ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Քոչարի. ավանդական խմբապար» ՀՀ հայտը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում
06.12.2017

Ս. թ. դեկտեմբերի 4-ից Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) Ջեջու կղզում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ վեցօրյա նստաշրջանը: Մասնակցում են աշխարհի 113 երկրների 733 ներկայացուցիչներ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցներ:

Նստաշրջանի առաջին երկու օրերի ընթացքում ներկայացվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հիմնադրամի հաշվետվությունը և 2018-19 թթ. միջոցների օգտագործման ծրագրերը, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կիրարկման և ներկայացուցչական ու անհապաղ պաշտպանության ցանկերում գրանցված տարրերի կարգավիճակի վերաբերյալ անդամ երկրների պարբերական զեկույցները, որին հաջորդեցին տարբեր անվանակարգերի, միջազգային աջակցության խնդրանքների քննարկումները: Ընդհանուր առմամբ, քննարկվեցին կոնվենցիայի կիրարկման մասին 23 զեկույց, որից 11-ը ներկայացուցչական և 12-ը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկված տարրերի կարգավիճակի վերաբերյալ:

Նստաշրջանի օրակարգի կարևորագույն հարցերից են տարբեր երկրների կողմից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել են 47 հայտ, որից 6-ը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 34-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 3 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու և 4 հայտ`ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության լավագույն փորձի շուրջ:

Նստաշրջանին մասնակցելու նպատակով Հարավային Կորեա է մեկնել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպութ­յունների վարչության պետ, Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի գլխավոր քարտուղար Վ. Կաժոյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակությային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ Ռ. Ծատուրյանը։

Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2014 թվականին ներկայացրել էր «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը, որը 2017 թ. նոյեմբերին ՅՈՒԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության անկախ փորձագետների կողմից բոլոր չափորոշիչներով դրական էր գնահատվել։

Ս. թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի  արդյունավետ  համագործակցության շնորհիվ:

Քոչարի պարը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բնութագրական դրսևորումներից է և տարածված է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ու հայկական սփյուռքում։ Այն ավանդական մշակույթի այն հազվադեպ դրսևորումներից է, որի սերնդեսերունդ փոխանցման շղթան չի ընդհատվել, կենսունակ է և մեկտեղում է ազգային ինքնության, միասնականության ու համերաշխության բոլոր դրսևորումները՝ որպես կատարյալ ժողովրդական ստեղծագործություն։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործու­թյունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) տարրերը:

2016 թ. հունիսից` 4 տարի ժամկետով Հայաստանն ընտրվել է 24 երկրներից կազմված միջկառավարական կոմիտեի անդամ:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


isahakyan-dec-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: