ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, <<Արվեստների Պատկերասրահ>> մշակութային հիմնադրամը՝ ս. թ. հունիսի 16-ից հուլիսի 9-ը անցկացնում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի 3-րդ փառատոնը: Փառատոնը նպատակ ունի զարգացնելու ալտ և թավջութակ գործիքների կատարողական արվեստը Հայաստանում, խթանելու այս գործիքների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև նոր երկերի ստեղծման գործընթացում ներգրավելու հայ և օտարազգի կոմպոզիտորներին:
Փառատոնի բացման հանդիսավոր համերգը կկայանա հունիսի 16-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգային ծրագրում կհնչեն Մ. Բրոնների, Յ. Յակուլովի, Մ. Կոկժաևի ստեղծագործությունները` մենակատարներ Արամ Թալալյանի /թավջութակ/ և Ջուլիետա Վարդանյանի /դաշնամուր/ մասնակցությամբ:
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի 3-րդ փառատոնը բաղկացած է 8 համերգային ծրագրից, որին մասնակցում են ավելի քան 50 երաժիշտներ` արտերկրից, ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական դպրոցների սաներ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողներ: Մարզային ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի լավագույն թավջութակահարներն այս տարի հնարավորություն կունենան մասնակցելու փառատոնի ծրագրերին: Փառատոնի ընթացքում կնշվեն հայ երաժշտարվեստի երախտավորներ Հենրիկ Թալալյանի 90 և Վիլլի Մոկացյանի 80-ամյա հոբելյանները: Նարեկացի արվեստի միության սրահում կցուցադրվի աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Ռուդոլֆ Բարշայի մասին պատմող <<Նոտա>> ֆիլմը:
Այս տարի, Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն` Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահ Օլեգ Գալախովը, կոմպոզիտորներ Միխայիլ Բրոնները /Ռուսաստան/, Յակով Յակուլովը /ԱՄՆ/, ջութակահարներ Բորիս Լիֆշիցը /Շվեյցարիա/, Հովհաննես Մոկացյանը /Գերմանիա/, Ռուդոլֆ Բարշայի այրին` երգեհոնահար Ելենա Բարշայը /Շվեյցարիա/, թավջութակահարներ Լևոն Մուրադյանը /Պորտուգալիա/, Դավիթ Մելքոնյանը /Գերմանիա/, դաշնակահար Տաթևիկ Մոկացյանը /Գերմանիա/:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը, դիրիժորներ՝ Միխայիլ Բրոններ, Յակով Յակուլով, Միխայիլ Կոկժաև:
Հունիսի 15-ին, ժամը 12:00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի 3-րդ փառատոնի մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, <<Արվեստների Պատկերասրահ>> մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանը, դաշնակահար Ջուլիետա Վարդանյանը, փառատոնի պատվավոր հյուրեր` Յակով Յակուլովը /ԱՄՆ/, Միխայիլ Բրոնները /Ռուսաստան/, Միխայիլ Կոկժաևը /Հայաստան/:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3: