Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 3-4-ը աշխատանքային այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում։
Փետրվարի 3-ին, ՀՀ մշակույթի նախարարության և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջև ստորագրվել է պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը:
Փաստաթուղթը նախատեսում է ոլորտային փոխգործակցություն. համագործակցություն պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման, հնագիտական հրատապ պեղումների, հուշարձանների կադաստրի վարման ոլորտներում և այլն։
Ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր։
Նույն օրը, նախարար Ա. Ամիրյանին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ երկու երկրների նախարարների հետ քննարկել մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր: Այնուհետև, նախարարներն այցելել են մշակութային այն վայրերը, որոնք համագործակցությամբ առաջնահերթ աջակցության կարիք ունեն։ 2018 թվականի ընթացքում իրականացվելիք համատեղ մի շարք ծրագրեր արդեն որոշակիացված են։
Փետրվարի 4-ին՝ աշխատանքային այցի երկրորդ օրը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Արցախի իր պաշտոնակիցի հետ եղել է Տողի Մելիքական ապարանքում՝ գնահատելու պատմամշակութային արգելոցում վերականգնման, նոր ենթակառուցվածքների ստեղծման համատեղ աշխատանքի կարիքները։
Լուսանկարները ներբեռնել
այստեղ: