ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայաքաղաք
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի փակումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին
21.11.2018

Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակու­թա­յին մայրաքաղաք է հռչակվել: 
«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանո­նա­կարգի համաձայն, ԱՊՀ մշակու­թային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով: 
Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2016 թվականի դեկ­տեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտեին էր ներկայացրել առաջարկություն՝  Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ, որը համապատասխան ընթացակարգ անցնելով, 2017-ի հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ հաստատվել էր:
«Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:   
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» ծրագրի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ծրագրի գործընկերներն են՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, Սյունիքի մարզպետարանը, Գորիսի համայնքապետարանը, «Արդշինբանկը»:
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի հանդիսավոր բացման արա­րողությունը և մեկնարկի միջոցառումները տրվեցին հուլիսի 7-ին և 8-ին։ ԱՊՀ երկրներից Գորիս էին ժամանել պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության շուրջ 150 ներկայացուցիչ: Քաղաքի բնակիչներին և հյուրերին ներկայացվեց բազմաբովանդակ ծրագիր՝ հագեցած հետաքրքիր և հիշարժան միջոցառումներով, որի ընթացքում Գորիսի մշակույթը մատուցվեց իր առանձնահատկություններով: Բացման արարողությանը և մեկնարկի միջոցառումներին հաջորդեցին մի շարք կարևոր և հետաքրքիր միջոցառումներ ևս. հուլիսի 27-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանա­ռության մեջ դրվեց «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքա­ղաք» միջպետական ծրագրին նվիրված նամականիշը, որը թողակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախա­րարության և «Հայփոստի» կողմից: Հուլիսի 27-ին Գորիս քաղաքում տեղի ունեցավ Սաթյանների կոմպոզիտորական երաժշտական ընտանիքին  նվիրված համերգ. հանդիսատեսին հնարավորություն ընձեռվեց ունկնդրելու Սաթյանների երաժշտական ընտանիքի երեք վառ ներկայացուցիչների՝ Աշոտ Սաթյանի, Արամ Սաթունցի, Արամ Սաթյանի հայտնի ստեղծագործությունները: Սեպտեմբերի 29-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան  դրամատիկական թատրոնում հանդես եկավ Օրսկի /Ռուսաստանի Դաշնություն/ Ա. Ս. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ «Անիրական սեր» ներկայացումով: Հոկտեմբերի 18-19-ին, Գորիսում անցկացվեց «Վարպետների մոլորակ» խորագրով ձեռարվեստի միջազգային փառատոնը, որի ընթացքում հյուրերը և մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Սյունյաց հինավուրց դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներին, դրանց արդի դրսևորումներին: Փառատոնին մասնակցող վարպետները ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտությունները, անցկացրեցին վարպետության դասեր: Հոկտեմբերի 18-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ ֆրանսիացի ժամանակակից գրող Յասմինա Ղեզայի «Սպանդի Աստվածը» համանուն պիեսի առաջնախաղը, որին հաջորդեցին «Սաթե-Աթղը» թատերական միության և ֆրանսիացի գործընկերների կազմակերպած վարպետության դասերը և գրական ընթերցումները:
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի փակման արարողությունն ու եզրափակիչ միջոցառումները տեղի կունենա նոյեմբերի 23-ին: ԱՊՀ երկրներից Գորիս կժամանեն պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ:
Ծրագրի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որի համար հարթակ է ընտրվել Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքը: Այստեղ կբացվի «Գորիս՝ ավանդական ու ստեղծարար իմ քաղաք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, այնուհետև՝ կկայանա  մրցանակների հանձնման արարողություն: ԱՊՀ երկրների ժողովուրդների երաժշտության ներքո տեղի կունենա «Բրեյք դանս շոու»: Հաջորդիվ տեղի կունենան «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ամփոփիչ ֆիլմի դիտումը և «Համագործակցության դեբյուտներ» 2018 թ. մրցանակաբաշխության արարողությունը: Փակման ծրագիրը կեզրափակվի ԱՊՀ էստրադային կատարողների համերգով:
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի փակման միջոցառումներին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնկատար Լիլիթ Մակունցը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, նախարարության աշխատակիցներ, ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, արվեստագետներ, հյուրեր և այլք:    
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի  պաշտոնական արարողության և մեկնարկի միջոցառումները՝ հետևյալ հղումով:
Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: