ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. փետրվարի 8-ին, «Iravunk.com» լրատվական կայքում հրապարակված «Արայիկ Հարությունյանի «վոյաժները» Մշակույթի նախարարությունում» նյութում զետեղված տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշման համաձայն պետական մարմինները կարող են ներգրավել փորձագետներ:
ՀՀ մշակույթի նախարարությունում գրահրատարակչության, գրականության հանրահռչակման ոլորտում բյուջետային ծրագրերի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքների, գնումների գործընթացների կազմակերպման և համակարգման գործառույթների, ինչպես նաև մշակութային միջոցառումների իրականացման ծրագրերով ֆինանսավորման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում որոշակի ժամկետով ներգրավել փորձագետներ: Որոշման համաձայն փորձագետների ներգրավման վերաբերյալ հայտարարությունները տեղադրվել են նախարարության պաշտոնական կայքէջում դեռևս 2019 թվականի հունվարի 24-ին և հունվարի 31-ին: Սահմանված ժամկետներում հայտարարությունների արդյունքները հրապարակվել են ս. թ. փետրվարի 7-ին:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքային այցը ՀՀ մշակույթի նախարարություն տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 5-ին:
«Iravunk.com» լրատվական կայքի խմբագրակազմը կամ նյութի հեղինակը պարտավոր էին նման տեղեկություններ հրապարակելուց առաջ դրանք ճշտել ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ լրատվամիջոցը միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում: