ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հովհաննես Թումանյան-150
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Կոմիտասի և Հովհ․ Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումներին
18.10.2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

Ցուցահանդեսին կներկայացվեն Հովհաննես Թումանյանի և համաշխարհային մեծերի տարածաժամանակային առնչությունները, նրանց վիրտուալ զրույցն ու գնահատականը միմյանց: Ցուցադրության մեջ ներառվել են նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների՝ երեք տասնյակից ավելի լեզուներով թարգմանությունների տարբեր հրատարակությունները (105 գիրք), տպագրական այլ նյութեր: Ցուցահանդեսի կազմակերպիչն ու իրականացնողը «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ն է:

Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրում հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Երգչախումբը կներկայացնի հանճարեղ կոմպոզիտորի հարուստ խմբերգային ժառանգությունը. կհնչեն Կոմիտասի ստեղծագործական ժառանգության արժեքավոր նմուշներ՝ «Պատարագից» հատվածներ, հարսանեկան, լիրիկական, պանդխտության, աշխատանքային (հորովելներ) և այլ ժողովրդական երգեր: Համերգին, որպես մենակատարներ հանդես կգան Նվարդ Ալոյանը (դաշնամուր), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն), Աշխեն Թադևոսյանը (մեցցո սոպրանո):

Հոկտեմբերի 20-ին, Վարդապետի հոբելյանի կապակցությամբ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանցկացվի հոգևոր երաժշտության համերգ:         

Տեղեկացնենք, որ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին ընդառաջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում նշված հոբելյաններն ընդգրկելու վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում արժանացել էր հավանության: Այդպիսով, Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված՝ «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ընդգրկվել են «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: