ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Գրեմմիի» կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը
05.12.2019

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ՝ դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնն ընդգրկում է 5 համերգ. 3-ը՝ սիմֆոնիկ‚ 2-ը՝ կամերային։ Փառատոնը կբացվի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթով։ Վենգերովը կներկայացնի Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Նվագախումբը կկատարի նաև Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։

Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա դաշնակահար‚ միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը. կկատարի Խաչատրյանի‚ Շոպենի‚ Ռախմանինովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Խաչատրյանը և ջազը» սիրված նախագիծը‚ որը ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ. կհնչեն Վարդագույն աղջիկները պարը «Գայանե» բալետից‚ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջիոն «Սպարտակ» բալետից‚ Սուսերով պարը «Գայանե» բալետից‚ Խորհրդային Հայաստանի հիմնը և այլն։ Խաչատրյանի գործերի ջազային մշակումները նվագախմբի հետ կներկայացնեն մենակատարներ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)‚ Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)‚ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը (տերեմին)։

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ կունենան Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ թավջութակահար Ջոնաթան Սվենսենը և Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը։

Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին նվիրված երեկոյով‚ որի շրջանակում հանդես կգան չին մենակատարներ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի և չին կոմպոզիտորների ստեղծագործություններից։

7-րդ անգամ Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը‚ ինչպես ամեն տարի‚ այս անգամ ևս երաժշտասերներին կներկայանա պրեմիերաներով‚ հետաքրքիր ծրագրերով և անվանի մենակատարներով։

Անցած տարիների ընթացքում խաչատրյանական փառատոնը հյուրընկալել է համաշխարհային աստղերի‚ ներկայացրել է համաշխարհային ու հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ‚ համերգային նոր ձևաչափեր‚ նոր ծրագրեր‚ համագործակցել է հայաստանյան բազմաթիվ կոլեկտիվների հետ։

Վերադառնալ
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: