ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ռուբեն Գևորգյանցի պայծառ հիշատակը կմնա գործընկերների, մտերիմների, կինոսերների սրտերում
23.06.2017

Հայկական կինոարվեստը ծանր կորուստ կրեց: 2017 թվականի հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը (Կևորկով):
Ռուբեն Ստեփանի Կևորկովը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին, Երևանում: 1964-69 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ավարտելուց հետո աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում, 1982-1989 թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավար, իսկ 1989 թվականից  մինչ օրս՝ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար:
Իր առաջին իսկ ֆիլմերից Ռուբեն Գևորգյանցը դրսևորեց իր բացառիկ տաղանդն ու համարձակությունը, ինքնատիպությունը՝ նոր շունչ բերելով հայ վավերագրական կինո: 
Ռուբեն Գևորգյանցը ստեղծել է ավելի քան 60 ֆիլմ, որոնցից 26-ը արժանացել են տարբեր միջազգային կինոփառատոների մրցանակների, 8-ը՝ գլխավոր մրցանակի՝ «Բարի հետք», «Ոգեշնչում», «Սպասում», «Կղզիներ», «Ռեքվիեմ», «Փարաջանով. վերջին կոլաժ», «Ընդմիշտ», «Հրաշագործի աշունը»: Վերջինս արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի:
1982 թվականին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, 2006-ին արժանացել ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը:
Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերից, իր մասնագիտական պարտքը կատարելով՝ եղել է ամենաթեժ կետերում, վավերագրել արցախյան պատերազմի տարեգրությունը: Պարգևատրվել է Հաղթանակի շքանշանով, Վ. Սարգսյան. «Արծիվ Մահապարտ»  շքանշանով:
1982-2015 թթ. դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ռուբեն Գևորգյանցը նաև սցենարիստ է, գրող և բանաստեղծ՝ երեք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, գրել է բազմաթիվ պատմվածքներ և «Փարաջանով. կոլաժ երկուսի համար» գիրքը:
Ռուբեն Գևորգյանցը հայկական կինոյի երախտավորներից էր, ում ակներև բանաստեղծականությամբ և հուզական շնչով ստեղծված ֆիլմերում երևակվեց հայ մարդու միտքն ու բարքը, նրա առօրյան, վավերագրվեցին մեր իրականության կարևոր և հանգրվանային դրվագները, մի ողջ դարաշրջանի պատմությունն ու իրադարձությունները:    
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Գևորգյանցի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը`  հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:  

Կառավարական հանձնաժողով


Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


pantomime-sept-29
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: