ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարարի աշխատանքային այցը Դիլիջան
29.08.2015

Ս. թ. օգոստոսի 27-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաք: Աշխատանքային շրջայցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ Դիլիջանի մշակութային կյանքի անցուդարձին, անձամբ տեղեկանալ, թե արվեստի օջախներն իրենց գործունեության ընթացքում ինչ խնդիրների են առնչվում: Հասմիկ Պողոսյանն այցելեց Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, որը հետաքրքիր նախապատմություն ունի: Հայաստանում առաջին հնագիտական հայտնագործությունները կատարվել են Դիլիջանում՝ Րեդկին կոչվող վայրում, 1850-ական թվականներին: Տեղանքը կրում է ճանապարհաշինարար  ինժեներ Րեդկինի անունը, որն աշխատանքի բերումով ճամբարել է Դիլիջանի մոտակայքում՝ Աղստև գետի աջ ափին: Եվ պատահական չէ, որ հնագիտական հարուստ ավանդույթներ ունեցող Դիլիջանում մասնագիտությամբ մանկավարժ Եղիշե Հովսեփյանը 1950 թ. հիմնադրել է երկրագիտական թանգարանը: 2005 թ. Դիլիջան քաղաքի ֆինանսավորմամբ կառուցվել է թանգարանի նոր շենքը: Այստեղ հիմնականում պահպանվում են հազվագյուտ նկարներ՝ Հովհ. Այվազովսկու, Գ. Բաշինջաղյանի, Վ. Սուրենյանցի, Փ. Թերլեմեզյանի, Էդ. Շահինի, Լ. Լագորիոյի, Գրյոզի կտավները, ինչպես նաև 16-18-րդ դարերի եվրոպացի գեղանկարիչների աշխատանքներ: Թանգարանի հնագիտական բաժինն ամբողջական պատկերացում է տալիս Դիլիջանի տարածաշրջանի պատմության, հուշարձանների, տեղաբնակների պատմագիտական զարգացման, նրանց կենցաղավարության, նյութական մշակույթի, պատմաաշխարհագրական պայմանների մասին:
Թանգարանի տնօերն Ղազար Ղազարյանը, շեշտելով կտավների վերականգնման և ֆոնդապահների վերապատրաստման հարցում նախարարության ցուցաբերած աջակցությունը, բարձրացրեց այդ գործընթացի շարունակականության հարցը: Նախարարը խոստացավ ընթացք տալ խնդրին: Նա նաև առաջարկեց հնագիտական հարուստ նյութի վրա հիմնվելով՝ երկրագիտական թանգարանն ապագայում առանձնացնել պատկերասրահից, ինչը մշակութային երկու հաստատություններին հնարավորություն կտա ավելի ընդլայնվել:
Նախարարն առաջարկեց ստեղծել էլեկտրոնային և տպագիր կատալոգներ, որոնք արվեստասեր հանրությանը և զբոսաշրջիկներին հանգամանորեն կծանոթացնեն բոլոր ցուցանմուշների հետ: Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի ազգային պատկերասրահի վրա պարտավորություն կդրվի ավելի մեծ ուշադրություն դարձնել Դիլիջանի թանգարան-պատկերասրահին, ցուցաբերել մասնագիտական օժանդակություն, կազմակերպել ցուցահանդեսներ, վերապատրաստել մասնագետներ: Նախարարը Դիլիջանի քաղաքային իշխանությունների և մարզի ղեկավարության հետ քննարկեց մշակութային այս օջախի գործառույթները տարանջատելու՝ երկրագիտական թանգարանը պատկերասրահից առանձնացնելու հարցը, որի լուծումը ենթադրում է, որ տարածաշրջանում հնագիտական առաջին ուսումնասիրությունների բնօրրան Դիլիջանն իր պատմամշակութային հարստությունը ցուցադրելու ավելի մեծ հնարավորություն կունենա:
Հասմիկ Պողոսյանն այնուհետև այցելեց Երևանի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնի մասնաճյուղ հանդիսացող Դիլիջանի թանգարան, որի 9 ցուցասրահներում ներկայացված է ավելի քան 500 ցուցանմուշ՝ ժամանակակից հայ ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքներ, ազգագրական իրեր: Թանգարանն ի սկզբանե եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի առանձնատունը, որը Հովհաննես Շարամբեյանը հետագայում վերածել է ժողարվեստի թանգարանի: Նախարարը հանգամանորեն հետաքրքրվեց թանգարանի վերանորոգման, տեխնիկական վերազինման, ցուցասրահների բարեկարգման խնդիրներով և առաջնահերթ նշանակություն տվեց ժողովրդական արվեստի թանգարանի՝ առավել քայքայված հատվածների վերականգնմանը: Նախարարը հավաստիացրեց, որ մոտ օրերս մշակույթի նախարարության մասնագետները կայցելեն Դիլիջան՝ տեղում նախանշելու ժողարվեստի թանգարանի մասնակի վերականգնման նախագծի դրույթները:

Դիլիջանում ապրող և ստեղծագործող արվեստագետների համար հայրենի բնաշխարհը ոգեշնչման աղբյուր է: Ժողովրդական վարպետ Աշոտ Բաբայանի տուն-արվեստանոցում ծառ ու ծաղկի, քար ու հողի հավերժական խորհուրդն է թագավորում։ Հասմիկ Պողոսյանը ծանոթացավ ժողովրդական վարպետի աշխատանքներին, որոնք բնության հրաշագործությունների ինքնատիպ համադրություններ են: Ստեղծագործական նոր բացահայտումների մաղթանքով՝ նախարարը ժողովրդական վարպետին հանձնեց մշակույթի նախարարության պատվոգիր:

Այնուհետև Հասմիկ Պողոսյանը հյուրընկալվեց նաև դիլիջանցի արվեստագետ Ղազար Ղազարյանի արվեստանոցում: Գեղանկարչի աշխատանքներն ընդգրկված են Երևանի, Դիլիջանի, Մոսկվայի, Մարտունու թանգարանների, պատկերասրահների, ինչպես նաև  մասնավոր հավաքածուներում: Արվեստի զարգացման, հանրահռչակման, երիտասարդների գեղագիտական դաստիարակության գործում նշանակալի ավանդի համար նախարարն անվանի գեղանկարչին պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

Աշխատանքային այցի ավարտին նախարարը ներկա եղավ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը կազմակերպված «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնին, որն անց է կացվում Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնած «Երգի փառատոն-2015» նախագծի շրջանակում։ Երեկոյի ընթացքում իրենց հեղինակային ստեղծագործությունները ներկայացրին մրցույթի առաջին փուլի 10 հաղթողներ, որոնց միացան նաև «բարդ» ոճում ճանաչում ձեռք բերած երգիչ-կիթառահարներ:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: