ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայկական Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին` «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» հուշարձանների նախնական ցանկում
03.05.2013

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա` ապրիլի 18-ի նախօրեին, Եվրոպական ժառանգության պահպանության ոլորտում առաջատար «Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը հայտարարել է այն 14 անունները, որոնք ընդգրկվել են «7 առավել վտանգված» մշակութային ու պատմական կոթողների նախնական ցանկում: Մասնակից 21 երկրներից ու ներկայացված 40 հայտերից ցանկում է նաև հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս  եկեղեցին: Եկեղեցու հայտը մշակվել և ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Ինչպես նշվում է կազմակերպության պաշտոնական կայքէջում, վերջնական 7 կոթողների անունները կհայտարարվեն հունիսի 16-ին Աթենքում` «Եվրոպա Նոստրայի» 50-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ընթացքում:

«7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին` ոգեշնչված «ԱՄՆ-ի պատմական միջավայրի պահպանության ազգային վստահություն» ծրագրի հաջող իրականացմամբ: Դրա հիմնական նպատակներից էր մասնավոր և պետական մի շարք կազմակերպություններին միավորել միևնույն գաղափարի շուրջ և այդպիսով բացահայտել ժառանգության պահպանության հնարավոր ֆինանսական աղբյուրների տարբերակներ:

Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո` ամռան վերջին, «Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր կկատարի բոլոր 7 վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին կանցկացվեն ուսումնասիրություններ և կմշակվեն տարբերակներ կոթողները փրկելու ուղղությամբ: Փրկարարական առաքելության նախնական արդյունքները կհրապարակվեն տարեվերջին` դեկտեմբերի 5-ին, Բրյուսելում «Եվրոպա Նոստրայի» կողմից կազմակերպվող «Եվրոպական ժառանգության քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսի շրջանակներում:

«Եվրոպա Նոստրան» իրենից ներկայացնում է արագությամբ աճող քաղաքացիների շարժում` ուղղված եվրոպական ժառանգության պահպանությանը: Բաղկացած լինելով 250 անդամ և 150 անդամակցող կազմակերպություններից, 1500 անդամներից /անհատ/` կազմակերպությունն ուղղակիորեն նպատակ ունի իրականացնել եվրոպական ժառանգության հանրահռչակման քաղաքականություն ամբողջ Եվրոպայում, Եվրամիության հետ համատեղ իրականացնել եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություններ և քարոզչական աշխատանքներ տանել Եվրոպայի վտանգված պատմական հուշարձանների ու վայրերի և մշակութային լանդշաֆտների փրկության նպատակով: Հայաստանն «Եվրոպա Նոստրային» անդամակցել է 2012 թվականից:

«7 առավել վտանգված» ծրագրի նախնական ցուցակում ընդգրկված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին V դ. կառուցված միանավ տիպի եկեղեցի է: Այն հայ ճարտարապետության մեջ «գմբեթավոր դահլիճ» տիպի առաջին օրինակներից է, որը ստացվել է հնագույն եռանավ բազիլիկի վերակառուցումից: Ենթադրվում է, որ 3-րդ դ. վերջին կամ 4-րդ դ. սկզբին հեթանոսական մեհյանը «սրբագործվել է» ու վերածվել քրիստոնեական կառույցի, ապա՝ 5-րդ դ. վերջին կամ 6-րդ դ. սկզբին, Նիգ գավառի տեր Գրիգոր Գնթունի իշխանի պահանջով ու միջոցներով վերածվել է գմբեթավոր սրահի: Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթին իրականացվել է տրոմպների միջոցով: Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու գմբեթը հայ ճարտարապետության գմբեթաշինության մեջ ուրույն տեղ է գրավում, իր տեսակի մեջ հաջորդում է Տեկորի տաճարին, ինչպես նաև առաջիններից է պաշտամունքային ճարտարապետության մեջ առհասարակ:

1962-1967 թթ. ջրամբարի կառուցումից հետո այդ տեղում գտնվող Զովունի գյուղի երեք եկեղեցիներից երկուսը` Թուխ Մանուկ միանավ եկեղեցին (IV-V դ.) և Սբ Վարդան մատուռ-դամբարանը հնագիտական պեղումներով հետազոտվել, չափագրվել, ապամոնտաժվել և տեղափոխվել են մոտակա բարձունքի վրա: Երրորդը` Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, հետազոտվելուց հետո մնացել է իր համեմատաբար բարձրադիր տեղում, վերածվել  կղզու և տարվա մեջ մի քանի ամիս կիսով չափ ծածկված է ջրով: Վերջին վերանորոգման աշխատանքները կատարվել են 19-րդ դարի վերջերին, իսկ 20-րդ դարում արդեն քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը:

2009 թ. նախարարության պատվերով, ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» ՀԿ-ի կողմից իրականացվել է եկեղեցու մոնիթորինգ, և այն ընդգրկվել է ՀՀ առավել վտանգված հուշարձանների ցանկի մեջ: Միջազգային փորձագետների խորհրդատվության և տեղի մասնագետների կողմից մանրամասն նկարագրված գործողությունների, ինչպես նաև նախագծի կազմման արդյունքում միայն հնարավոր կլինի իրականացնել այդ բացառիկ նշանակության եկեղեցու տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Տեղափոխման վայրի ընտրության խնդիրը և անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կորոշվի նախնական ուսումնասիրության և նախագծման փուլում: Միևնույն ժամանակ, նախնական ուսումնասիրություններ կատարելու համար «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով 2013թ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել է հատկացնել 990 հազար դրամ գումար:

«7 առավել վտանգված» ծրագրի նախնական ցուցակում ընդգրկված 14 կոթողներ

Բոլոր կոթողներին մանրամասն ծանոթանալու համար այցելել Եվրոպա Նոստրայի պաշտոնական կայքէջ՝

http://www.europanostra.org/UPLOADS/FILS/7ME_Texts%20Advisory%20Panel_Final_Photos.pdf
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: