ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ մշակույթի ոլորտի առաջիկա 5 տարիների ծրագիրը
10.07.2017

Ս. թ. հուլիսի 10-ին, «Հենարան» մամուլի ակումբում կայացած ՀՀ կառավարության մշակույթի ոլորտի ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նախ և առաջ նշեց, որ ՀՀ կառավարության գործունեության կարևորագույն ուղղություններից է բաց և թափանցիկ աշխատանքը՝ յուրաքանչյուր գործողության վերաբերյալ հանրությանն անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումն ու իրազկումը:
Անդրադառնալով մշակույթի ոլորտի ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրին, նախարարի տեղակալը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու հոգևոր և ազգային ավանդույթների վրա խարսխված մշակութային միջավայրի ձևավորմանը, մրցունակ մշակութային արտադրանքի ստեղծմանը և ծառայությունների մատուցմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և ժամանակակից մշակութային զարգացումներին հանրության լիիրավ մասնակցությանը, անհատի ստեղծագործական կարողությունների խթանմանը, ազգային ինքնության և քա­ղա­քա­ցիա­կան բարձր գիտակցությամբ օժտված հասարակության ձևավորմանը»:
Մշակույթի ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտը ներկայացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մինչև 2017 թվականի ավարտը կմշակվի «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, իսկ մինչև 2020 թվականի ավարտը կընդունի պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրից բխող իրավական ակտերը: Մշակութային արտադրանքի իրացման և ծառայությունների մատուցման գործընթացներում, տնտեսական աճի խթանման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2018 թվականների ընթացքում ներդնել միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ: Մշակութային ժառանգության ոլորտում տեղեկատվական հասանելիության նպատակով առնվազն 300 հուշարձանային համալիրում կմշակվի և կտեղադրվի միասնական նմուշի (եռալեզու) տեղեկատվական վահանակ-ցուցանակներ: Մինչև 2021 թվականի ավարտը կապահովվի մշակութային ժառանգության մատչելիությունը՝ դրանց թվայնացման միջոցով, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրա­դարանում առկա 1512-1960 թվականների անձեռնմխելի հավաքածուն, կինոժառանգությունը, երաժշտական ստեղծագործությունների նոտաները: Հայաստանում կինոարտադրության զարգացմանն ուղղված կառավարման ժամանակակից մոդելի ներդրման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա ավարտն ստեղծել «Ֆիլմ հանձնակատարի» ինստիտուտը: Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության ոլորտում երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդլայնել նպատակային և ստեղծագործական ծրագրերի ուղղությունները, իրականացնել մանուկների և պատանիների համար գիտաճանաչողական ծրագրեր: Մինչև 2017 թվականի ավարտը կստեղծվի «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագիրը: Մարզերում մշակութային ծառայությունների համաչափության, մատչելիության և հասանելիության ապա­հովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է շարունակել «Մշակութային կանգառ» ծրագրի իրականացումը, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի շուրջ 400 բազմաբնույթ (թատերահամերգային միջոցառումներ, կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ) միջոցառումներ կիրականացվեն: 2018 թվականից սկսած նախատեսվում է ընդլայնել ծրագիրը շարժական կինոթատրոնների ներդրմամբ, որի արդյունքում Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում կկազմակերպվի տարեկան մինչև 200 կինոցուցադրություն:
Օտարերկրյա պետություններում հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով նախատեսվում է հայ մշակույթը ներկայացնել օտարերկրյա պետություններում:
Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և սոցիալական մեդիայի ռեսուրսներում մշակութային բաղադրիչի ընդլայնման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2018 թվականից սկսած մեկնարկել պատմամշակութային ժառանգությունը, ժամա­նա­կակից արվեստը ներկայացնող, կրթական, դաստիարակչական ուղղվածություն ունեցող գիտա­­հանրամատչելի և ճանաչողական հեռուստահաղորդումների ստեղծման աշխատանքները: Մինչև 2021 թվականի ավարտը ՀՀ կառավարությունը նախատեսում է ավարտել հայկական մշակութային ստեղծագործական ներուժի գույքագրումը, տեղորոշումը և հաշվառումը, միասնական տեղեկատվական շտեմարանի (պորտալի) ստեղծումը:  
Ծրագիրն ամբողջությամբ՝ http://www.gov.am/files/docs/2207.pdf  /4.5. Մշակույթ, էջ 114/
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest-nov-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: