ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Հայ թատերարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց
01.11.2017

Երկարատև հիվանդությունից հետո, 2017 թվականի հոկտեմբերի 31-ին, 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:
Ալեքսանդր Գրիգորյանը հայ թատրոնի երախտավորներից էր, մարդ, ում հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է: Բացառիկ տաղանդի և ստեղծագործական անթերի ձեռագրի արգասիք հանդիսացող 150-ից ավելի պիեսների բեմադրությամբ, հայ-ռուսական մշակութային և բարեկամական համագործակցության զարգացման և ամրապնդման գործում անուրանալի դերակատարությամբ նա արժանիորեն սիրվել և գնահատվել է Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում, ճանաչվել հայրենի սահմաններից դուրս:
Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 20-ին, Բաքվում: Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկան հասակում դարձել է Սմոլենսկի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964 թ. հրավիրվել է Հայաստան` որպես Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ուր 52 տարի աշխատեց որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր:
Ա. Գրիգորյանի անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն. Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ. Շեքսպիրի «Մակբեթ» և այլն:
Նրա նախաձեռնությամբ 2000 թվականին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բացվել է դերասանական վարպետության ռուսական կուրս:
1978 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, 1999 թ.` ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ Պետական մրցանակի, պարգևատրվել է ՌԴ Նախագահի «Բարեկամություն» շքանշանով:
2000 թ. դարձել է Ստանիսլավսկու, 2001 թ.` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր:  
2010 թ. ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012 թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:
2017 թ. պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
2017 թվականի ապրիլին Ա. Գրիգորյանը բեմադրեց Ա. Օստրովսկու «Ամպրոպը» /«Լիներ կամքի ուժ»/ պիեսը, որն էլ եղավ Վարպետի վերջին գործը:
Ալեքսանդր Գրիգորյանն իր առանձնահատուկ հետքը թողեց հայ թատերարվեստում: Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասերների սրտերում:  
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ալեքսանդր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Ալեքսանդր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժ. 18:00-20:30-ը, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում:
Վերջին հրաժեշտը` նոյեմբերի 4-ին, ժ. 11:00-13:00-ը` Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:


Կառավարական հանձնաժողով


Վերադառնալ
book-fest-nov-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: