Հայ գրատպության 500-ամյակի ծրագրերի շրջանակներում` Հայփոստը սկսում է Հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ նամականիշերի թողարկում, որոնք հաջորդաբար կթողարկվեն նաև առաջիկա տարիներին: 2012 թ. ընթացքում շրջանառության մեջ դրվող նույնատիպ թողարկման նոր շարքի 7 նամականիշերի վրա պատկերված են հայոց այբուբենի Այբ տառից Է տառերը: Նամականիշերի հեղինակն է Մարիամ Կանայանը: 10 դրամից մինչև 280 դրամ անվանագին ունեցող այս նամականիշերը տպվել են Ֆրանսիայի Կարտոր (Cartor) տպարանում:
Նամականիշերի վրա պատկերված տառերը 5-10-րդ դարերի մշակված Երկաթագիր տառատիպերն են: Զարդանախշերը վերցված են հին հայկական մանրանկարներից և վերարտադրված են ձեռքով: Նամականիշերի յուրաքանչյուր թերթը զարդարված է տվյալ նամականիշի վրայի զարդանախշերով: Թերթերի վերևի հատվածում բերված են տողեր Ներսես Շնորհալու Առաւոտ լուսոյ շարականից:
Հայ գրատպության 500 ամյակի միջոցառումների համատեքստում` շրջանառության մեջ կդրվի նաև Սբ. Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկը` Գրիգոր Խանջյանի հայտնի գոբելենի պատկերով, որը ներկայումս պահվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Գեղաթերթիկի հեղինակն է Աշոտ Եղիազարյանը:
Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում շրջանառության մեջ դրվող 7 նույնատիպ նամականիշերից բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաքի պաշտոնական արարողության ժամանակ շրջանառության մեջ է դրել նաև <<Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք>> թեմայով գեղաթերթիկը:
2007-2011 թթ. նույնատիպ թողարկման նամականիշերի վրա պատկերված էր Տիգրան Մեծի դիմանկարը:
Այս տարի կթողարկվեն նաև <<Հնագիտական գտածո>> թեմայով նամականիշեր, որոնք նվիրված կլինեն Հայաստանում հայտնաբերված հնագույն կոշիկին, ինչպես նաև ավելի քան 5900 տարեկան կանացի ծղոտե փեշին: Կթողարկվեն Կոնյակագործության հիմնադրման 125 և Լուսինե Զաքարյանի 75 ամյակներին նվիրված այլ նամականիշեր ևս:
Ս. թ. հունիսի 19-ին, Հայստանի ազգային պատկերասրահում` նամականիշերի մարման հանդիսավոր արարողությանը ներկայացվեց նույնատիպ նամականիշերի նոր շարքը և Հայաստանում նույնատիպ նամականիշերի թողարկման պատմությունը:
Նամականիշերի մարման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ մշակույթի նախարարության <<Գրքի և հրատարակչական գործի կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյանը, <<Հայփոստ թրասթ մենեջմենթի>> հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, <<Հայփոստ>> ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի «Ֆիլատելիստների միության» նախագահ Հովիկ Մուսայելյանը:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3: