ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մեկնարկում է Խաչատրյանի միջազգային մրցույթը
05.06.2019

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի  նախաձեռնությամբ` ս. թ. հունիսի 6-14-ը կանցկացվի Խաչատրյանի միջազգային մրցույթը: Գործընկեր՝  ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ:
Այս տարի նշվում է մրցույթի 15-ամյա հոբելյանը, որն անցկացվում է «Դաշնամուր» մասնագիտությամբ։
Նշենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է և իրականացվում է միջազգային չափանիշներով։
Հունիսի 6-ին` կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի մեծն կոմպոզիտորի հիշատակին։ Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Համերգային ծրագրում. Արամ Խաչատրյան- Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Գեորգս Պելեցիս-Բագատել դաշնամուրային տրիոյի և նվագախմբի համար:
Ելույթ կունենան Խաչատրյանի անվան եռյակը՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ):
Մենակատար՝ Հայկ Մելիքյան (դաշնամուր): Ծրագրում՝  Արամ Խաչատրյան-Դաշնամուրի կոնցերտ:
Համերգը ղեկավարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանը:
Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երիտասարդ երաժիշտների, նրանց մասնագիտական առաջխաղացման հնարավորություն տալ և աշխարհում է՜լ ավելի հանրայնացնել Խաչատրյանի երաժշտությունը։
Այս տարի խաչատրյանական մրցույթի հաղթողի կոչման համար կպայքարի 12 երկրի 30 մասնակից, որոնք ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։ Տարեցտարի ընդլայնվում է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած երաժիշտների աշխարհագրությունը, ինչը խոսում է մրցույթի հեղինակության, բարձր չափանիշների մասին։
Մրցույթի տարբեր տարիների դափնեկիրներն այսօր հայտնի են ամբողջ աշխարհում և բազմաթիվ այլ միջազգային մրցույթների հաղթողներ են ճանաչվել: Նրանց թվում են Նարեկ Հախնազարյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Միրան Վոպոտիչը, Անդրեյ Իոնիցան, Ֆյոդոր Ռուդինը, Յարոսլավ Նադրժիցկին և այլք:
Մրցույթն անցկացվելու է երեք փուլով. հունիսի 7-8-ին, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի՝ Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում տեղի կունենա առաջին փուլը, հունիսի 9-10-ին նույն վայրում՝ երկրորդ փուլը, հունիսի 12-13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մրցույթի եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ անցած դաշնակահարները ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Իսկ հունիսի 14-ին փակման գալա համերգի ընթացքում կհայտարարվեն մրցույթի հաղթողն ու դափնեկիրները։
Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերի պարտադիր կատարման ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրին այս տարի գլխավորելու է մեծ ճանաչում վայելող դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են անվանի երաժիշտներ՝ դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին, Բելառուսի ժողովրդական արտիստ, դաշնակահար Իգոր Օլովնիկովը, Իսրայելի հայտնի դաշնակահար Թոմեր Լևը, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ Վեյ Ճանը, մեծահամբավ դիրիժոր Իլյա Ստուպելը, մեծ ճանաչում վայելող դաշնակահար, պրոֆեսոր Սերգեյ Էդելմանը։
Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի շրջանակում այս տարի կանցկացվի նաև լուսանկարչական մրցույթ: Մասնակցել ցանկացողները կարող են հունիսի 6-11-ը Khachaturian International Competition ֆեյսբուքյան էջին ուղարկել 15-րդ հոբելյանական մրցույթի հետ կապված իրենց լուսանկարները (համերգներ, մրցութային փուլեր, մրցույթի մասնակիցներ, մրցութային ժյուրի և այլն)։ Հրապարակված և առավելագույն հավանություններ ստացած լուսանկարները կցուցադրվեն Արամ Խաչատրյան համերգասրահի ցուցասրահում, մրցույթի փակման 15th Khachaturian International Competition | Gala Concert-ի շրջանակում:  
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: