ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Նոր հեռանկարներ ոլորտի զարգացման համար. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվները ստորագրեցին համագործակցության հուշագիր
11.07.2019

Հուլիսի 10-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվները ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, հայաստանյան դասական երաժշտարվեստի կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարները։

Հուշագիրը ստորագրվեց 2018 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանում դասական երաժշտության կայուն զարգացումը՝ կոլեկտիվների կարողությունների հզորացման և զարգացման, դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության, երաժշտական զբոսաշրջության խթանման, միջոցառումների մասին տեղեկատվության հասանելիության մեծացման, ֆինանսական հոսքերի ավելացման, ինչպես նաև նորարարական լուծումների ներդրման միջոցով։

«Մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում «Իմ քայլը» հիմնադրամը 514 մլն 866 հազար դրամ է տրամադրել դասական երաժշտության խմբերին որպես հավելավճար: Բայց մեզ համար կարևոր է ոչ միայն նվազագույն խնդիրները լուծելը, այլ դրանք լուծելով հանդերձ՝ մեր առջև դնել շատ ավելի մեծ նպատակներ և հնարավորություններ ստեղծել, որ մենք կարողանանք այն, ինչ ունենք, աշխարհին ներկայացնել արժանվույն, այլ ոչ թե մեր խմբերը ստիպված լինեն ամսական աշխատավարձի խնդիր լուծել: Դա մեզ պատիվ չի բերում»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

Նա վստահություն հայտնեց, որ հուշագրի շրջանակում, եթե բոլորը կատարեն իրենց պարտավորությունները, կարճ ժամանակում դասական երաժշտությունը Հայաստանում  նոր մակարդակի կբարձրանա:

«Այն որակը, որ մենք ունենք Հայաստանում իրավունք չունենք վարվել այնպես, ինչպես վարվել ենք երկար տարիներ, որովհետև սա մեր հարստություններից է, այն է, ինչ մենք պետք է վաճառենք աշխարհին, թանկ վաճառենք: Դրա համար մեծ ջանք է պահանջվում: Այստեղ հավաքվածները մինչև հիմա ինչի որ հասել են, հասել են սեփական աշխատանքի, նախաձեռնողականության շնորհիվ: Ըստ էության աշխատել են առանց աշխատավարձի, մինիմում ֆինանսական միջոցներով մաքսիմումն անելու ճանապարհով»,- ասաց Աննա Հակոբյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ասաց, որ հուշագրի ստորագրմամբ նախատեսում են դասական երաժշտական կոլեկտիվների համար միասնական առցանց հարթակ ստեղծել, որն առաջին հերթին հնարավորություն կտա հասանելի դարձնել դասական երաժշտության մասին տեղեկատվությունը ոչ միայն տեղի, այլև արտասահմանյան լսարանին:

«Ցանկանում ենք օգնել բոլորին իրենց մարքեթինգային և բրենդինգային կարողությունների զարգացման հարցում: Մեր օրերում շատ կարևոր է այս կամ այն կոլեկտիվի գործունեությունը ճիշտ փաթեթավորելն ու մատուցելը»,- շեշտեց Ղազարյանը՝ նշելով, որ դասական երաժշտարվեստի զարգացումը կարող է նպաստել նաև երկրի զարգացմանն ու հարստացմանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և նշեց, որ բարեհաջող ընթացքի դեպքում ծրագիրը կարող է մոդել լինել այլ ոլորտների համար: Նա նախարարության լիակատար աջակցությունը հայտնեց ծրագրի իրականացմանը։

Դասական երաժշտության բարեկամներ ծրագրի շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամն աջակցում է Կոմիտասի անվան ազգային քառյակին, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի պետական կամերային երգչախմբին, Հայաստանի պետական կամերային նվագախմբին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, «Հովեր» պետական կամերային երգչախմբին, «Երևանյան հեռանկարներ» դասական երաժշտության միջազգային փառատոնին։ Նշվածներից բացի, հուշագրին միացել է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Հուշագիրը ստորագրեցին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն ՀԿ-ի նախագահ Ստեփան Ռոստոմյանը։

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: