ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Անգլիական հեղինակավոր երաժշտական գործակալության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձայնագրել է Ա. Խաչատրյանի և Պ. Չայկովսկու սիմֆոնիաները
11.02.2019

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, մինչ 2019 թվականի առաջին համերգը, անգլիական հեղինակավոր «Wright Music Management»-ի նախաձեռնությամբ, ձայնագրել է Պյոտր Չայկովսկու թիվ 6 «Պաթետիկական» և Արամ Խաչատրյանի թիվ 2 մեծակտավ սիմֆոնիաները: Ձայնագրությունը կատարվել է հայտնի շվեդական «BIS» ընկերության հնչյունային ռեժիսոր՝ Յենս Բրաունի կողմից: Ս. թ. փետրվարի 11-ին և 14-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Պյոտր Չայկովսկու թիվ 6 «Պաթետիկական» և Արամ Խաչատրյանի թիվ 2 մեծակտավ սիմֆոնիաները: Ինչպես ձայնագրությունների ժամանակ, այնպես էլ համերգներին դիրիժորական վահանակի մոտ է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը: Երկու համերգներն էլ կտեսագրվեն իսպանական «DAKAPP» ընկերության կողմից և խմբագրական աշխատանքներից հետո կցուցադրվեն հանրահայտ «Medici» երաժշտական հեռուստաալիքով:
Պ. Չայկովսկու և Ա. Խաչատրյանի վերը նշված սիմֆոնիաների ձայնագրությունը և տեսագրությունը մեծ իրադարձություն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ողջ հայկական ու համաշխարհային դասական կատարողական արվեստի համար: Ամբողջ աշխարհում Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի կատարողական վարպետությամբ դատում են նվագախմբի որակի մասին: Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայի ձայնագրությունը հայկական և համաշխարհային երաժշտական պատմության համար կարևորվում է նրանով, որ երկար տարիների ընդմիջումից հետո այժմ ունենք այս սիմֆոնիայի որակյալ թվային ձայնագրությունը՝ կատարված Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից: Սա նաև կարևոր առիթ է հանրահռչակելու Արամ Խաչատրյանի երաժշտությունը և Հայաստանի դասական կատարողական արվեստը՝ ի դեմս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի: Ա. Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան շատ կարևոր տեղ է զբաղեցնում կոմպոզիտորի երաժշտական ժառանգության մեջ: Այն գրվել է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին և արտացոլում է այդ բարդ ժամանակաշրջանի մարդկանց խոհերը, ապրումներն ու հաղթանակի հանդեպ հավատը, այն ներծծված է իրական մարդասիրությամբ: Այս ստեղծագործությունը հերոսական և հայրենասիրական ժանրի վառ օրինակ է: Ա. Խաչատրյանը նվագախմբի կազմում ընդգրկել է նաև զանգեր, որի շնորհիվ երաժշտական գրականության մեջ այն անվանում են նաև «Ղողանջներով սիմֆոնիա»:
Փետրվարի 11-ին կհնչեն Պ. Չայկովսկու թիվ 6 «Պաթետիկական» սիմֆոնիան, Պեցցո կապրիչոզոն և Ռոկոկո թեմայով վարիացիաները թավջութակի և նվագախմբի համար: Համերգի մենակատարն է Անաստասիա Կոբեկինան, ով երիտասարդ սերնդի ամենախոստումնալից թավջութակահարուհիներից է:
Փետրվարի 14-ին կհնչեն Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան, ինչպես նաև Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար: Մենակատարներն են ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և թավջութակահարուհի՝ Անաստասիա Կոբեկինան: Անուշ Նիկողոսյանը մերoրյա հայ ջութակահարների ամենավառ ներկայացուցիչներից է: Բազմիցս հանդես է եկել համաշխարհային ճանաչում ունեցող նվագախմբերի և դիրիժորների հետ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


qochari-may-25
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: