ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Կմեկնարկի «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի III ինտեգրատիվ հանրապետական փառատոնը
16.11.2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 3-ը Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի III ինտեգրատիվ հանրապետական փառատոնը:

Փառատոնի կազմակերպիչն է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան:

Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա նոյեմբերի 18-ին` ժամը 16:00-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության դահլիճում` գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով, որտեղ կցուցադրվեն հաշմանդամություն ունեցող և տիպիկ երեխաների աշխատանքները:

Փառատոնի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ինտեգրումը, իսկ հայեցակարգային առանձնահատկությունն է` հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ստեղծագործական միասնական աշխատանքների կազմակերպումը, համատեղ ստեղծագործական ծրագրերի միջոցով նրանց միավորումն ու հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը:   

Փառատոնը կանցկացվի արվեստի 8 ճյուղերը ներկայացնող ոլորտներում՝ երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, լուսանկարչություն, թատերարվեստ, կինոարվեստ:  

Նոյեմբերի 19-ին` ժամը 18:30-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և նոյեմբերի 29-ին` ժամը 19:00-ին, Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» կներկայացվեն ներառական թատերական ներկայացումներ:

Նոյեմբերի 22-ին` ժամը 19:00-ին, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Վահրամ Մխիթարյանի «Հովվի երգը» ֆիլմի դիտումը:

Նոյեմբերի 24-ին` ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկազմակերպվի լուսանկարչական ցուցահանդես և կներկայացվի համերգային ծրագիր:  

Նոյեմբերի 30-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի, Վայոց ձորի և Արմավիրի մարզերում զուգահեռաբար կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, վարպետության դասեր և համերգներ:  

Փառատոնի շրջանակում նոյեմբերի 25-ին` ժամը 13:00-ին կկայանա ինտերակտիվ հանդիպում «Մուղդուսյան» կենտրոնում:

Դեկտեմբերի 1-ին` ժամը 17:00-ին, «Երևան իմ սեր» հիմնադրամում կկայանա «Լապտերներ» նախագծի «Արվեստանոցը»` հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ։  

Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին` ժամը 12:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:

Եզրափակիչ միջոցառման ընթացքում, որին աջակցում է նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, տեղի կունենա մանկապատանեկան դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդես-վաճառք, իսկ համերգային ծրագրով ելույթ կունենա «Երևան» լարային քառյակը:    

Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: