ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Ամփոփվեց մշակութային 2017-ը
22.12.2017

365 օրը չորս րոպեանոց տեսահոլովակում, որից հետո նաև լրագրողների հարցերին արձագանքելով, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր ամփոփեց մշակութային տարին մշակույթային ամենասիրելի հասցեներից մեկում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Աննախադեպ մասնավոր ներդրումներ՝ մոտ մեկ միլիոն դոլար: Պետականի ու մասնավորի համագործակցությամբ իրականացված բազմաթիվ ծրագրեր, որոնց ծավալուն ցանկում առաջիկայում կավելանա նաև Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանը, Հայկական գորգի, Սայաթ Նովայի թանգարանները և այլն:
Կրկնապատկված ու բազմապատկված այցելուների թիվ մշակութային օջախներում:
«Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2016-ին ունեցել է 11 հազար հանդիսատես, այս տարվա միայն առաջին վեց ամիսներին հանդիաստեսի թիվը 23 հազար էր: Օպերային թատրոնում այդ թիվը գերազանցում էր 45 տոկոսը: Վերջին ամիսներին ավելի քան 30 տոկոս աճ է արձանագրվել նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ֆինասական ցուցանիշներում: Տարին բարձր ցուցանիշներով են փակում նաև Հայաստանի երիտասարդական և ֆիլհարմոնիկ նվագախմբերը: Մենք ունենք բարձր ցուցանիշներ այն բոլոր ոլորտներում, որտեղ տնօրինությունն առաջնորդվել է մեր նախանշած ճանապարհով: Նախարար Ամիրյանի խոսքով, ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը ճիշտ կառավարումն է:
«Մեր պատկերացրած ձևաչափը մշակույթի կապիտալիզացիան է, մշակույթի արժևորումը, որը շատերը շփոթում են առևտրայնացման հետ: Մինչդեռ դրանք տարբեր բաներ են: Մշակույթի կապիտալիզացիա՝ արժևորել մշակույթը, որպեսզի համաշխարհային հարթակում այն դառնա ճանաչելի, սիրելի և գնահատելի: Արժևորել, որպեսզի մշակույթը ստեղծի հավելյալ արժեք և այդ արժեքը կրկին ներդնել մշակույթի մեջ: Սա՛ է մեր գաղափարը»,-ասում է նախարարը՝ որպես ցայտուն օրինակ մատնանշելով Ազգային պատկերասարհում բացված Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի աննախադեպ հաջողությունը:
«Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այս ցուցահանդեսն ունեցավ 15 հազար այցելու: Մեկ ամսվա ընթացքում Ազգային պատկերասրահը վաստակեց այնքան գումար, որքան վաստակել էր նախորդ ամբողջ տարվա ընթացքում, ընդունեց այնքան այցելու, որքան ամբողջ մեկ տարվա ընթացքում էր ընդունել: Հենց սա՛ է մեր պատկերացրած մշակույթի կապիտալիզացիան»:
Արմեն Ամիրյանը կարևորեց այն փաստը, որ 2017-ին մշակույթով «գերհագեցած» մայրաքաղաքից ծանրաբեռնվածությունն ուղղվեց դեպի մարզեր. «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում 426 համերգ ու ներկայացում, 200 կինոդիտում իրականացվեց:
«Երբ սկսում էինք «Մշակութային կանգառ» ծրագիրը, ոմանք ինձ փորձում էին համոզել, որ դասական երաժշտությունը հետաքրքիր չէ հեռավոր գյուղերում: Մինչդեռ տեսագրությունները փաստում են հակառակը. ձմռան ցրտին, վերարկուներով, ոտքի վրա կանգնած, լեփ–լեցուն դալիճում մարդիկ մեծ սիրով հետևում են, օրինակ, Կոմիտասի քառյակի համերգին: «Մշակութային կանգառ»-ի գաղափարից ծնվեց նաև «ԱրԱր»-ը՝ մարզերում մշակութային միավորների ստեղծման լավագույն ծրագիրը, որն արդեն 350 շահառու ունի» և հետագայում դառնալու է մեր մշակութային կյանքի ամենազորավոր զենքերից մեկը»:
2018-ի առաջնահերթություններից է նոր տիպի գրախանութների ստեղծումը: Նախարարը խոստացավ, որ գարմանն արդեն ականատես կլինենք նոր ու ժամանակակից նման գրախանութի բացմանը, որը կառուցվում է Ստանիսլավսկու անվան թատրոնի առաջնամասում:
Նոր կինոթատրոնների ստեղծումը ևս 2018-ի առաջնահերթություններից է: Առաջին «ծիծեռնակն», ըստ նախարարի դարձավ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը՝ «Պարադիզ» ընկերության շուրջ 100 հազար դոլար ներդրման շնորհիվ:
«Կինոն չի կարող զարգանալ, եթե չկա շահույթ, իսկ դրա համար պետք է մեծացնել սպառման ցանցը»:
Ոչ միայն սպառման ցանցի ընդլայնումը, այլև ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորումն ու մի շարք բարեփոխումները հայկական կինոյի զարգացման նոր հեռանկարներ են խոստանում: Նոր մոտեցումները 2018-ին տեսանելի կլինեն նաև հուշարձանների պահպանության, գրահրատարակչության ոլորտներում: Նախարարի պահանջով հուշարձանների բոլոր շինհրապարակներում առցանց տեսախցիկներ կտեղադրվեն՝ գործընթացն առավել բաց ու արդյունավետ դարձնելու նպատակով:
2018-ի ծրագրերից խոսելիս, Արմեն Ամիրյանն առանձնացրեց երեք առանցքային հոբելյաններն/ Սարդարապատ 100, Առաջին հանրապետություն 100, Երևան 2800/ ու դրանց նվիրված միոջոցառումները: Առաջին հանրապետության հոբելյանի առիթով Պատմության թանգարանում բացառիկ ցուցահանդես կբացվի:

Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերան կբեմադրվի ֆրանսերեն: Սա արդենի եկող տարի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: 2018-ին մշակութային «էպիկենտրոնում» կհայտնվի հատկապես Գորիսը՝ որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: 2017–ի մշակութայինի ձեռքբերումներից մեկը դարձավ Համահայկական նվագախումբը՝ ապրիլի 24-ին ունեցած բացառիկ համերգով:
Նախարարի մեծ ցանկությունն է՝ 2018-ի ապրիլի 24-ին Երևանում կազամակերպել միացյալ երգչախմբի համերգը:
Տարեվերջյան ասուլիսը նախարարն ավարտեց շնորհավորանքով՝ մաղթելով ջերմ, մշակույթով ու բազում անակնկալներով լի տարի:

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: