- Նախարարություն
- Մշակույթ
- Ժառանգություն
- Համագործակցություն
- Հայտարարություններ
- Օրենսդրություն
- Պարգևատրումներ
- Հետադարձ կապ
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը օգոստոսի 8-ին Գյումրիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ազդարարեցին Երկրագիտական թանգարանի վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ դրամահավաքի մասին:
Շենքի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 մլն ՀՀ դրամ:
Լիլիթ Մակունցը նշեց, որ շենքի վերանորոգման համար սեպտեմբերից մեկնարկելու է դրամահավաք, որը տևելու է մեկ ամիս: Գումարը փոխանցվելու է Շիրակի երկրագիտական թանգարանի հաշվեհամարին: Նախարարը նաև տեղեկացրեց, որ դրամահավաքին միանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Շիրակի երկրագիտական թանգարանի աշխատակիցներին առաջարկեց շենքի մի հատվածն օգտագործել որպես պատկերասրահ:
«Գյումրին չունի պատկերասրահ, կարծում եմ` այն կտավները, նյութերը, որոնք այսօր ֆոնդերում են, անհրաժեշտ է հանրահռչակել, շնորհակալ կլինեմ, եթե Երկրագիտական թանգարանն արձագանքի մեր այս առաջարկին»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Լիլիթ Մակունցը:
Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը ընդունեց նախարարի առաջարկը:
«Հիմա շատ արդյունավետ կօգտագործվի շենքը և դրա համար նաև ձեր ջանքերը պետք է ներդնեք, որպեսզի կրկնապատկեք, բազմապատկեք այդ հնարավորությունը, և երկրագիտական թանգարանը դառնա իսկապես հետաքրքիր, դիտարժան մի վայր, և ոչ թե պարզապես թանգարան թղթի վրա»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Ինչպես հայտնի է Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «ՀՀ Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: