ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Լիլիթ Մակունց. «Տարիների ընթացքում փառատոնն իր առջև դրված մի շարք նպատակներ է իրականացրել»: Մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը
07.11.2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ նոյեմբերի 6-ին մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին: Փառատոնի կազմակերպիչ՝ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամ: 
Փառատոնի բացման արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով փառատոնի բացման կապակցությամբ, նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունը նշել է. «Տարիների ընթացքում փառատոնն իր առջև դրված մի շարք նպատակներ է իրականացրել, որոնցից է՝ մանուկների և պատանիների  գեղագիտական դաստիարակությունը, զարգացումը, աշխարհընկալման ձևավորումը: Նաև շատ կարևոր արժեքներից և փիլիսոփայությունից է բխում փառատոնն անցկացնել՝ ապակենտրոնացված: Սա է պատճառը, որ այն այս տարի մայրաքաղաքից տեղափոխվել է մարզեր, հնարավորություն ընձեռելով բազմաթիվ երիտասարդների մասնակիցը լինելու փառատոնի ողջ ընթացքին, և ինչու չէ նաև բացահայտելու իրենց կարողությունները, նոր կապեր ձեռք բերելու և առաջին քայլերն անելու այս ոլորտում: Մեկ անգամ ևս ողջունում եմ բոլորին և մաղթում՝ բարի երթ»: 
Նշենք, որ փառատոնը Երևանում և Արցախում կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը, իսկ Հայաստանի 5 մարզերում՝ նոյեմբերի 5-11-ը /Շիրակ՝ ք. Գյումրի, Լոռի՝ ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Շնող համայնք, Թեղուտ համայնք, Քարկոփ համայնք, Գեղարքունիք՝  ք. Գավառ, ք. Մարտունի, Արմավիր՝ ք. Էջմիածին, Կոտայք՝ գ. Զովունի/: Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում: 
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 186 ֆիլմ՝ 63 երկրից: Ծրագիրն այս տարի համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և «Երեխաները` երեխաների համար»: 
14-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ կիրականացնի «Վիշեգրադ-Հայաստան նոր նախաձեռնություններ` միջմշակութային կինոերկխոսությունը ընդլայնելու համար» /Երևան, ՀՀ մարզեր/ հատուկ ծրագիրը՝ ուղղված Վիշեգրադի երկրների /Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա/ և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության խորացմանը: Ծրագիրը կիրականացվի Երևանում և ՀՀ մարզերում՝ ներառելով ավելի շատ հանդիսատես, Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնն օգտագործելով որպես աջակցող հարթակ: 
Շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջմշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակում Ռուսաստանից ժամանած ականավոր կինոգործիչների հետ տեղի կունենան հանդիպումներ, կանցկացվեն վարպետության դասեր, ֆիլմերի պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ և այլն: Պատվավոր հյուրերից են՝ անվանի կինոգետ, պրոդյուսեր, դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Նիկա» մրցանակի կրկնակի դափնեկիր, կինոքննադատ Արմեն Մեդվեդևը, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե Արմավենի» մրցանակակիր, «Նիկա» մրցանակի քառակի դափնեկիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինը: 
Գյոթեյի անվան ինստիտուտի հետ համատեղ հատուկ ծրագրի շրջանակում Գերամանիայի Դաշնությունից Հայաստան կժամանի Կլաուդիա Պրիեցելը: Տեղի կունենա «Սուպեր Մոդոն» /ռեժիսոր՝ Լիկարիոն Վայնայնա, Գերմանիա/, «Ավազ» /ռեժիսոր՝ Դիրք Քումմեր, Գերմանիա, Չեխիա/, «Վենդի 2. հավերժ ընկերներ» /ռեժիսոր՝ Հաննո Օլդերդիսսեն, Գերմանիա/ ֆիլմերի պրեմիերաները: 
Ճապոնիայի միջազգային հիմնադրամի աջակցությամբ հատուկ ծրագրի շրջանակում Ճապոնիայից Հայաստան կժամանի ռեժիսոր, անիմատոր Միյո Սատոն և հայ հանդիսատեսին կներկայացնի «Աղվեսներ» անիմացիոն ֆիլմը: Անվանի անիմատորը հանդիպումներ կունենա Հայ-ռուսական համալսարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Սահակյանց անիմացիոն ստուդիայում: 
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում նախատեսվում են կինոդիտումներ, պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, հանդիպումներ բուհերում, հանրակրթական դպրոցներում, ստեղծագործական հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ, վարպետության դասեր, ինչպես նաև մի շարք սոցիալական, կրթամշակութային ծրագրեր: 
Փառատոնի աջակիցներն են` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ-ում Կանադայի դեսպանությունը, Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Երևանում Գյոթեի անվան ինստիտուտը /Գերմանիա/: 
Փառատոնի ծրագիրը և ազդագիրը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: