ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Միջմշակութային երկխոսություն
ՀՀ Կառավարությունը կարևորում է ժողովրդավարության, հանդուրժողականության, սոցիալական արդարության և ազգերի ու մշակույթների միջև փոխադարձ հարգանքի պայմաններում բարգավաճող մշակութային բազմազանության անհրաժեշտությունը տեղական, ազգային և միջազգային մակարդակներով խաղաղություն և անվտանգություն պահպանելու համար: Մենք դիտում ենք մշակութային բազմազանությունը որպես մշակույթների միջև փոխանակումների և փոխազդեցության շնորհիվ անընդհատ հարստացվող գործընթաց:
Միջմշակութային երկխոսությունը համարվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության առաջնայնություններից, որը, համաձայն 2003թ. Օպատիայի հռչակագրի` սահմանում է մշակութային ժողովրդավարության գաղափարախոսությունը խթանող և պաշտպանող միջոցները, մշակութային բազմազանության բոլոր ձևերին օժանդակող նյութական և ոչ նյութական տարրերը:
Համաձայն ՀՀ Կառավարության կողմից մշակույթի բնագավառում իրականացվող ռազմավարության` մշակույթի և արվեստի բոլոր տեսակները դիտարկվում են որպես միջմշակութային երկխոսության լեզվատարրեր: Այս երկխոսությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը միացավ միջազգային կարևորագույն մի շարք փաստաթղթերի, մասնավորապես, 2005թ.` Կինեմատոգրաֆիայի համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիային, Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիային և Ֆարոյի Հռչակագրով` Եվրոպական մշակութային կոնվենցիային, իսկ 2006թ.` UNESCO-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաներին: 2006թ. նոյեմբերին ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության մասին» հայեցակարգը:
Որպես վերոնշյալ փաստաթղթերին միանալու գործընթացների տրամաբանական շարունակություն Հայաստանը իր մասնակցությունն է ցուցաբերում միջազգային մակարդակի մշակութային համաշխարհային այնպիսի իրադարձությունների, ինչպիսիք են` Եվրոպական ժառանգության օրերի անցկացումը, «Թանգարանների գիշեր□, «Երաժշտության տոն» ամենամյա միջոցառումների անցկացումը, UNESCO-ի և Ճապոնիայի Կառավարության կողմից հավանության արժանացած «Հայկական դուդուկի երաժշտություն» ծրագրի իրականացումը:
Հայաստանի կողմից վավերացման գործընթացում է գտնվում «Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար» Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիան, որն ուղղված է բոլոր մշակութային ժառանգությունները մեկնաբանող, ինչպես նաև մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը խթանող ժառանգության ոլորտի քաղաքականության սկզբունքների և կրթական նախաձեռնությունների խրախուսմանը:
Մշակութային երկխոսությանն ուղղված գործընթացների զգալի աշխուժացմանը նպաստեց 2001թ. Հայաստանի անդամագրվելը Եվրախորհրդին, կառույց, որի առաջնահերթ նպատակն է տարբեր ժողովուրդների միասնության ամրապնդումը նրանց բազմազանության ներքո` պահպանելով համընդհանուր ժառանգությունը և իրավահավասարությունը:
Հայաստանի Հանրապետությունը, միանալով 1954թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին□, 1970թ. «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու միջոցառումների մասին□, 1972թ. «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին□, 1954թ. «Եվրոպական մշակութային» կոնվենցիաներին, ստանձնել է միջազգային պարտավորություններ` մշակութային երկխոսությունը դնելով իրավական հիմքերի վրա: Այդ քաղաքականությունը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, մասնավորապես` «Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո□:
Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի շրջանակներում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական և Հայաստանի տարածքում գտնվող այլ ազգերի պատմական ու մշակութային արժեքների պահպանմանը, կրթական և մշակութային կյանքի զարգացմանը, ինչպես նաև` «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» օրենքի հոդվածների իրականացմանը, որով սահմանված է. «Արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասսայական ու ազգային խտրականությունը□:
Այսպիսով` Հայաստանի Հանրապետությունը իրավականորեն ամրագրել է մշակութային երկխոսությունը:
Հայաստանի Հանրապետությունը ակտիվ մշակութային երկխոսություն է վարում այն երկրների հետ, որոնք Հայաստանի տարածքում ունեն քրիստոնեական և իսլամական մշակույթի տարրեր և պետականորեն իրականացնում է դրանց պահպանությունը: Նաև հայկական բազմաթիվ մշակութային կոթողներ կան սփռված տարբեր երկրների տարածքներում` Վրաստանում, Իրանում, Իսրայելում, Իտալիայում, Թուրքիայում, Հունաստանում, Սիրիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում և այլն: Այսպիսով` Հայաստանը, պատմական իրողությունից ելնելով, միշտ գտնվել է մշակութային երկխոսության մեջ` միաժամանակ հարգելով վերը նշված երկրների մշակութային արժեքները:
ՀՀ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում և հնարավոր միջոցներ է ձեռնարկում տեղական համայնքներում և մարզերում մշակութային բազմազանության, միջմշակութային երկխոսության և սոցիալական համախմբվածության խրախուսմանն աջակցելու խնդիրներին: Մշակութային բազմազանության, միջմշակութային երկխոսության և սոցիալական համախմբվածության ուղղված պետական աջակցությունը ամրագրված է օրենքով, մասնավորապես` ամեն տարի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով մասնաբաժին է հատկացվում վերոնշյալ աջակցության համար: Միջմշակութային երկխոսության տարածման, ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետությունում տեղական և մարզային համայնքների մակարդակով կազմակերպվում են խոշոր ծրագրեր, որոնց իր մասնակցությունն է բերում ողջ հանրությունը:
ՀՀ Կառավարության կողմից մշակույթի բնագավառում վերջին տարիներին իրականացվելիք քաղաքականության ռազմավարական խնդիրների մեջ կարևորվում է միջմշակութային երկխոսությանն ուղղված միջազգային մակարդակի միջոցառումները մարզեր տեղափոխելու գործընթացների զարգացումը: Այդ մասին են վկայում արդեն իսկ իրականացված և կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումները. «Արհեստագործության և ժողովրդավարական ստեղծագործությունների միջազգային ցուցահանդես-տոնավաճառի» կազմակերպում /Ստեփանավան, Լոռու մարզ/, մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի անցկացում մարզերում, ՀՀ մարզերում «Վարպետության դասարանների» կազմակերպում, «Կինոթատրոն անիվների վրա» ծրագրի իրականացում, «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում» ստուգատեսի անցկացում և այլն:
Ազգային փոքրամասնություններին ցուցաբերվում է պետական աջակցություն: Վերջիններիս էթնիկ մշակույթի պահպանման և զարգացման գործում մեծ դեր ունի ազգային ծեսերի, սովորույթների, տոնակատարությունների, ազգային մշակույթը ներկայացնող ամենամյա փառատոնների, կերպարվեստի ու կիրառական արվեստի ցուցահանդեսների անցկացումը:
Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված են ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով գրականություն, պարբերականներ, որոնք մշտապես համալրվում են պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին: Հանրապետության գրադարաններում կազմակերպվում են ազգամիջյան հարաբերությունների զարգացմանը, մշակութային երկխոսության ամրապնդմանը նպաստող բազմաբնույթ միջոցառումներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակներում ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախաձեռնել և 2005թ. անցկացրել է «Գիտելիք և խորհրդանիշ, հավատալիք և սովորույթ□, իսկ 2006թ. նույն կոնվենցիայի շրջանակներում` «Մշակույթների երկխոսություն» գիտաժողովները:
2008 թ. Եվրահանձնաժողովի կողմից հայտարարված է «Միջմշակութային երկխոսության» տարի, որի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է ս. թ. հոկտեմբերի 12-14-ը Երևանում անցկացնել «Թարգմանությունը որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ» գրահրատարակիչների և թարգմանիչների միջազգային 2-րդ ֆորումը: Միջոցառման հիմնական նպատակն է գրքի և գրականության միջոցով նպաստել իրական միջմշակութային երկխոսության կայացմանը, գեղարվեստական և գիտական խոշորագույն նվաճումներից օգտվելու մատչելիության ապահովումը: Ֆորումը նաև հիմքեր կստեղծի 1950 թ. «Կրթական, գիտական և մշակութային փաստաթղթերի ներմուծման մասին» Ֆլորենցիայի Համաձայնագրին Հայաստանի անդակամցության համար:
brandenburg-may-24
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: