ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հրաչյա Աշուղյանի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասեր հասարակության սրտերում
15.05.2019

2019 թ. մայիսի 13-ին, 80 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ «Մովսես Խորենացի», ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը:
Հրաչյա Աշուղյանը հայ թատրոնի վաստակաշատ երախտավորներից էր, ում հարուստ ստեղծագործական կյանքը արվեստի նվիրական ծառայության վառ օրինակներից է:
Հրաչյա Աշուղյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 7-ին, Թբիլիսիում: 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1963-75 թվականներին աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1975 թվականից` հայկական հեռուստաթատրոնում որպես ռեժիսոր, հետագայում` գլխավոր ռեժիսոր: 1967 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2002 թվականից` պրոֆեսոր), 1992 թվականից` Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1975 թվականից հեռուստաթատրոնում բեմադրել է Լ. Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Ե. Օտյանի «Թաղականին կնիկը», Զ. Դարյանի «Օր առանց մայրամուտի», Մ. Մրոժեկի «Վտարանդիներ», Գ. Սունդուկյանի 4 վոդևիլի հեռուստաներկայացումները: Մի շարք զանգվածային թատերականացված հանդիսությունների հեղինակ է («Էրեբունի-Երևան», «Գլաձորի 1700-ամյակը», 1-3-րդ համահայկական խաղեր, «Ավարայր-1550», «Հայոց գրերի 1600», բազմաթիվ հոբելյանական երեկոներ և այլն): Բեմադրություններ է իրականացրել նաև արտասահմանում: 1987 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, 2006 թվականին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումների: «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» արժանացել է «Արտավազդ» մրցանակի:
Հրաչյա Աշուղյանը բծախնդիր և աշխատասեր մարդ էր: Լինելով մեծն Վարդան Աճեմյանի աշակերտը` կրում էր իր մեջ վարպետից ժառանգած մասնագիտական որակները, գործին տրվում էր անմնացորդ, ուներ թիմային զգացողություն և հաճույքով էր աշխատում  լայնամասշտաբ նախագծերում: Հրաչյա Աշուղյանի ռեժիսորական, հեռուստատեսային և բեմական մտածողությունը բազմաշերտ էր և նորարարական, բացօթյա մասսայական տեսարանների հմուտ վարպետ: Անմնացորդ նվիրումով էր աշխատում երիտասարդ սերնդի հետ՝ փոխանցելով նրանց իր գիտելիքները, եռանդը, կենսուրախությունը:
Հրաչյա Աշուղյանը բացառիկ անհատ էր մեր իրականության մեջ, ով առանձնակի հետք թողեց հայ թատերարվեստում:
Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասեր հասարակության սրտերում:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հրաչյա Աշուղյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Հրաչյա Աշուղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա, մայիսիս 16-ին, ժամը 18:00-20:00, Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` մայիսի 17-ին, ժամը 11:00-13:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից (Իսահակյան 1):
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Կառավարական հանձնաժողով
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: