ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայտարարություն. ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս համայնքի Սբ Ամենափրկիչ վանքի վերաբերյալ
29.05.2018

Ի հավելումն 2018 թվականի մայիսի 23-ի՝ ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս համայնքի վարչական տարածքում գտնվող Սբ Ամենափրկիչ եկեղեցու մասին հրապարակած հայտարարության՝ ներկայացնում ենք հավելյալ տեղեկատվություն հուշարձանի հնագիտական ուսումնասիրությունների արդյունքների և հուշարձանի հետագա պահպանությանն ուղղված քայլերի հաջորդականության մասին:

2012 թ. ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը հնագետներ Արման Նալբանդյանի և Խաչիկ Վարդանյանի ղեկավարությամբ իրականացրել է հնագիտական աշխատանքներ ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սբ Ամենափրկիչ վանքի տարածքում՝ հիմք ունենալով եկեղեցու տեղափոխման որոշման նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում էր այն տեղափոխել Ագարակ քաղաք: Հիշյալ նախագիծը 2012 թվականին ներկայացվել է ՀՀ կառավարություն, բայց այն մինչ օրս չի հաստատվել և հետաձգվել է անորոշ ժամանակով:

Արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում, բացի բուն եկեղեցուց, ի հայտ են եկել նաև կցակառույց մի շարք սենյակների պատերի հիմքեր, հատակներ, տնտեսական նշանակության սենյակներ, թոնրատուն և այլն, որոնց սահմանները ձգվում են տարածքի պեղված գոտուց դուրս: Սա վկայում է, որ այնտեղ գործել է մի ամբողջ վանական համալիր:

Հանքի շահագործումը և շարունակական պայթեցումները տվյալ տարածքում կարող են վտանգել ողջ հնավայրի գոյությունը: Պայթեցումները ցնցումների ձևով զգացվում են բուն վանքի տարածքում: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եկեղեցու տեղափոխումը պետք է բացառել, քանի որ կխախտվի դրա պատմական միջավայրը և կապը վանական համալիրի օժանդակ մյուս կառույցների հետ: Եկեղեցուն կցակառույց շինությունները կարող են մեծ վնասներ կրել դրա տեղափոխման արդյունքում: Նաև կարևոր է այն, որ եկեղեցին կառուցված է ուշ միջնադարյան Սյունիքին բնորոշ կոպտատաշ բազալտ և գրանիտ քարերի խառը շարվածքով և կրաշաղախով, ինչը գործնականում անհնար է դարձնում հուշարձանի անխաթար և համալիր տեղափոխումը: Կրաշաղախի վրա առկա են ուխտավորների թողած բազմաթիվ գրություններ, որոնք տեղափոխման դեպքում նույնպես հնարավոր չէ պահպանել:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ մշակույթի նախարարությունը առաջարկում է և հետամուտ է լինելու քայլերի հետևյալ հաջորդականությանը.

1. Բացառել հուշարձանի տեղափոխումը՝ հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները:

2. Կազմել /լրամշակել/ և հաստատել հուշարձանի պահպանական գոտին:

3. Իրականացնել եկեղեցու սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր փորձաքննություն /Արտակարգ իրավիճակների նախարարության և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ համատեղ/:

4. Փորձաքննության արդյունքների հիման վրա որոշել եկեղեցու հետագա ամրակայման նպատակահարմարությունը՝ հանքի շահագործումը շարունակելու կամ դադարեցնելու պարագայում:

5. Հանքի շահագործումը շարունակելու դեպքում քննարկել պայթեցման աշխատանքները այնպիսի հեռավորության վրա իրականացնելու հնարավորությունը, որի դեպքում հուշարձանի պահպանությանը վտանգ չի սպառնա:  

Կից ներկայացնում ենք Կուրիս համայնքի Սբ Ամենափրկիչ վանքի լուսանկարները՝ կատարված 2012 թվականի պեղումների ժամանակ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


khnko-aper-21
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: