ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում». մեկնարկում են «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերը
17.05.2017

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի մայիսի 20-ին, որն ամեն տարի իրականացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է  բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից`  Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:
2017 թվականին Հայաստանում և Արցախում միջոցառումներին մասնակից թանգարանների թիվը 113-ն է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ: Այս օրերի ընթացքում 113 թանգարան բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հանրության առջև՝  հնարավորություն ընձեռելով մեկ անգամ ևս հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:
Այս տարվա կարգախոսն է` «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»: Նշված թեման հնչեցվել է ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի կողմից` ԻԿՕՄ-ի գագաթնաժողովի ժամանակ և նպատակ է ունեցել անդրադարձ կատարելու համամարդկային խնդիրներին` դիտարկելով դրանք հումանիզմի տեսանկյունից:
«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջոցառումների ծրագիր:
Թանգարանների միջազգային օրվա, Թանգարանների գիշերվա առիթով կազմակերպվող միջոցառումների շրջանակում, մայիսի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարանը, որը այցելուին կներկայանա հայ գրատպության պատմությունը ներկայացնող հետաքրքիր ցուցադրությամբ` հնատիպ գրքեր, կլիշեներ, տպագրական մեքենաներ և այլ գիտաօժանդակ նյութեր: Թանգարանը բաղկացած է 6 սրահներից, որոնք ներկայացնում են հայերեն տպագիր գրքի անցած ճանապարհը՝ սկսած նախագրային շրջանից: Ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր ստեղծող նորաբաց թանգարանը հագեցած է արդի տեխնոլոգիաներով:
«Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը` մայիսի 20-ին, կգործարկվի թանգարանների մասին տեղեկությունների համակարգ հանդիսացող «Աուդիովիզուալ գիդ» բջջային հավելվածը: Տարվա ընթացքում հավելվածը կներդրվի յոթ թանգարաններում, ներկայումս` Սերգեյ Փարաջանովի, Մարտիտոս Սարյանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարաններում:
Android և iOS համակարգերի համար գործող «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը կարող եք բեռնել Http://onelink.to/yw4gmu հղումով:
Ս. թ. մայիսի 17-ին, Հայաստանի պատմության թանգարանի մամուլի սրահում «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում են` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն իր խոսքում կարևորել է այն փաստը, որ Հայաստանում և Արցախում տարեցտարի ավելանում է «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում անցկացվող միջոցառումների և մասնակից թանգարանների թիվը. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի համաեվրոպական այս միջոցառմանը կմիանան նորաբաց Տիկնիկների պատկերասրահը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մաս կազմող` Միջին արևելքի թանգարանը /Մարկոս Գրիգորյանի հավաքածու/, ինչպես նաև Գրատպության թանգարանը, որը կբացվի մայիսի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանի տարածքում: Գրատպության թանգարանի առկայությունը տարիների լրջագույն աշխատանքի արդյունք է, որն իր արտացոլումը կունենա Հայաստանի պատմամշակութային ժառանգության համապատկերում: Հուսով եմ, որ թանգարանը կհետաքրքրի բոլոր տարիքային խմբերի այցելուներին»: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը կոչ է արել այցելել թանգարաններ ընտանիքներով, ընկերների ու բարեկամների հետ, վայելել «Թանգարանային գիշերը», մշակութային հանգիստն անցկացնել բազմաբովանդակ միջոցառումների մասնակցելով:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի հավաստմամբ` Գրատպության թանգարանն այցելուներին կներկայանա հարուստ հավաքածուով, որը ներառում է հայ գրատպության հնագույն ցուցանմուշներից մինչև արդի մշակութային քաղաքականությունը բնութագրող բացառիկ և արժեքավոր նյութեր. «Հատկանշական է, որ նոր թանգարանը հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող այցելուներին»:
ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանի դիտարկմամբ` թանգարանների միջազգային օրը հայ հանրությունը` որպես իսկական տոն ընդունեց միանգամից: Ինչ վերաբերում է «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» կարգախոսին, ապա այս թեմայի մոտիվացիան Հայոց ցեղասպանությունն էր. «Հիմնական շեշտը դրված է այն բանի վրա, որ աշխարհում բռնության ալիքը գնալով ավելի ու ավելի է բարձրանում: Այդ ամենը նպաստեց, որպեսզի բոլորը քվեարկեին  հօգուտ այս թեմայի, որը համահունչ է նաև աշխարհում տիրող իրավիճակին»: Մ. Հարոյանի խոսքով` այժմյան թանգարանները ոչ միայն գեղեցիկ արվեստների տաճարներ են, այլև` տիրույթներ, որտեղ պետք է համամարդկային հիմնախնդիրներ բարձրաձայնել և լուծումներ փնտրել:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
tagharan-june-30
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: