ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Համազգային թատրոնը նոր ծրագրերով ու 2019-ի անելիքով
24.12.2018

Դեկտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Նավասարդյանը: Վերջինի որոշմամբ էլ երեկ Թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Նարինե Գրիգորյանը: Նրանք այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով Համազգայինի ճակատագրի ու հետագա անելիքի վերաբերյալ իրենց մոտեցումները:
Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանի առջև դրված ամենահրատապ խնդիրը՝ վերացնել այն թերությունները, որոնք խանգարում են հատկապես հանդիսատեսին. հնամաշ բեմ, պատառոտված կուլիսներ և այլն: Հիմնանորոգման չեն պատրաստվում, թերևս թեթև շտկումներ միայն, քանի որ Համազգային թատրոնի շենքի վերակառուցման խնդիրն առաջնային օրակարգում է:
«Այնքան շատ ծրագրեր կան, որ թվում է՝ կյանքը չի հերիքելու: Հիմնական բեմից զատ թատրոնի նախասրահում նախատեսում ենք ստեղծել թատրոն-սրճարան, ցուցահանդես-ներկայացումներ ենք կազմակերպելու: Մեր աշխատանքում ակտիվորեն ներգրավելու ենք Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներին. երիտասարդների կողքին ենք լինելու, ինչպես մեր կողքին են եղել և մե՛զ են օգնել ժամանակին: Մեր ուշադրության առանցքում է լինելու ժամանակակից դրամատուրգիան: Կյանքը փոխվում է, ուրեմն պետք է փոխվի նաև թատրոնը, որպեսզի հետաքրքրի ժամանակակից մարդուն»,-ասաց Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:
Ի դեպ, նրա տեղեկացմամբ 2019-ին Համազգայինի առաջին պրեմիերան տեղի կունենա հունվարի 28-ին. կներկայացնեն ժամանակակից հայ դրամատուրգ Սառա Նալբանդյանի հեղինակած «Պատերազմի խաղալիքները» պիեսի հիման վրա ստեղծված բեմադրությունը:
Համազգային թատրոնի 2019-ի կարևորագույն խնդիրներից է՝ պատշաճորեն նշել թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի 90-ամյակը: Նոր թատերաշրջանը կնվիրեն Վարպետին, հոբելյանական հյուրախաղեր կունենան ինչպես հանրապետության մարզերում, այնպես էլ արտասահմանում: Համազգայինի նորոգված ճեմասրահն այցելուներին առաջիկայում կրկին կդիմավորի Սոս Սարգսյանի մեծադիր լուսանկարով:
Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կոլեկտիվի բողոքն ընդդեմ Թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի, դեկտեմբերի 12–ին հանգուցալուծվեց վերջինի հրաժարականի դիմումով: Իսկ ավելի վաղ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նաև նրա կողմից նշանակված Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը: 
«Այնուամենայնիվ, ինչու՞ չփորձեցիք աշխատել Սուրեն Շահվերդյանի հետ»,-լրագրողի հարցին ի պատասխան Արման Նավասարդյանն ասաց.
«Պարզապես նրա Թատրոն մտնելու ձևն էր սխալ: Սուրենը սխալ ժամանակին, սխալ տեղում հայտնվեց: Փառք ու պատիվ նրան իր որոշման համար: Այսօր էլ ես կգրկեի Սուրենին, եթե հանդիպեինք:
Ուզում եմ շնորհակալություն ասել նաև Վիգեն Չալդրանյանին՝ զիջելու համար, որովհետև հակառակ կողմի՝ կոլեկտիվի զիջումը պարզապես կործանելու էր Համազգային թատրոնը: Շատ կցանկանայինք, որ հետագայում Վիգեն Չալդրանյանը համաձայներ աշխատել մեզ հետ: Նախկինում մենք նրա հետ սիրով ենք համագործակցել որպես դերասան և ռեժիսոր, մեր հարաբերությունները չեն ստացվել նրա հետ որպես ղեկավար»:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: