ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
kamerayin-march-22
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Ոչ նյութական Մշակութային ժառանգություն
Նախկինում մշակութային ժառանգության պահպանության գործողությունները հիմնականում ուղղված էին նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, որը համարվում էր ավելի առաջնահերթ խնդիր: Վերջին տարիներին, երբ որոշակի կարգավորվեց մշակույթի ոլորտի օրենսդրական դաշտը (մասնավորապես ընդունվեցին` "Մշակութային օրենսդրության հիմունքների մասին", "Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին", "Արխիվային գործի մասին", "Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին" ՀՀ օրենքները), ճշտվեցին մշակութային քաղաքականության ուղղությունները, ինչպես նաև ավելացավ մշակույթի ոլորտի ֆինանսավորումը, հնարավորություն ընձեռվեց նաև ամբողջական ծավալով անդրադառնալ ոչ նյութական մշակութային ժառանգության խնդիրներին: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, պաշտպանությունը, զարգացումը և տարածումը այսօր դիտարկվում է մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը:

ՀՀ-ում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդիրները իրականացնում են տարբեր գերատեսչական ենթակայությամբ գործող մշակութային և գիտակրթական կազմակերպություններ, որոնք երկար տարիների ընթացքում ուսումնասիրել, հավաքել և արխիվացրել են մեծ ծավալի նյութեր: Սակայն ընդհանուր քաղաքականության և ծրագրերի բացակայության պայմաններում առաջացան մի շարք հիմնախնդիրներ, որոնք շտապ լուծման կարիք ունեն (հավաքված նյութերի ընդահանուր ցանկերի ստեղծում, արխիվացրած նյութերի թվայնացում, նոր գիտարշավների կազմակերպում, արհեստագործներին աջակցության տրամադրում, ժողովրդական ավանդական ծեսերի, սովորույթների և տոնակատարությունների ներկայացում հանրությանը, ազգագրական կենտրոնների ստեղծում և այլն):

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բնագավառում օրենսդրական առաջին քայլերից էր այն, որ ՀՀ մշակույթի նախարարության առաջարկով, 2006 թ. մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց 2003 թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի "Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին" կոնվենցիան: Վերոնշյալ կոնվենցիաով նախատեսվում է, որ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ, այդ թվում նաև ընդունեն անհրաժեշտ իրավական ակտեր:

2006 թ. նոյեմբերի 23-ի N 46 արձանագրային որոշմամբ ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացավ "Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգը": Հայեցակարգը կանխանշեց ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում պետական քաղաքականության ուղղությունները, խնդիրները, նպատակները և անհրաժեշտ միջոցառումները:

Հայեցակարգի դրույթները գործնականում իրականացնելու և անհարժեշտ ֆինանսավորում ապահովելու նպատակով, ՀՀ Կառավարության 2007 թ. մայիսի 3-ի N 17 արձանագրային որոշմամբ հաստատվեց "Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը", (link-3) որի իրականացումը սկսվել է 2008 թ.-ից մի շարք ծրագրերով, մասնավորապես, ոլորտին առնչվող մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման ծրագրի իրականացումը,

  1. պետական արխիվներում, գիտակրթական հաստատություններում պահպանվող ոչ նյութական մշակութային արժեքների թվայնացումը,
  2. ազգագրական երգի ու պարի վարպետության դասընթացների կազմակերպումը,
  3. ֆիլմերի, հեռուստառադիո հաղորդաշարերի ստեղծումը,
  4. ազգային խաղերի մրցույթների կազմակերպումը,
  5. ուսումնական և խորհրդատվական ձեռնարկների կազմումը և հրատարակումը,
  6. գիտարշավներին պետական աջակցության տրամադրումը և այլն:


2008 թ. շարունակվել են.
  1. ՅՈՒՆՍԿՕ-յի աջակցությամբ 2007 թ. ստեղծված "Հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգությունը" խորագրով icha.mincult.am ինտերնետային կայքի նյութերի համալրումը,
  2. ոչ նյութական մշակութային ժառանգության խնդիրներին վերաբերող □Գիտելիք և խորհդամիշ, հավատալիք և սովորույթ□ խորագրով 4-րդ գիտաժողովը (1-ին գիտաժողովը կազմակերպվել է 2005 թ., 2-րդը` 2006 թ., 3-րդը` 2007 թ.), (link տեղեկատուի գրգեր բաժնի ժողովածուների վրա)
  3. ժողովրդական արհեստագործության կենտրոնների հիմնումը:


Վերոնշյալ արձանագրային որոշման հավելվածի 1-ին կետով նախատեսվում էր "Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին" ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Այժմ օրենքի նախագիծը ՀՀ Կառավարության կողմից ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը: Օրենքը կարգավորելու է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացների ժամանակ ծագող իրավահարաբերությունները, ներառյալ՝ ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, ՀՀ մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության և այլ ժողովուրդների հետ մշակութային հաղորդակցման խնդիրները, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պետական մարմինների իրավասությունները։ Ակնկալում ենք, որ Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի պահպանել, մոռացությունից փրկել ոչ նյութական մշակութային ժառանգությունը և ապահովել նրա կենսունակությունը, կնպաստի ինչպես մեր ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով զբաղվող մշակութային, գիտական հիմնարկների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, անհատ հետազոտողների կողմից կատարվող ուսումնասիրությունների ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ազգային փոքրամասնությունների ժողովրդական ավանդույթների պահպանմանը և ուսումնասիրմանը, նրանց մշակույթի զարգացմանը, այնպես էլ կաշխուժացնի տարածաշրջանային և միջազգային համապատասխան կառույցների հետ համագործակցությունը՝ ապահովելով ոչ նյութական մշակութային արժեքներ ստեղծող, պահպանող և փոխանցող համայնքների, խմբերի հնարավորինս լայն մասնակցությունն այդ ժառանգության պահպանության, զարգացման և տարածման գործին:

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում մշակութային քաղաքականությունը իրականացվում է.

  1. պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով,
  2. ոչ պետական տեղական /հասարարկական/ կազմակերպությունների և անհատ ստեղծագործողների միջոցով
  3. միջազգային ոչ պետական կազմակերպությունների միջոցով:


Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում գործառույթներ են իրականացնում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող □Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոն□ և □Ժողովրդական արվեստի պետական թանգարան□ ՊՈԱԿ-ները:

Հասարակական կազմակերպությունների և անհատ ստեղծագործողների համար ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում քաղաքականության իրականացման գործում ներգրավման նապատակով մրցութային կարգով իրականացվում են դրամաշնորհային ծրագրեր : 2008 թ. իրականացվող ծրագրերից կարող ենք նշել.
  1. "Հայկական ժողովրդական խաղերի կենտրոն" հասարակական կազմակերպության կողմից իրականացվելիք "Վարդավառի տոնակատարություն" ծրագիրը,
  2. "Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմադրամի" կողմից իրականացվելիք "Հայկական հուշանվերային գորգի ստեղծում" ծրագիրը.
  3. Ժողովրդական վարպետներ Անահիտ և Անժելա Աբգարյանների կողմից իրականացվելիք "Ձեռարվեստի կենտրոնի ստեղծում" ծրագիրը:
Միջազգային ոչ պետական կազմակերպություններից մեր հիմնական գործընկերներից է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ արդյունավետ համագրոծակցության օրինակներից է այն, որ 2005 թ. նոյեմբերի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դուդուկի երաժշտությունը ներառվեց մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների ցանկում:

Դուդուկի երաժշտության` "Մարդկության ոչ նյութական և բանավոր մշակութային ժառանգության գլուխգործոց" ճանաչելու շրջանակներում ներկայացված "Հայկական դուդուկի երաժշտության պահպանության գործողությունների ծրագիրը" հավանության արաժանացավ Ճապոնիայի կառավարության կողմից, որը պատրաստակամություն էր հայտնել վերջինիս և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև կնքված համաձայնագրի հիման վրա (Japanese Funds-in-Trust for the Preseravtion and Promotion of Intangible Cultural Heritage) ֆինանսավորել վերոնշյալ ծրագրի իրականացումը: Ծրագիրն այժմ իրականացնում են □Հայ ժողովրդական երաժշտության պահպանում□ և "Կենաց ծառ" հասարակական կազմակերպությունները:

"Հայ ժողովրդական երաժշտության պահպանում" հասարակական կազմակերության կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացվում են □վարպետության դասեր□, բացօթյա համերգներ, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել դուդուկի մրցույթ-փառատոն /2008 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին/ և դասախոսություններ: "Կենաց ծառ" (link ՀԿ-ի սայթին) հասարակական կազմակերպությունը իրականացնում է դուդուկի մասին ինտերնետային կայքի և արխիվի ստեղծումը:
zukerman-march-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: