ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Շրջանառության մեջ դրվեց Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված երկու նամականիշ
06.11.2018

Ս. թ. նոյեմբերի 6-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում` Հովհաննես Զարդարյանի «Ակունք» ցուցահանդեսի սրահում, «Հայփոստ» ընկերության կողմից մարվեց ու շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ` նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

Նամականիշերից մեկի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, մյուսի վրա` Հովհաննես Զարդարյանն իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին:

Նամականիշերի պաշտոնական մարումը կատարեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, «Հայփոստ» ընկերության նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

«1956 թվականին Հովհաննես Զարդարյանը ստեղծեց իր գլուխգործոցը` «Գարունը», որը և պատկերված է նամականիշերից մեկի վրա: Գեղանկարչությունից զատ նրա տաղանդը դրսևորվել է նաև արվեստի այլ ոլորտներում: Զարդարյանը Հայաստանում առաջիններից մեկն էր, ով ստեղծել է որմնանկարային բնապատկերներ»,-նամականիշերի մարման պաշտոնական արարողությանը հաջորդած իր խոսքում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

«Հայփոստ» ընկերության նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով` թողարկված նամականիշերը մեր պատմության, մշակույթի յուրօրինակ դեսպաններն են: Իսկ «Գարունը» կարող է դառնալ մեր մշակույթի ամենագունեղ «դեսպաններից» մեկը:

Հովհաննես Զարդարյանի սիմվոլիկ-այլաբանական «Գարուն» կտավը «ձնհալքի» խորհրդանիշն էր և դարձավ ողջ խորհրդային կերպարվեստի լավագույն նմուշներից մեկը: Նկարչի դստեր` Անահիտ Զարդարյանի խոսքով` ցավոք, ժամանակին կտավը Հայաստանում չընկալեցին ու այն այժմ գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում:

«Ինչ վերաբերում է Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին, պետք է ասեմ, որ այս տարի այն նշեցինք հավուր պատշաճի. կազմակերպվեց երկու ցուցահանդես, մեկը Հայաստանի նկարիչների միությունում, մյուսը` Հայաստանի ազգային պատկերասրահում: Առաջիկայում լույս կընծայվի Զարդարյանի երկհատորյա մենագրությունը: Փետրվարին 100-ամյակը մեծ շուքով նշվեց նաև Մոսկվայի նկարիչների ակադեմիայում»,-ասաց Անահիտ Զարդարյանը:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: