով, այն կազմել է Արա Զարյանը:
Հայերեն- իտալերեն և իտալերեն- հայերեն թարգմանությունները՝ Արա Զարյանի, իտալերեն- անգլերեն թարգմանությունները` Անաիս Զարյանի, իտալերեն- ֆրանսերեն թարգմանությունները` Սիրվարդ Զարյան-Քէօսէեանի, մասնագիտական խմբագիր` ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյան: Ժողովածուում տեղ են գտել Աշոտ Հայկազուն Գրիգորյանի /խոսք ընթերցողին, Լույսի ճարտարապետը/, Գագիկ Բաղդասարյանի /Անուրանալի վաստակ, Մարկո Կլեմենտեի /Իտալիա-Հայաստան "կամրջի" ճարտարապետը/, Արա Զարյանի /Ցուցահանդեսի առիթով/, Ադրիանո Ալպագո Նովելլոյի /Հիշողություններ Արմեն Զարյանի մասին/, Գաբրիելլա Ուլուհոջյանի / Անմոռանալի մի ընկեր/, Պաոլո Կունեոյի /Արմեն Զարյանը՝ որպես հայ քաղաքաշինության և ճարտարապետության պատմագիր: Լևոն Չուքասզյանի /Փրկարար մի կղզի/, Տոմմազո Բրեչչիա Ֆրատադոկկիի /Արմեն Զարյանի ստեղծագործությունը՝ իբրև ճարտարապետ, հռոմեական շրջանում/: Լևոն Պողոս Զեքիյանի /Դիմանկարի վրձնահարվածներ/, Ֆերնանդա դե Մաֆֆեի /Իտալացիների առաջ հայոց դռներ բացողը/, Մուրադ Հասրաթյանի /Հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրողը/, Ֆրանչեսկո Գանդոլֆոյի /Հայոց պատմության ժառանգորդը/, Լևոն Էլոյանի, "Արմեն Զարյանն է""/, Կլաուդիո Գուջերոտտիի /Վերադարձի տառապանքները/, Աղասի Այվազյանի /Ընտրյալը/, Դիեգո Չիմարայի /Մակերեսի ու խորության միջև. ինքնություն և անձնահատկություն, ճարտարապետական արտահայտչաձևեր/, Հենրիկ Ղուկասյանի /Մարդ, մասնագետ, քաղաքացի/, Ալբերտո Պենսայի /Հայացքն ուղղած դեպի Արարատ/, Վիգեն Ղազարյանի /Ճշմարիտ մտավորականը/, Մարիա Ադելաիդե Լալա Կոմնենոյի /Հայ ճարտարապետության գիտակը/, Ռուզան Զաքարյանի /Հրաժեշտի և հանդիպման տարիներ/ Արմեն Զարյան բազմաշերտ ու լայնախոհ անհատականությանը նվիրված տարբեր հոդվածներ ու հրապարակումներ:

Ճարտարապետ դոկտոր ԱՐՄԵՆ ԶԱՐՅԱՆ
(13.09.1914 - 30.05.1994)

Ծնվել է 1914թ. սեպտեմբերի 13-ին Կոստանդնուպոլսում, հայկական ընտանիքում: Հայրը` նշանավոր գրող Կոստան Զարյան (Շամախի, 1885թ.- 1969թ., Երևան), մայրը` Թագուհի Շահնազար (Կիրկիլիսե, 1891թ.- 1962թ., Հռոմ), հայտնի դաշնակահար, երաժշտագետ, եղբայրը` Վահե Զարյան (Կոստանդնուպոլիս, 1913թ.-1989թ., Օսլո), արվեստի քննադատ, քույրը` Նվարդ Զարյան (Ֆիրենցե, 1917թ.- 2005թ., Մարինելլա), քանդակագործ, նկարչուհի:
1932թ. ավարտում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը և 1934 թ. ընդունվում նույն քաղաքի ճարտարապետական համալսարանը, այնուհետև տեղափոխվում է Փարիզի E'cole des Beaux-Arts և ավարտում ուսումը Հռոմի ճարտարապետական համալսարանում: Ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Վիեննա, որտեղ հաճախում է Kunst Geverbeshuller կենտրոնը, ապա վերադառնալով Իտալիա՝ սկսում է նախագծող ճարտարապետի գործունեությունը: Մասնագիտական փորձառությունը ստանում է Վիեննայում, որտեղ նախագծում և իրականացնում է մի շարք վաճառատների, մասնավոր բնակարանների ներքին հարդարման, կահավորման նախագծեր: 1948 թ. Վիեննայում ամուսնանում է ազգությամբ գերմանուհի Մարիա Գավրոնսկու հետ: Չորս զավակների հայր է։ Սիրվարդը՝ գրող և թարգմանիչ, ծնվել է 1952թ. Թանժերում, Անաիսը`՝ լեզվաբան, ծնվել է 1952թ. Հռոմում, Արան՝ ճարտարապետ, ծնվել է 1956թ. Հռոմում և Վալտերը՝ հանքափոր, ծնվել է 1962 թ. Հռոմում։
1963թ.՝ ընտանյոք հանդերձ Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց առաջ, իտալացի ճարտարապետ` Տոմմազո Բրեչչիա Ֆրատադոկկիի հետ միասին ծրագրում և իրականացնում է հայ ճարտարապետության պարբերական ուսումնասիրության գործը՝ Հռոմի ճարտարապետական համալսարանի և Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի համագործակցությամբ: Այս համագործակցության շնորհիվ, հնարավոր դարձավ 1966թ. իրականացնել առաջին գիտարշավը դեպի Հայաստան՝ դոկտոր ճարտարապետ Պաոլո Կունեոյի ղեկավարությամբ, ով հետագայում հիմնեց Հռոմի Հայ Ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնը:
1963-1989 թթ. աշխատում է "Երևաննախագիծ" ինստիտուտում որպես ճարտարապետ և իրականացնում բազմաթիվ հասարակական, բնակելի շենքերի, ինչպես նաև քաղաքաշինական նախագծեր:
1967թ. Արմեն եւ Հակոբ Մանուկյան եղբայրների ու ճարտարապետ Ադրիանո Ալպագո Նովելլոյի հետ Արմեն Զարյանը մասնակցում է Միլանի հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնի հիմնադրմանը, որը հետագայում Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի հետ համատեղ ծավալում է հայկական ճարտարապետությանը նվիրված գիտական և հրատարակչական լայն գործունեություն:
1964-1969 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում դասավանդել է եվրոպական ճարտարապետության պատմություն:
1965-1970 թթ. ԳԱ արվեստի ինստիտուտում աշխատել է՝ որպես ավագ գիտաշխատող:
Համագործակցելով ՕԷՄՄԵ հրատարակչատան հետ (ի սկզբանե՝ ԱՐԵՍ)՝ 1968 թվականից ստանձնում է հայ-իտալական մշակութային կապերը համակարգող ղեկավարի գործը:

Մասնագիտական գործունեությունը արտասահմանում (1950 - 1963 թթ.)
1950թ. հաղթում է Թանժերում կառուցվելիք` 251 մենատներից բաղկացած "Մարոկկինո" բնակելի թաղամասի նախագծման միջազգային մրցանակը և աշխատանքները իրականացնելու նպատակով 4 տարով տեղափոխվում է Թանժեր, ուր աշխատում է ճարտարապետ Մ.Մեսսինայի աշխատանոցում որպես արվեստանոցի ղեկավար: Ղեկավարում է թաղամասի շինարարու¬թյունը եւ միեւնույն ժամանակ հաղթում Տանժերի Պարլամենտի պալատի ներքին հարդարման ու կահավորման նախագծման մրցանակը:
1956-1959թթ. ճարտարապետ Լ.Մայնարդիի հետ նախագծում և իրականացնում է Հռոմի "Ավտոմոբիլ Կլաբ" շենքի նախագիծը:
1961-1964թթ. ճարտարապետ Ջ.Ստերբինիի և Լ.Պասսարելլիի հետ նախագծում և իրականացնում է "Սերաֆիկում" Կաթոլիկ համալսարանի համալիրը Հռոմի ԷՈՒՌ թաղամասում:
1961-1963թթ. նախագծում և իրականացնում է "Վիլլա Դ. Կաստելլո" մենատունը ԷՈՒՌ-ում:

Մասնագիտական գործունեությունը Հայաստանում "Երևաննախագիծ"
ինստիտուտ (1963-89 թթ.)
1963-1964 թթ. Մ. Մաշտոցի պողոտայի վրա բնակելի շենքի նախագիծ։
1966 թ. Թամանյանի փողոցին կից Գրողների միության բնակելի շենքի նախագիծ։
1966 թ. շահում է գլխավոր պողոտայի նախագծման մրցանակը և ստանում այդ աշխատանքները իրականացնելու պատվեր։
1967 թ.-ից սկսած նախագծում և իրականացնում է Ավան խճուղուն կից, 7 մասնաշենքից բաղկացած կոոպերատիվ տեխնիկումի համալիրը (կառուցվել են համալիրի 5 մասնաշենքերը)։
1969-1970 թթ. Գլխավոր պողոտայի ստորգետնյա արագընթաց ճանապարհի ու թունելների լուծման նախագիծ։
1974 թ. Երևանի կենտրոնի բարեկարգման և ապագա զարգացման համամիութենական մրցույթում մրցանակ շահած նախագծային խմբի անդամ։
1980-1983 թթ. Ալավերդյան-Հոկտեմբերյան-Խանջյան-Գլխավոր պողոտա ներփակված տարածքում "30-րդ թաղամասի" նախագիծ։
1982-1983 թթ. Խանջյան փող. ստորգետնյա անցման նախագիծ։
1983 թ. Ալավերդյան փողոցի բարեկարգման նախագիծ։
1983 թ. Աբովյան փողոցի բարեկարգման նախագիծ։
1983 թ. Մ.Մաշտոցի պողոտայի վրա Արդի արվեստի ստորգետնյա թանգարանի նախագիծ։
1983 թ. Ժամանակակից արվեստի թանգարանի ստորգետնյա հատվածի նախագիծ։
1985 թ. "30-րդ թաղամասի" բնակելի շենքերի տիպաբանական հորինվածքների նախագծեր։
1986 թ. Հանրապետական մարզադաշտին կից բնակելի թաղամասի նախագիծ։

Գրքեր և մենագրություններ
"Ամբերդ", "Արես" հրտ., ՀՓՎ մատենաշար, թիվ 5, 55 էջ, համահեղինակ՝ Մ.Տոկարսկի և Ա.Ա.Նովելլո, Միլան, 1972թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն):
"Գոշավանք", "Արես" հրտ., ՀՎՃ մատենաշար թիվ 7, 59 էջ, համահեղինակ՝ Հ.Վահրամյան, Միլան, 1974թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն):
"Իտալական արդի ճարտարապետությունը (1927-1960թթ.)", ԳԱ հրտ., 162 էջ, Երևան, 1972թ. (հայերեն):
"Արևմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը", ԳԱ հրտ., 208 էջ, Երևան, 1979թ. (հայերեն):
"Սանահին", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 3, 71 էջ, համահեղինակ՝ Հ.Խալփախչյան եւ Ա.Ա.Նովելլո, Միլան, 1980թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն):
"Անի", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 12, 103 էջ, համահեղինակ՝ Պ.Կունեո, Միլան, 1984թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն):
"Հաղարծին" "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 13, 57 էջ, համահեղինակ՝ Արմեն Մանուկյան, Միլան, 1984թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն):
"Ակնարկ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության", ԳԱ հրտ., 192 էջ, Երևան, 1986թ. (հայերեն):
"Պտղնի-Առուճ", ՕԷՄՄԵ հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 16, 74 էջ, համահեղինակ՝ Ֆ.Գանդոլֆո, Միլան, 1986թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն):
"Հայկական ճարտարապետություն", Դե Լուկա հրտ., 2 հատոր, 923 էջ, համահեղինակ՝ Պ. Կունեո, Տ. Բ. Ֆրատադոկկի, Մ. Հասրաթյան, Մ. Ա. Լ. Կոմնենո, Հռոմ, 1988թ. (իտալերեն):
"Հայկական ճարտարապետությունը և Լեոնարդո դա Վինչիի վարկածը", "Ապոլոն" հրտ., Հայ ճարտարապետության ազգային թանգարանի նախաձեռնությամբ, Երևան, 1994թ. (հայերեն):
"Հայկական ճարտարապետություն։ Քննական եւ տեսական հարցեր", Երևան, 1996թ. (հայերեն)։
"Արվեստի բառարան", Նյու Յորք 1996թ. (անգլերեն)։
Հրատարակվել են ճարտարապետությանը, արվեստին, պատմությանը, փիլիսոփայությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, հայաստանյան հայերեն և օտարալեզու մասնագիտական հանդեսներում և պարբերականվներում:


Կարևոր հոդվածներ
"Եվրոպայում բագարանատիպ կառույցների տարածման շուրջ", ՀՀՀ հմ. 3, Բեյրութ, 1972թ. (հայերեն)։
"Մատենագիտություն, Հայ ճարտարապետության ուսումնասիրություն" մատենաշար, Միլանո, հտ. 3, 1972 (իտալերեն)։
"Ձևի պահանջը ճարտարապետության մեջ", ՀՀՀ հմ. 4, Բեյրութ, 1973թ. (հայերեն)։
"Հայաստանի վաղ միջնադարյան մկրտատները", ՀՀՀ, հտ. 8, Բեյրութ, 1980թ. (ֆրանսերեն)։
"Գմբեթավոր դահլիճի ձևակերտման շուրջ", ՔԱՌԲ, Ի, էջ 467-491, Բոլոնիա-Ռավեննա, 1973թ. (իտալերեն)։
"Ուղղահայացության հարաբերության խնդիրը միջնադարյան հայ ճարտարապետության մեջ", Հագ 2, Երևան, 1978թ. (ֆրանսերեն)։
"Համակարգված քաղաքային կենտրոններ ըստ համակենտրոն և գծային համակարգերի Ժ-ԺԳ դդ. Հայաստանում", ԿԱՄԳ, Դ, էջ 37-38, 203-206, Բերգամո-Վենետիկ, 1979թ. (իտալերեն)։
"Հայաստանի Թ-ԺԱ դդ. ճանապարհները, ազատ քաղաքներն ու արքայական քաղաքները", ՀԱԳ 3, Վիչենցա-Վենետիկ, 1984թ. (իտալերեն)։
"Ժայռափոր ճարտարապետության նկատառումներ Հայաստանում", ՎԱԳ 3, Բարի-Լեչչե, 1980թ. (իտալերեն)։
"Միջնադարյան հայ ճարտարապետության պարզ երկրաչափական ձևերի խորհրդանիշերը", ՀԱԳ 4, էջ 398-400, Երևան, 1985թ. (անգլերեն)։
"Ստատիկ դինամիկ հետևանքը վաղ միջնադարյան Հայաստանի որոշ կառույցներում", ՀԱԳ, 5, Վենետիկ, Միլան, Բոլոնիա, Ֆիրենցե, 1988թ. (իտալերեն)։

Մասնակցություններ գիտաժողովներին, գիտահավաքներին
Հայ արվեստի միջազգային գիտաժողովներ
Բերգամո, 1975թ.
Երևան, 1978թ.
Միլան-Վենետիկ, 1981թ.
Երևան, 1985թ.
Վենետիկ, 1988թ.
Վրացական արվեստի միջազգային գիտաժողովներ
Բերգամո, 1974թ.
Թբիլիսի, 1977թ.
Բարի-Լեչչե, 1980թ.
Թբիլիսի, 1983թ.
Անիի Մայր տաճարի հիմնադրման 1000 - ամյակին նվիրված միջազգային առաջին գիտաժողով, Նյու Յորք, 1989թ.

Պատվո տիտղոսներ
1955թ.-ից՝ Իտալիայի քաղաքաշինարարների միության հիմնադիր մասնակից անդամ:
1964թ.-ից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ:
1965թ.-ից՝ Երևանի Քաղաքային խորհրդի անդամ:
1969թ.-ից՝ ճարտարապետական գիտությունների թեկնածու:
1976թ.-ից՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ:
1980թ.-ից՝ Հռոմի Տիբերինա ակադեմիայի անդամ:
1978թ.-ից՝ ՀՍՀ հանրագիտարանի "Ճարտարապետություն" բաժնի ղեկավար:
1980թ.-ից՝ ՄԱԿ-ի "Լեգիոն դ'Օրոյի" անդամ:
1981թ.-ից՝ "Իտալիա-Հայաստան" մշակութային միության փոխնախագահ:
1982թ.-ից՝ Աախենի RAA ընկերության գիտ. խորհրդի անդամ:
1982թ.-ից՝ Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության գիտ. խորհրդի անդամ:
1988թ.-ից՝ Իտալական ICOMOS-ի անդամ:

 

Վերադառնալ
dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: