ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ, ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
11.06.2018

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է, որ Երևան քաղաքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում և պահպանական գոտիների համակարգում որևէ քաղաքաշինական գործունեություն, ամրակայման, նորոգման կամ վերականգնման աշխատանք իրականացնելիս, անհրաժեշտ է այն նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության՝ պետության  կողմից լիազորված մարմնի հետ, դիմելով նաև Երևանի քաղաքապետարան:
Նախարարությունը, հիշեցնելով, որ ոլորտը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատ­մական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ, հայտարարում է, որ հետամուտ է լինելու վերոնշյալ օրենքի և որոշման սահմանած կարգի խստագույնս  պահպանմանը՝ նույնը պահանջելով պատկան մարմիններից, կազմակերպություններից և անհատներից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հիշեցնում է, որ համաձայն նշված օրենքի՝
Հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ (հոդված 16),
Հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների հատակագծման, կառուցապատման և վերակառուցման նախագծային առաջադրանքներն ու նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ (հոդված 19),
Հուշարձանների քանդումն արգելվում է:
Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:
...Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ (հոդված 21):
Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա,
Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ (հոդված 22),
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ (հոդված 30):
Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման և օգտագործման հետ կապված քաղաքաշինական խնդիրները լուծելու նպատակով, 2010-ից գործող «Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման հուշարձանների պահպանական գոտիների նախագիծ»-ը սահմանում է դրանց ռեժիմները (պայմանակարգը), ներառելով հուշարձանների հետ կապված այլ տվյալներ:         
ՀՀ մշակույթի նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշումը ընդգրկում է 976 հուշարձան, այդ թվում.
Հնագույն ժամանակաշրջանից մեզ հասած հնագույն բնակատեղիներ, ամրոցներ, դամբարաններ, պաշտամունքային և աշխարհիկ կառույցներ, գերեզմաններ և Հայաստանի այլ տարածքներից բերված հուշարձաններ:
Միջնադարից` կամուրջներ, եկեղեցիներ, խաչքարեր, իսկ իրանական տիրապետման շրջանից (XVIIդ.)` մզկիթներ, ժողովրդական տներ, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերը, Շահար ու Դամիր Բուլաղ թաղամասերի մնացորդները:
Ռուսական տիրապետման շրջանից` փողոցների և թաղամասերի ամբողջական ու առանձին հատվածներ, եկեղեցիներ, արտադրական, հասարակական և բնակելի շենքեր:
Թամանյանի օրերից` Երևանի գլխավոր հատակագծով իրականացված քաղաքաշինական համակարգը, բնակելի և հասարակական համալիրներ, արդյունաբերական, արտադրական և ինժեներական կառույցներ, զբոսայգիներ, պուրակներ և մոնումենտալ արվեստի նմուշներ:
Ետթամանյանական և նորագույն շրջանից` առանձին հասարակական կառույցներ և մոնումենտալ արվեստի հուշարձաններ:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը շահագրգիռ  անձանց, մարմիններին առաջարկում է պատկան օրենքին և որոշմանը մանրամասնորեն ծանոթանալով՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ՝ մեր հնամյա ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ միջավայրի, մեր ժառանգության հանդեպ դրսևորել ԺԱՌԱՆԳՈՐԴԻՆ և ՔԱՂԱՔԱՑՈՒՆ արժանի գիտակցություն, ընդառաջել և օգնել նախարարությանն իր իրավասությունների և պարտականությունների լիազոր իրականացման պատվավոր գործում:
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: