ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Դրամաշնորհային մրցույթներ

 

 

2019 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի ներդրման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, միջազգային հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերը կհաստատվեն մրցութային կարգով:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի ս. թ. դեկտեմբերի 4-ի հրամանով հաստատվել է նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթի անցկացման կարգը և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը:

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ

ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթի հայտերն ընդունվում են հետևյալ ոլորտներով՝

◆ Տեսա և մեդիա արվեստներ (կերպարվեստ, վիդեոարվեստ, կինոծրագրեր (բացառությամբ կինոարտադրության նախագծերի), լուսանկարչություն, դիզայն, դեկորատիվ-կիրառական արվեստ),

◆ Կատարողական արվեստներ. թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ,

◆ Գրականություն (բացառությամբ հրատարակչական նախագծերի),

◆ Ժողովրդական արվեստներ և արհեստներ,

◆ Մշակութային ժառանգություն (թանգարաններ և գրադարաններ), 

◆ Մշակութային կրթություն:

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ

Մրցույթն անցկացվում է 8 անվանակարգում:

Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ պահանջներ:

 

◆ Տեսարվեստի  ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ)

 

◆ Երաժշտարվեստի և պարարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ

 

◆ Կինոարվեստի և թատերարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ

 

◆ Մշակութային կրթության և մանկապատանեկան ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ


◆ Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ

 

◆ Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր և միջոցառումներ

 

◆ Պատմամշակութային անշարժ և շարժական ժառանգության ոլորտի նախագծեր և միջոցառումներ /թանգարաններ/


◆ Գրի և գրչության ոլորտի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրքի և գրականության, ստեղծարար արդյունաբերության, մշակութային կրթության, մշակութային ժառանգության հետազոտության և կառավարման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային զբոսաշրջության և ներառականության խթանմանն ուղղված նորարական և հեռանկարային նախագծեր:

Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝

◆ Հայտադիմում՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1),

◆ Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2),

◆ Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,

◆ Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,

◆ Տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին,

◆ Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ:

Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ:

Հայտադիմումի փաթեթի լրացման ընթացքում առաջացած հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ մշակույթի նախարարություն՝ յուրաքանչյուր ծրագրի համապատասխան անվանակարգի ներքո զետեղված հեռախոսահամարով։

Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարության ընդհանուր բաժին՝ թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով։

 

ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ներկայացված հայտերից առաջնահերթություն է տրվում նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաև դեբյուտային, համաֆինանսավորվող, թիրախավորված և երկարատև արդյունավետություն ապահովող ծրագրերին։

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Դրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից և ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։ Առաջարկվող ծրագրի բյուջեն պետք է ներկայացվի ամբողջական ծավալով՝ առանձին նշելով նախարարությունից հայցվող գումարի չափը և համապատասխան ծախսերի նկարագիրը։

Հայաստանյան և միջազգային ընդգրկում ունեցող այն ծրագրերը, որոնց նախապատրաստման համար պահանջվում է ավելի ժամանակ, քան մրցույթի մեկ պարբերաշրջանն է, կարող են առաջարկվել նախորդ պարբերաշրջաններում, պայմանով, որ հայտադիմումի մեջ հստակ հիմնավորվի դրանց ընդգրկունությունը և աշխատանքային ժամանակացույցի մեջ մանրամասն նշվեն իրականացման փուլերը։

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 Հայտերի քննարկման և որոշումների կայացման գործընթացն իրականացնում է յուրաքանչյուր անվանակարգով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որը գործում է ռոտացիոն սկզբունքով:

Հանձնաժողովը բաղկացած է տվյալ ոլորտի մասնագիտական համայնքի ներկայացուցիչներից և նախարարության աշխատակիցներից (բովանդակային և օժանդակ վարչությունների ներկայացուցիչներ):

Ի պաշտոնե՝ հանձնաժողովները նախագահում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալները:

 

 ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

◆ Ներկայացված ծրագրերի գնահատումն անցկացվում է երկու փուլով՝ հայտերի գնահատում և վերջնական ընտրություն,

◆ Հայտերը գնահատվում են 10 բալանի համակարգով՝ ըստ բովանդակային և ֆինանսական քննության։ Բովանդակային գնահատումը կատարվում է համաձայն համապատասխան ոլորտում սահմանված չափանիշների,

◆ Հայտերի վերջնական ընտրության փուլն իրականացվում է գնահատված արդյունքների երկու բաղադրիչների համադրությամբ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: