ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը կնշանավորվի երեք հոբելյաններով
05.06.2017

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը: 

««Ոսկե ծիրանը» ոչ միայն կինոյի տոն է, այլև արվեստի, մշակույթի ու տրամադրության տոն, որն ամեն տարի ջերմություն ու պայծառություն է բերում մեր քաղաքին: Փառատոնը կարևորագույն դերակատարում կունենա նաև կինոյի զարգացման՝ այս պահին մշակվող մեր հայեցակարգում, որովհետև «Ոսկե ծիրանը» նաև հարթակ է, որտեղ կարող են շփվել, մտքեր փոխանակել ու գործարար ծրագրեր քննարկել կինոգործիչները և կինոարտադրողները, բոլոր նրանք, ովքեր զարգացման նոր իրավիճակում շահագրգիռ են դաշտում իրենց լրջագույն դերակատարմամբ»,-«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող ասուլիսում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց նրանց, ովքեր դժվարագույն ժամանակներում կարողանում են կինոյի իրական տոն պարգևել հայ արվեստասերներին: Այդ գործում փառատոնի կազմակերպիչների կողքին հիմնադրման առաջին իսկ օրից ՎիվաՍել-ՄՏՍ-ն է՝ ի դեմս Ռալֆ Յիրիկյանի:
«Սա այն միջոցառումներից է, որոնց շնորհիվ մեր երկրի անունը հայտնվում է միջազգային կարևորագույն հարթակներում՝  ներկայացնելով, թե ինչ կարող է անել հայ մարդը նաև այս ոլորտում: «Ոսկե ծիրանի» կողքին լինելու նախապայմաններից մեկն էլ այն է, որ այն իսկապես սպասված տոն է և դրական մեծ լիցք է հաղորդում երևանցիներին ամեն տարի»,-ասաց կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը: 
Հուլիսյան մեկ շաբաթվա ընթացքում երևանյան արվեստասեր հանրությանը փառատոնի կազմակերպիչները խոստանում են «աչքի և հոգու խրախճանք»: «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ փորձում են բերել աշխարհի լավագույն ֆիլմերը, այդ թվում՝ ութ ֆիլմ Կաննի կինոփառատոնից, Բեռլինի ու Վենետիկի կինոփառատոներում հաղթած ֆիլմերը, Ռոտերդամի կինոփառատոնի երեք լավագույն ֆիլմերը և այլն: 
«14-րդ «Ոսկե ծիրանը» կնշանավորվի երեք հոբելյաններով: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվեն Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի անվանական աստղերը: Չմոռանանք՝  որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»,-ասաց Խաչատրյանը: 
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ փառատոնի բացման ֆիլմը Համո Բեկնազարյանի 1927 թվականին նկարահանած «Խաս-փուշն» է, որը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ: 14-րդ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմը ռեժիսոր Ջո Բեռլինգերի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Բնաջնջման մտադրություն» ժապավենն է: 
Նախարար Ամիրյանն իր խոսքում ընդգծեց, որ փառատոնի օրերին մայրաքաղաքի յոթ տարբեր հատվածներում կկազմակերպվեն կինոցուցադրություններ՝ շարժական յոթ կինոթատրոններով: 
Հանդիպման ավարտին լրագրողները նախարարին խնդրեցին գնահատել նաև Կաննի կինոշուկայում հայկական պատվիրակության գրանցած արդյունքը.
«Մենք ունենք կարևորագույն մի քանի նախագծերի շուրջ ընթացող բանակցություններ: Կառանձնացնեմ, թերևս, միայն մեկը. Արտավազդ Փելեշյանի «Տարերք» ֆիլմի վերաբերյալ մենք ունենք պայմանավորվածություն համաարտադրողների հետ: Կաննում արձանագրած արդյունքը ոչ թե քայլ առաջ էր, այլ մի քանի քայլ առաջ էր՝  նախորդ տարիների համեմատությամբ»:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: