ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայաքաղաք
«Գորիսն, այսուհետ, նույնպես մշակույթով կշնչի և կզարգանա առավել ակտիվ». Լիլիթ Մակունց: Կայացավ «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի փակման արարողությունը
24.11.2018

Ս. թ. նոյեմբերի 23-ին Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի եզրափակիչ միջոցառումներին հաջորդեց ծրագրի պաշտոնական փակման արարողությունը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Պաշտոնական արարողությանը ներկա էին նաև ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը, ԱՊՀ երկրների պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ:

Դիմելով հյուրերին և Գորիսի բնակիչներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն իր ողջույնի խոսքում ասաց. «Վստահաբար մենք այսօր հրաժեշտ չենք տալիս մշակութային մայրաքաղաքին: Այս տարվա ընթացքում քաղաքը մեծ թվով արվեստագետներ, մշակույթի գործիչներ և արվեստասերներ հավաքեց իր շուրջը: Հուսով եմ, որ Գորիս համայնքի և, առհասարակ, Սյունիքի մարզի մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան լսելու դասական երաժշտություն, վայելելու ջազային հրավառություն, գնահատելու տարբեր ժողովուրդների թատերարվեստի հմտությունները, ձեռարվեստի գործերը, ազգային երաժշտությունը, ֆիլմերը… Գորիսն իր հյուրընկալ դռները բացեց մշակութային բոլոր ծրագրերի առջև: Լիահույս ենք, որ քաղաքն, այսուհետ, նույնպես մշակույթով կշնչի և կզարգանա առավել ակտիվ: Ցանկանում եմ նշել և շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին՝ ԱՊՀ  հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամին, ԱՊՀ կառույցին, ՌԴ մշակույթի նախարարությանը, Գորիսի համայնքապետարանին, Սյունիքի մարզպետարանին, Արդշինբակին…»:

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրա­քաղաք» միջպետական  ծրագ­րի կայացման գործում զգալի ավանդ ունենալու համար, նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրերով պարգևատրեց բոլոր այն  գործընկեր կառույցներին և կազմակերպություններին, որոնց աջակցության շնորհիվ կյանքի կոչվեց այս կարևոր ծրագիրը:

ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովն իր խոսքում անդրադարձավ ծրագրի պաշտոնական բացման արարողությանը, որը նշանավորվեց ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգով: «Գորիսը` 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի համար ստեղծված նվագախմբում ելույթ ունեցան Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի երաժիշտները: Ի թիվս այլ ստեղծագործությունների` նվագախումբն առաջին անգամ կատարեց նաև «Գորիսը` 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի հիմնը, որի հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է: Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով` ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը ստեղծագործական համագործակցության այն վառ օրինակներից է, որը հնարավորություն է տալիս տարբեր մշակույթներ հասանելի դարձնել լայն շրջանակներին: «Գորիսը շարունակում է զարգանալ, ավելի ու ավելի շատ մարդկանց  հնարավորություն ընձեռել ճանաչելու և սիրելու այս անզուգական քաղաքը: Շնորհակալություն ՀՀ մշակույթի նախարարությանը և բոլոր կազմակերպիչներին այս հնարավորության համար»,- եզրափակեց հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը:

Հաջորդիվ տեղի ունեցավ «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ամփոփիչ ֆիլմի դիտումը և «Համագործակցության դեբյուտներ» 2018 թ. մրցանակաբաշխության արարողությունը: Փակման ծրագիրը նշանավորվեց ԱՊՀ երկրների էստրադային կատարողների համերգով:

Նշենք, որ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տիտղոսը 2019 թ. կփոխանցվի Բելառուսի Հանրապետության Բրեստ քաղաքին:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: