ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին
18.11.2019

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին: Միջոցառման ընթացքում կհնչի «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը, բանաստեղծությունը՝ Կոմիտասի, երաժշտությունը՝ Վահան Արծրունու:
Հիշատակի համերգին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ցավով նշել է, որ մեծանուն արվեստագետ Արտո Չաքմաքչյանը վերջերս է իր մահկանացուն կնքել. արվեստագետ՝ որի կյանքը լի էր ինչպես նվաճումներով և վերելքներով, այնպես էլ դրամատիկ պահերով:
«Արտո Չաքմաքչյանի հիշատակին նվիրված միջոցառման իրականացման նախաձեռնությունը պատկանում է Վահան Արծրունուն, որի առաջարկությանը նախարարությունն անմիջապես արձագանքել է: Այս համերգը հարգանքի տուրք է Արտո Չաքմաքչյանի հիշատակին, և առիթ՝  մեկնարկելու անվանի քանդակագործի ժառանգության վերաիմաստավորման և նոր կյանքի փուլը: Դեռևս շատ բան կա ասելու և անելու Արտո Չաքմաքչյանի ժառանգության հանրահռչակման առումով: Արտո Չաքմաքչյանն այն արժեքն ու երևույթն է, որն իր մեջ ամփոփում է ինչպես շատ խորը ազգային էություն, արմատներ,  այնպես էլ միջազգային տարբեր դպրոցների, տարբեր ուղղությունների մշակույթի ազդեցություններ և շերտեր, որոնք ոչ միայն դժվար է համադրել, այլև հստակ սահմանագիծ անցկացնել՝ ազգայինի և միջազգայինի միջև»,- նշել է Ա. Խզմալյանը և տեղեկացրել, որ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ինչպես նաև այլ գործընկերներ քայլեր են ձեռնարկում Չաքմաքչյանի ժառանգությունը Հայաստան տեղափոխելու, ինչպես նաև այդ ժառանգությունը հավուր պատշաճի ներկայացնելու ուղղությամբ: Ավարտելով իր խոսքը՝ Ա. Խզմալյանը բոլորին հրավիրել է ներկա գտնվելու Վարպետի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Նկարիչ, «Պրինտ ինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանն Արտո Չաքմաքչյանի մասին իր խոսքը սկսել է նրա հետ մտերմության, շփումների, զրույցների հուշերով: «Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել զրուցել Արտոյի հետ, կվկայեն, որ դրանք մեծ բավականություն պատճառող զրույցներ են եղել, միևնույն ժամանակ դժվար: Նա ոչ թե խոսում էր, այլ խոսքը վերածում էր հերթական քանդակի, և ստիպված էիր դադար առնել` հասկանալու համար, թե ինչ է ասվել»,- խոստովանել է Արամ Մեհրաբյանը:
Վահան Արծրունու խոսքով՝ Չաքմաքչյանին հանդիպել է 2004 թվականին Նյու Յորքում. նա ձևավորել է Վահան Արծրունու Կոմիտասի բանաստեղծություններով գրված «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ներկայացնող ալբոմը։
«Մեկ շաբաթ շարունակ նրա հետ շփվելու արդյունքը եղավ այն, որ նա առաջարկել է «Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմի հրատարակության դեպքում ինքն իր գծանկարներով ձևավորի այն: Դա տեղի է ունեցել և ալբոմի յուրաքանչյուր էջին զետեղված են նրա քանդակների պատկերները, գծանկարները: Այս համերգին ներկայացվելու են այն գծագրերը, որոնք Արտոն տրամադրել էր ինձ, և որոնք երբևէ չեն ցուցադրվել»,- եզրափակել է Արծրունին:
Տեղեկացնենք, որ Արտո Չաքմաքչյանի հիշատակի համերգին հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (խմբավար՝ Կարինե Եզեկյան), Վահան Արծրունին (մեներգ, կիթառ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Հովհաննես Պապիկյանը (հոբոյ), Մերուժան Տեր-Մինասյանը (գալարափող), Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա):
Հիշատակի համերգը միջոց է մեր հարգանքի տուրքը մատուցելու Վարպետին՝ ներկայացնելով նրա կապը կոմիտասյան թեմայի հետ՝ կերպարվեստի, բանաստեղծության և երաժշտության միջոցով։
Համերգին հանրությանը կներկայացվեն Արտոյի կոմիտասյան շարքի գրաֆիկական աշխատանքները և երգաշարի համերգային կատարումը։

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: