ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության աջակցությամբ բացվել է «Արաբական անկյուն»
11.10.2019

ՀՀ-ում ԱՄէ դեսպանատան աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, IBBY Հայաստանի և IBBY ԱՄԷ-ի նախաձեռնությամբ` հոկտեմբերի 11-ին, գրադարանում տեղի է ունեցել  «Արաբական անկյան» պաշտոնական բացումը:

«Արաբական անկյան» բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ՀՀ-ում ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, դեսպանության ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ ու հյուրեր:

Ողջունելով ներկաներին «Արաբական անկյան» պաշտոնական բացման առիթով՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը նշել է, որ բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցային կապերը և միջմշակութային հաղորդակցությունը գրադարանի գործունեության առաջնահերթություններից են, ուստի պատահական չէ, որ տարիների ընթացքում գրադարանում հիմնված գերմանական, իրանական, չինական անկյունների շարքում, այսուհետ, իր ուրույն տեղը կզբաղեցնի նաև «Արաբական անկյունը»: «Գրադարանի այս տարվա մշակութային իրողություն դարձած նախաձեռնությունների և ծրագրերի շարքում յուրովի է իմաստավորվում «Արաբական անկյան» բացումը, որը, վստահ եմ, արաբական աշխարհի հարուստ պատմությանը, մշակույթին, գրականությանը, արվեստին, կենցաղին և ավանդույթներին ծանոթանալու, ինչպես նաև հայկական և արաբական լեզվամշակույթների ներկայացուցիչների միջև արդյունավետ հաղորդակցության հարթակ կդառնա»,- ասել է նա:

Գրադարանի տնօրենը վստահություն է հայտնել, որ «Արաբական անկյունը» հնարավորություն կտա ընթերցողներին ոչ միայն հաղորդակցվել, այլև մշակութային երկխոսության միջոցով զարգացնել ու բացահայտել իրենց մտավոր ներուժն ու ունակությունները:

Ռ. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և գրադարանի անունից շնորհակալագիր հանձնել ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը փոխանցել է նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի և շնորհակալական խոսքը ծրագրի աջակիցներին և կազմակերպիչներին՝ Հայաստանի մշակութային և կրթական լավագույն հաստատություններից մեկում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Արաբական անկյան» բացման և այն մանկական գրականությամբ համալրելու համար:

Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ նորաբաց անկյան միջոցով հայ երեխաները կծանոթանան արաբական մշակույթին, պատմությանը, ինչն էլ կնպաստի արաբերենի նկատմամբ հետաքրքրության խորացմանը՝ առավել արդյունավետ դարձնելով միջմշակութային երկխոսությունը: «Գրադարանը համալրվել է արաբական բազմաժանր գրականությամբ, մասնավորապես՝ հեքիաթներով, որը գրականության կարևոր ժանրերից է. այն խորությունը և ազդակները որոնք գալիս են հեքիաթներից շատ հետաքրքիր և կարևոր դռներ կարող են բացել երեխաների ճանաչողության, աշխարհընկալման, մարդասիրության տարածման առումով»,- նշել է Ն. Խաչատուրյանը:

ՀՀ-ում ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին շնորհավորել է ներկաներին կարևոր ծրագրի իրականացման կապակցությամբ և նշել, որ այս համագործակցությունը աջակցություն է կրթության և մշակույթի ոլորտներին: ««Արաբական անկյան» բացումը կարևոր է երեխաների, ապագա սերունդների համար և մենք այստեղ ենք, որպեսզի ավելի խորացնենք ու զարգացնենք   միջմշակութային երկխոսությունը: Իրականացնելու ենք նաև այլ նախաձեռնություններ և ծրագրեր մշակույթի և կրթության  ոլորտներում»,- ասել է դեսպանը: 

Տեղեկացնենք, որ «Արաբական անկյան» բացումը երկամյա համագործակցության արդյունք է, որի հիմքերը դրվել են Շարժայի միջազգային գրքի տոնավաճառում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, IBBY Հայաստան և IBBY ԱՄէ գործընկերությամբ: 2018 թվականին IBBY Հայաստանի գործընկեր IBBY ԱՄէ-ն՝ երեխաների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման արաբական «Կալիմաթ» հիմնադրամի աջակցությամբ պատրաստակամություն է հայտնել աջակցելու գրադարանում Արաբական անկյան հիմնմանը՝ նվիրաբերելով շուրջ 1500 միավոր՝ մանկական հեքիաթներ, գեղարվեստական գրականություն, բնական գիտությունների, սոցիոլոգիայի մասին գրքեր, իսկ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը կահավորել և տեխնիկապես վերազինել է արաբական անկյուն-սրահը:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: