ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Արտո Չաքմաքչյանի հիշատակը միշտ վառ կմնա արվեստակիցների, հարազատ ժողովրդի և սերունդների հիշողության մեջ
01.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին, 86 տարեկանում կյանքից հեռացել է քանդակագործ, նկարիչ Արտո (Հարություն) Սուրենի Չաքմաքչյանը:
Արտո Չաքմաքչյանը ծնվել է 1933 թվականին Կահիրեում (Եգիպտոս): Քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկանից։ 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ 1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։ 1975 թ. Հայաստանից մեկնել է Կանադա՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում։ 1978 թվականից սկսած քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդել Քվեբեքի համալսարանում։
Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք քաղաքների հասարակական վայրերում։ Նրա գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, արտասահմանյան մասնավոր հավաքածուներում և թանգարաններում: 
1960-ական թվականներին Արտո Չաքմաքչյանն առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը (Մոր, Կոստան Զարյանի (երկուսն էլ՝ բրոնզ), Առնո Բաբաջանյանի (երանգավորված գիպս, երեքն էլ՝ 1965 թ., ԺԱԹ), Կոմիտասի (1969 թ., բրոնզ, ՀԱՊ) դիմաքանդակները, «Ազատություն» (1973 թ., հրակավ) հորինվածքը։
Դեկորատիվ-կիրառական քանդակներից են՝ «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» (երկուսն էլ՝ 1959 թ., ջնարակ), որոնք աչքի են ընկնում ազգային քանդակաձևերի յուրօրինակ մեկնաբանմամբ։ 1970-ական թվականներից Արտո Չաքմաքչյանի արվեստում ի հայտ են եկել վերացական ձևերով ընդհանրացված խորհրդանշական գործեր («Երկու ծավալ», «Նստած մարմին», «Ծավալ № 1», երեքն էլ՝ 1975 թ., գիպս, «Ուղերձ», «Անառակ որդին», երկուսն էլ՝ 1990 թ., բրոնզ) և գրաֆիկական շարքեր («Սևը և ճերմակը», 1976 թ., և այլն)։
Նա համբավի է արժանացել «Կոմիտաս» (1983 թ., բրոնզ, Դետրոյտ) և «Ապրիլյան հուշակոթող» (1984 թ., բրոնզ, Տորոնտո) մոնումենտալ հուշարձաններով։ 1960 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։ 2010 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը:
Արտո Չաքմաքչյանը 2005 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե և «Մովսես Խորենացի» մեդալներով, 2009 թվականին՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Նարեկացի» մեդալով: 2014 թվականին պարգևատրվել է «Արշիլ Գորկի», իսկ 2015 թվականին՝ Պատվո շքանշանով:  
Արտո Չաքմաքչյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արվեստակիցների, հարազատ ժողովրդի և սերունդների հիշողության մեջ:  
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: