ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Վարչապետին ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության 2017 թ. գործունեության արդյունքներն ու 2018 թ. անելիքները
08.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն է ներկայացրել 2017 թ. մշակույթի նախարարության կողմից իրականացված միջոցառումների մասին, մասնավորապես առանձնացնելով Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, որը Հայաստանի մասշտաբով ռեկորդային այցելություններ է ապահովել՝ 46207 այցելու. 1 ամսվա ընթացքում պատկերասրահի՝ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը կազմել է շուրջ 15 մլն դրամ (2016 թ. պատկերասրահի տարեկան եկամուտը միայն տոմսերի վաճառքի մասով եղել է շուրջ 15 մլն դրամ): Կազմակերպվել են «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն և «Music Drive Fest» երաժշտական առաջին միջազգային ռոք-փառատոնը: Հիմնադրվել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը: Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման 4 փառատոն, ապրիլի 24-ին կազմավորվել է և Երևանում համերգ է ունեցել Համահայկական նվագախումբը: Տեղի է ունեցել Հայ-վրացական գեղարվեստական ճամբարը՝ Հայաստանի և Վրաստանի պատանի երաժիշտների համար, «Ջոն Մալկովիչը Հայաստանում» ծրագիրը: Կայացել է «Ահեղ դատաստան» մուլտիմեդիա ներկայացման առաջնախաղը՝ օպերային թատրոնի կողմից եվրոպական թատրոններից ձեռք է բերված վիրտուալ դեկորացիաների համակարգի հիման վրա: Ստեղծվել է հայ-իրանական առաջին լիամետրաժ ֆիլմը, Թեհրանի ազգային թանգարանում տեղի է ունեցել «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդեսը: 2 միջոցառումն էլ լայն արձագանք են գտել և մինչ օրս այցելուների մեծ հոսք ունեն: Իրականացվել է «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի ու Արցախի 111 համայնքում և ՀՀ ԶՈՒ զորամասերում կազմակերպվել է 426 մշակութային միջոցառում. ծրագիրը շարունակվելու է նաև 2018 թ.: 
Մեկնարկել է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ստեղծման և ներդրման գործընթացը (անցկացվել է մրցույթ). նախատեսվում է 3 ամսից համակարգը ներդնել Երևանում, 7 ամսից՝ ողջ հանրապետությունում: 13 թանգարան ստեղծել է հուշանվերների նոր տեսականի, գործարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի առցանց խանութը: Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման 4 փառատոն, ընդլայնվել է գրավաճառ ցանցը՝ նոր գրախանութների ստեղծմամբ և շարժական գրախանութների (գրաբուսների) գործարկմամբ: Իրականացվել են օրենսդրական դաշտի կատարելագործման աշխատանքներ: 
Մշակույթի նախարարի խոսքով՝ 2017 թ. ոլորտում իրականացվել է 2 782 591 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում. մասնավոր ներդրումը կազմել է 2 680012 ԱՄՆ դոլար, պետական համաֆինանսավորումը՝ 102 579 ԱՄՆ դոլար: Մասնավորապես, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներդրվել է ներկայացումների էլեկտրոնային տարբերակի ցուցադրման համակարգ, ստեղծվել են գինու պատմության թանգարան, ժամանակակից ձևաչափով գրախանութ և «CINEMA» կինոդերասանի կենտրոն-ստուդիա, իրականացվել են «Շրջիկ կինոթատրոն», Հ. Թումանյանի տուն-թանգարանի ենթակառուցվածքների արդիականացման, Տիկնիկների թանգարանի ստեղծման, «Աուդիոգիդ բջջային հավելված» ծրագրերը, տեխնիկապես վերազինվել է Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներդրվել է արևային ֆոտովոլտային համակարգ, իրականացվել են հուշարձանների վերականգնման, ամրակայման, պեղման աշխատանքներ: 
Արմեն Ամիրյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության 68 ՊՈԱԿ-ների համախառն եկամուտները 2017թ. գրանցել են աճի կայուն տեմպեր՝ կազմելով 1 748 537.8 հազ. դրամ՝ 2016 թ. 1 331 849.7 հազ. դրամի դիմաց: 
2018 թ. նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումները՝ նոր թանգարանների բացում, Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի բացում, Միասնական երգչախմբի և Համահայկական նվագախմբի համերգներ, Մայիսյան հերոսամարտի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի ցուցադրություն, «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք», Պարի համահայկական փառատոն, Կոմիտաս փառատոն, գիտաժողով, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում քաղաքակրթական ցուցահանդեսի բացում, գրավաճառ ցանցի ընդլայնում և այլն: 
Կարեն Կարապետյանը նախարարության առջև խնդիր է դրել՝ սահմանել հստակ ձևակերպված հաշվելի թիրախներ ըստ ոլորտային ուղղությունների: «Չափազանց կարևոր է իմանանք մեր մշակույթը և ինքնությունը: Չափազանց կարևոր է նաև մեր մշակույթն այլ երկրներում տարածելը և մեր քաղաքացիներին այլ մշակույթներին ծանոթացնելը, որպեսզի հանդուրժողականությունը, որը բնորոշ է մեր ազգին այլ երկրում ապրելու դեպքում, սեղմվի այստեղ: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես չափազանց շահագրգռված եմ, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն ունենան գնալ կինո, թատրոն, իրենց պատմությունը ճանաչեն: Այս ամեն ինչը պետք է ձևակերպել խնդիրների, նպատակների տեսքով: Եթե չենք կարողանում ձևակերպել, խնդիրը չի լուծվում», - նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե գյուղական համայնքներում ազգային մշակույթի տարածման ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում: Մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը զեկուցել է, որ այդ նպատակով 2017 թ. մեկնարկել է «Արար» խորագիրը կրող «Ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագիրը: Սահմանամերձ 13 համայնքում արդեն ստեղծվել է 13 կենտրոն, որոնցում ընդգրկված են այդ համայնքներից ընտրված մասնագետներ և շուրջ 350 երեխա անվճար հիմունքներով ներգրավված է արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող խմբակներում՝ քանդակագործություն, նկարչություն, թատերարվեստ, խաչքարագործություն, երգ, պար, ասեղնագործություն և այլն: 2018 թ. նախատեսվում է եռապատկել կենտրոնների թիվը: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հնարավորություններ և մեխանիզմ ստեղծել նաև մասնավոր, այդ թվում՝ արտերկրի մեր հայրենակիցներին ծրագրի տարածման գործում ներգրավելու համար: 
Անդրադառնալով գերատեսչության 2018 թ. առաջնային անելիքներին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հստակ ձևակերպել Հայաստանի մշակութային քաղաքականության նպատակները. «2017 թվականն ամփոփելուց հետո 2018-ի համար կոնկրետ խնդիրներ ձևակերպեք: Ուսումնասիրեք միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե ինչ ինդիկատորներ կան, որոնք կարող են ուղեցույց լինել մեզ համար: Մենք պետք է հստակ ձևակերպենք՝ ինչպես ենք մեր քաղաքացուն մեր մշակույթը սովորեցնում, որպեսզի ինքն իրեն որպես հայ իդենտիֆիկացնի և ինչպես ենք մեր մշակույթը դրսում տարածում: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ ապրում են իմ ընկերները, բարեկամները և երեխաները, պատկերացնում եմ, թե ինչպիսի մշակութային միջավայր կուզենայի, որ լիներ, որպեսզի իրենք ժամանակակից քաղաքացի մեծանային: Ինչպե՞ս անենք, որպեսզի իրենք այս մշակույթի հետ առնչվեն, հայ մեծանան, իրենց մեջ այդ հպարտությունը լինի, բայց նաև ժամանակակից աշխարհի հետ համահունչ լինենք»:

 

ՀՀ կառավարության կայքէջից

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: