ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Հանդիպում ՊՈԱԿ-ների տնօրենների հետ
05.03.2019

Մարտի 4-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալներ Վահե Բուդումյանն ու Տիգրան Գալստյանը հանդիպեցին ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների տնօրենների հետ:

Հանդիպման սկզբում Նազենի Ղարիբյանը հայտարարեց, որ դահլիճում հավաքվել են թիմով և փաստեց, որ իրենց գործունեության հիմքում միշտ եղել և մնալու է թիմային միասնական աշխատանքը. «Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ մինչ տեղեկանքի արտահոսքը չենք հանդիպել ՊՈԱԿ-ների տնօրենների հետ և չենք քննարկել կարգավիճակների փոփոխության մասին հարցը, քանի որ սա ընդամենը ՀՀ կառավարության հանձնարարականն էր, և մենք պարզապես կատարել ենք մեր աշխատանքը: Հանձնարարականում օրակարգային է համարվում ոչ թե միջոցների խնայողությունը կամ հաստիքների կրճատումը, այլ պատասխանատվության համախմբումը և ռեսուրսների դիմաց առավելագույն արդյունքի ապահովումը: Կազմակերպությունների գործունեության օպտիմալացմանն ուղղված առաջարկների հիմքում դիտարկվել է հատկապես վարչական հատվածը»:

Նազենի Ղարիբյանը նաև հավելեց, որ ՊՈԱԿ-ների  փակման կամ լուծարման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ կարգավորված չէ համապատասխան օրենսդրական դաշտը և չեն առաջարկվել կառավարման այլընտրանքային առավել արդյունավետ մոդելներ:

Խոսելով տեղեկանքը պատրաստող մասնագետների մասին՝ Ն. Ղարիբյանը ընդգծեց. «Ուսումնասիրություններն ու առաջարկները կատարվել են նախարարության ոլորտային վարչությունների մասնագետների կողմից: Հաշվի են առնվել ՊՈԱԿ-ների կանոնադրությամբ հաստատված նպատակները, նրանց տարեկան հաշվետվությունները, սուբսիդավորման պայմանագրերը,  գործունեության առանձնահատկությունները և մի շարք այլ չափորոշիչներ»:

Նազենի Ղարիբյանը հստակ նշեց, որ այս պահին տեղեկանքում նշված առաջարկների անհապաղ իրագործման հարց դրված չէ. «Եթե նման անհրաժեշտություն լինի, ապա մենք կհանդիպենք անհատապես յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի տնօրենի հետ և միայն փոխադարձ  համաձայնության դեպքում կկարողանանք կյանքի կոչել որևէ փոփոխություն: Իսկ ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ների մասին օրենքին, միանշանակ կարող եմ ասել, որ այս օրենքը պետք է փոխել, քանզի օրենքում կան մի քանի հիմնարար կետեր, որոնք խանգարում են թատրոններին ու համերգային կազմակերպություններին բնականոն  գործունեություն ծավալել և զարգացման միտում ապահովել»:

Հանդիպման ընթացքում ՊՈԱԿ-ների տնօրենների ելույթներն ու հարցադրումները առնչվում էին ոչ միայն քննարկվող հարցին, այլև բարձրաձայնվում էին իրենց հուզող մի շարք ընթացիկ խնդիրներ ու մտահոգություններ, որոնց վերաբերյալ տրվեցին  համապատասխան պարզաբանումներ:

Նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, անդրադառնալով թանգարանային ոլորտի փոփոխություններին, ընդգծեց. «Ցանկացած փոփոխություն պետք է լինի ի նպաստ ոլորտի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը»:

Հավելում.

ՊՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպման ժամանակ, նախարարի պարտականությունները կատարող Ն. Ղարիբյանը, պատասխանելով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Ա. Նավասարդյանի այն դիտարկմանը, որ Համազգային թատրոնի կանոնադրության մեջ առկա չէ «երիտասարդ նոր ուժերին հարթակ տրամադրելու» մասին նախարարի մատնանշած կետը՝ տրվեց պարզաբանում, որ նշյալ կետը առկա չէ կանոնադրությունում, սակայն նշված է թատրոնի պաշտոնական կայքէջում՝ «Մեր նպատակները» խորագրի ներքո, որն էլ տարակարծության տեղիք է տվել:

Վերադառնալ
baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: