ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

2017 թվականի առաջին 9 ամիսներին մշակույթի ոլորտում ներդրումների ծավալն աննախադեպ է
12.10.2017

Հայաստանի ՀՀ մշակույթի նախարարության ծրագրերում 2017 թ. առաջին իննը ամիսների ընթացքում աննախադեպ՝ 990 հազար դոլարի ներդրումներ են արվել կամ շատ շուտով սպասվում են:

1) Օպերային թատրոնի և Արդշինբանկի վերջերս կնքված համաձայնագրով, Բանկը 208 հազար դոլարի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Թատրոնի զարգացմանը։ Համաձայնագրի շրջանակում Օպերային թատրոնը 30 հազար դոլարով ձեռք է բերել 3D պրոեկտոր, որն օգտագործվել է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմի» հայաստանյան պրեմիերային՝ Պաոլո Միչիկեի բեմականացմամբ։ Համակարգն առաջիկայում կգործածվի նման այլ ներկայացումներ բեմադրելիս։

2) Օպերային թատրոնում թարգմանական լուսադիոդային վահանակի տեղադրման միջոցով (17 հազար դոլար՝ «Արմսուիսբանկից») հայալեզու հանդիսատեսին համաժամանակյա մատուցվում են օտարալեզու մի շարք օպերաների հայերեն լիբրետոները, իսկ օտարալեզու հանդիսատեսին հասու են դարձել հայկական ներկայացումների լիբրետոները։

3) Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի տրամադրած 100 հազար դոլարով Հայաստանում և Արցախում իրականացվում է «Մշակութային կանգառ» ծրագիրը (նախարարության ծրագրի մասնավոր հովանավորություն)։ Այս ծրագրի իրականացման շնորհիվ թատերական, համերգային խմբերը, ժամանակավոր ցուցադրանքներն ու շարժական կինոթատրոնները հասանելի դարձան անգամ ամենահեռավոր գյուղերի բնակիչներին։

4) Շարժական 4 կինոթատրոնները ձեռք են բերվել Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ (48 հազար դոլար տրամադրել է դեսպանությունը, 10.300 ԱՄՆ դոլար՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը)։

5) Չինաստանի դեսպանության կողմից տրամադրված ևս 25 հազար դոլարի դրամաշնորհով ՀՀ մշակույթի նախարարությունը պատվիրել է թանգարանային «Աուդիովիզուալ գիդ» բջջային հավելվածի և կայքէջի ստեղծումը։ Սերգեյ Փարաջանովի թանգարանում առաջինը գործարկվելով, ծրագիրն առաջիկայում Հայաստանի մյուս թանգարաններում ևս կկիրառվի՝ օտար տասը լեզուներով խոսող զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու թանգարանային նյութերի բովանդակությունը:

6) «Պարադիզ» ընկերության 100 հազար դոլարի ներդրումով նոր թվային տեխնիկա է ձեռք բերվել Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի համար: Այս ամիս կինոթատրոնում կցուցադրվի առաջին ֆիլմը:

7) Ամերիկահայ երաժիշտ Աշոտ Տիգրանյանի ներդրած 16 հազար դոլարով Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, կառուցվել է հանգստի փոքրիկ գոտի և համապատասխան ենթակառուցվածք՝ այցելուների համար այն ավելի հարմարավետ դարձնելով:

8) Գյումրու թատրոնում Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի 40 հազար դոլարի ներդրմամբ տեղադրվել է «Արփի Սոլար» արևային ֆոտովոլտային համակարգը, որի միջոցով տարեկան մինչև 2 միլիոն դրամի ծախս կխնայվի։

Մոտ ժամանակներս ակնկալվում են Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում ժամանակակից գրախանութի կառուցման համար շուրջ 167 հազար դոլար և Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման համար շուրջ 115 հազար դոլարի ներդրումները: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերին հայտարարեց Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի կողմից տրամադրված նոր՝ 143.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի մասին, որով շարունակվելու են Դաշտադեմի ամրոցի պահպանության աշխատանքները: 

Այսպիսով, 2017 թ. առաջին 9 ամիսներին մշակույթի ոլորտում ներդրումների ընդհանուր ծավալը (990 հազար դոլար) գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (533 հազար դոլար, որը տրամադրել է ԱՄՆ դեսպանի հիմնադրամը. 450 հազար դոլար՝ Մեղրու Սբ Սարգիս եկեղեցու որմնանկարների պահպանման և վերականգնման, և 83 հազար 500 դոլար՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի ամրակայման, վերանորոգման և նոր վայրում տեղադրման համար)։

Վերադառնալ
tosca-dec-24
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: