ՀՀ մշակույթի նախարարության միջազգային գործունեությունը իրականացվում է մշակութային համագործակցության մասին ստորագրված միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրերի, հուշագրերի և փոխանակումների ծրագրերի, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների շրջանակներում: Միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցության իրականացվում է նաև ստորագրված համատեղ հուշագրերի և ծրագրերի հիման վրա:
Նախարարության միջազգային գործունեության, միջազգային եւ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում պետական մշակութային քաղաքականության հիմնական ուղղություններին և գերակա խնդիրներին համապատասխան իրականացվում են միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են.
- մշակութային համագործակցության իրավապայմանագրային դաշտի զարգացմանը և համագործակցության աշխարհագրության ընդլայնմանը,
- եվրոպական կառույցներին և կազմակերպություններին ինտեգրմանը,
- հայ մշակույթի և արվեստի հանրահռչակմանը,
- արտասահմանյան պետություններում հայկական մշակույթի և Հայաստանի Հանրապետությունում արտասահմանյան պետությունների մշակույթի և արվեստի ներկայացմանը (մշակույթի օրեր և տարիներ, մշակութային փոխանակումներ),
- երիտասարդ ստեղծագործողներին օժանդակելուն, ստեղծագործական գործունեության աջակցմանն ու խթանմանը,
- մշակութային ժառանգության պահպանությանը,
- մշակութային արժեքների տարածմանը: