ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Հունվարի 9-ին լրանում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակը
09.01.2019

Այսօր լրանում է հայ մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակը:

Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը թանգարանի աշխատակիցների և արվեստագետների հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Փարաջանովի հիշատակին:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին` Թիֆլիսում: Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Փարաջանովն ընդունվել է Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց հեռանալով ինստիտուտից ընդունվել է միանգամից երկու բուհ՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի վոկալ բաժին և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարան։

Այնուհետև սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում` Նինա Դորլիակի դասարանում։ Այնտեղ սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։

Փարաջանովի դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նույն սյուժեով, նույն անվամբ նկարահանել է ֆիլմի լիամետրաժ տարբերակը: Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատել ժամանակի մեծագույն ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելլինին, Անդրեյ Տարկովսկին և այլք:

Ս. Փարաջանովի առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» է (1964 թ.), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների և Փարաջանովին հռչակ բերել:

1968 թվականին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովը ձեռնամուխ է լինում միջնադարյան հայ պոետ, աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ստեղծմանը (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ): Այս ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի:
1973 թվականին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թվականին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման ներքո ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թվականին Փարաջանովը դարձյալ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և պահվել Օրթաճալայի բանտում: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով: Վերջին Գարուն» (1992 թ.) վավերագրական ֆիլմում։

Սերգեյ Փարաջանովին նվիրված նկարահանվել է շուրջ 20 ֆիլմ: 2010 թ. Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը` Վարպետի ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:

Սերգեյ Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսին 21-ին` Երևանում:

Վերադառնալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: