ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«ԴասA». հեղափոխական մոտեցում մշակութային կրթության ոլորտում
06.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ մեկնարկում է «ԴասA» նախագիծը։

«Դպրոցականների շրջանում մշակույթի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար մեզ անհրաժեշտ են բազմաբովանդակ ու բազմաժանր ծրագրեր: Արդեն տրվել է Դպրոցական աբոնեմենտային ծրագրի` թանգարանների փուլի մեկնարկը: Ընթացքի մեջ են ևս մի քանի ծրագրեր: «ԴասA» նախագիծը, որի մեկնարկն ազդարարում ենք այսօր, առնչվում է դասական երաժշտությանը: Վստահ եմ, որ Սերգեյ Սմբատյանն իր հետաքրքիր ու նորարարական մեթոդներով երեխաների մեջ սեր կառաջացնի դասական երաժշտության հանդեպ»,-ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

ՀՀ կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքով. «Ծրագիրը միտված է մշակութային բարձր արժեքները դպրոց բերելուն, մեր աշակերտներին դասական երաժշտություն լսել սովորեցնելուն: Պարոն Սմբատյանի հետ մենք որոշեցինք ստեղծել ծրագիր, որը կլուծի այդ երկու կարևորագույն խնդիրները»:

«Ինչո՞ւ «ԴասA»։ Անվանումը խորհրդանշական է. կազմված է «դասական» բառի «դաս» արմատից, իսկ A տառով նշում են վեցերորդ նոտան՝ Լյա (լատ.՝ la), որով սովորաբար լարում են բոլոր երաժշտական գործիքները: Այս նոտան դասական երաժշտության խորհրդանիշն է»,-պարզաբանեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«ԴասA»-ն ուղղված է պատանիների մշակութային կրթությանը։ Սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնեց այս ծրագիրը՝ որպես նոր մոտեցում գեղագիտական կրթության բնագավառում, որի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ, որոնք հիմք կհանդիսանան հետագայում առավել կիրթ, առաջադեմ հասարակության ձևավորման համար:
«ԴասA» նախագիծը կմեկնարկի Երևանի 35 ավագ դպրոցներում` ներգրավելով 10-12-րդ դասարանների` 14-17 տարեկան 13 532 աշակերտի։
Ծրագիրը կանցկացվի երեք փուլով. Սիմֆոնիկ նվագախմբի անդամները` գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, դպրոցներում աշակերտների հետ կիրականացնեն նախապատրաստական աշխատանքներ։ Հատուկ մշակված ծրագրի և համապատասխան պատրաստում անցած մասնագետների միջոցով կտրվեն երաժշտական բազմաշերտ գիտելիքներ։ Այնուհետև աշակերտները «Արամ Խաչատրյան» համերգասրահում կունկնդրեն հատուկ իրենց համար պատրաստված համերգային ծրագրերը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, որոնք թվով 18-ն են։ Հատկանշական է, որ ծրագրում մեծամասամբ ներառված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հետադարձ կապի միջոցով ուսումնասիրվելու է ծրագրի ազդեցությունն ու արդյունավետությունը։ Մոնիթորինգն իրականացվելու է «ԴասA» բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի կլինի առաջին համերգին` նոյեմբերի 10-ին։

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: