ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայաքաղաք
Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թա­յին մայրաքաղաք
09.07.2018

Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թա­յին մայրաքաղաք է հռչակվել: 

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանո­նա­կարգի համաձայն, ԱՊՀ մշակու­թային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով: 

Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2016 թվականի դեկ­տեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտեին էր ներկայացրել առաջարկություն՝  Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ, որը համապատասխան ընթացակարգ անցնելով, 2017-ի հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ հաստատվել էր:

«Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:   

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» ծրագրի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Գործընկերներն են՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, Սյունիքի մարզպետարանը, Գորիսի համայնքապետարանը, «Արդշինբանկը»:

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի հանդիսավոր բացման արա­րողությունը և մեկնարկի միջոցառումները տրվեցին հուլիսի 7-ին և 8-ին։ ԱՊՀ երկրներից Գորիս էին ժամանել պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության շուրջ 150 ներկայացուցիչ:

Քաղաքի բնակիչներին և հյուրերին ներկայացվեց բազմաբովանդակ ծրագիր՝ հագեցած հետաքրքիր և հիշարժան միջոցառումներով, որի ընթացքում Գորիսի մշակույթը մատուցվեց իր առանձնահատկություններով:

Միջոցառումներին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համանախագահ, ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ  Շվիդկոյը, ՀՀ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալներ Նազենի Ղարիբյանը, Տիգրան Գալստյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը և այլն:  

Սյունիք-Արցախ մայրուղու վրա, ժայռերի քաղաքը խորհրդանշող «Զանգեր» հուշարձանի բացմամբ հուլիսի 7-ին  ազդարարվեց «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի մեկնարկը։ Հուշարձանի հեղինակ Սևադա Զաքարյանի խոսքով՝ Իշխանասարի փեշերից բերված քարերով կառուցված այս հուշարձանը Գորիսի, նրա բնապատկերների շարունակությունն է: Գորիսեցիները քաղաքի հյուրերին դիմավորեցին ազգային երգ ու պարով:

Առաջին օրվա միջոցառումների ցանկում «Արտ Էքսպո»՝ ժամանակակից արվեստի, արհեստագործության և ձեռարվեստի ցուցադրություն-տոնավաճառն էր․ Գորիսի՝ Գրիգոր Տաթևացու անունը կրող հրապարակում տեղադրված շուրջ 20 տաղավարներում իրենց մշակութային արտադրանքով ներկայացան Հայաստանի մարզերն ու միջոցառմանը մասնակցող ԱՊՀ մի շարք երկրներ։

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի առիթով Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի  ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց. «Շատ ուրախ եմ, որ հենց Գորիսն է հռչակվել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, քանի որ սա հնարավորություն է ներկայացնելու Գորիսի հիանալի ճարտարապետությունը, մշակույթը, բնապատկերները: Չափազանց կարևոր է, որ նման միջոցառումներ անցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, քանի որ դա նպաստում է համայնքների համաչափ զարգացմանն ու մշակութային կյանքի ակտիվացմանը։ Այս ծրագրի կարևորագույն նպատակներից մեկն էլ արժեքների փոխանակումն է մշակութային հարթակում, ինչի հնարավորությունն այս երկու օրերին կունենան ԱՊՀ ութ երկրից Հայաստան ժամանած շուրջ 150 պատվիրակները»:

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համանախագահ, ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն իր խոսքում նշեց.

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են դառնում այն քաղաքները, որոնք մշակութային խորհրդանիշ են հանդիսանում։ Այդպիսին է Գորիսը, այն խորհրդանշական քաղաք է, Հայաստանի խորհրդանիշներից մեկը։ Ես հույս ունեմ, որ տարին Գորիսի համար կլինի կարևոր ու արդյունավետ, և ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տիտղոսն այս հրաշալի քաղաքի կյանքում դրական նոր փոփոխություններ կբերի»:

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում վերաբացվեց Սերո Խանզադյանի արդեն վերանորգված տուն-թանգարանը, որը ԱՊՀ երկրներից ժամանած հյուրերին և տեղացիներին ներկայացավ նոր ցուցադրությամբ:  Գրողի թանգարանի վերաբացմանը զուգահեռ, տան նկուղային հարկում պաշտոնապես բացվեց նաև գրախանութ-սրճարան. մեկնարկը տրվեց ԱՊՀ գրողների հանդիպումով:

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում տեղի ունեցավ Թթի ամենամյա փառատոնը: Բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած հյուրեր: Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ թութ թափ տալու մրցութային արարողություն, ինչպես նաև չրի, մուրաբայի եւ Սյունիքի ավանդական ուտեստների ցուցահանդես-վաճառք: Փառատոնն ուղեկցվեց հայկական ժողովրդական երգ ու պարով:

Հուլիսի 7-ին, Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում տեղի ունեցավ «Գորիսը` 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ողջույնի խոսքն ուղղված էր գորիսեցիներն և քաղաքի հյուրերին.

«Այսօր հավաքվել ենք «Սիսական» աշխարհի այս չքնաղ՝ Գորիս քաղաքում, որ հանդիսավոր արարողությունների ներքո մեկնարկենք «Գորիսը՝  2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հրաշալի իրողությունը։ Հայկական այս փոքրիկ քաղաքը Համագործակցության մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումն ընդունել են ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարները՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ: Ցանկանում  եմ նշել, որ «Մշակութային մայրաքաղաքներ» ծրագրի նախագծի հեղինակը հենց Հայաստանի Հանրապետությունն է։ Այս նախագիծը միտված է նպաստելու ԱՊՀ անդամ պետություններում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը: Այն ծառայում է ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը, մայրաքաղաքներից դուրս ստեղծագործական ռեսուրսները բացահայտելուն և ԱՊՀ ժողովուրդներին կապող մշակութային համագործակցության ամրապնդմանը: Եվ ուզում եմ նորից ընդգծել, որ մարզերը մշակութային կյանքի բաղադրիչը պետք  է լինեն: Այն էլ հարուստ կենսագրություն ունեցող այնպիսի մարզը, որի մասին գրել են պատմաբան-հայագետներ Ստեփանոս Օրբելյանը և Ղևոնդ Ալիշանը: Պատահական չէ, որ ճարտարապետական ամբողջական նկարագիր և կոլորիտ ունեցող գեղեցիկ այս քաղաքը, որը պահպանել ու զարգացրել է սյունյաց աշխարհի մշակութային լավագույն ավանդույթները, այս տարի իրականացնելու է մշակութային մայրաքաղաքի առաքելությունը։ Ես ուրախ եմ, որ Գորիսի կարմիր կտուրներին այս օրերին միայն մշակութային երեկոներ են իջնելու»,-նշեց նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ  «Գորիսը՝  2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի իրականացումը նոր շունչ կտա Գորիսի մշակութային կյանքի զարգացմանը, ինչպես նաև կխթանի զբոսաշրջությունը այս փոքրիկ քաղաքում:

Պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը: «Գորիսը` 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի համար ստեղծված նվագախմբում ելույթ ունեցան Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի երաժիշտները: ԱՊՀ սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Էդուարդ Թոփչյանը: Ծրագրում հնչեցին 20-րդ դարի հայ և ռուս անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նվագախումբն առաջին անգամ կատարեց նաև «Գորիսը` 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի հիմնը, որի հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Ամիրխանյանն է:

Մշակութային երեկոն եզրափակվեց ԱՊՀ երկրների DJ fest-ով:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում հուլիսի 8-ին Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում կայացավ Սեն Հովհաննիսյանի «Հին և նոր Գորիս երկլեզու /անգլերեն և հայերեն/ աշխատության շնորհանդեսը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված գիրք-ալբոմում կարմիր տանիքներով «ժայռերի քաղաքի» պատմությունը հեղինակը ներկայացնում է տասնյակ լուսանկարներով, որոնց թվում նաև գորիսեցի հայտնի լուսանկարիչ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի աշխատանքներն են։

Ծրագրի շրջանակում Հին Գորիսի տարածքում անցկացվեց «Ձեռագործության փառատոն». հայ և արտասահմանցի զբոսաշրջիկները ծանոթացան բնական թելերով ստեղծված ձեռագործ աշխատանքներին` կարպետներ, պայուսակներ, տիկնիկներ, որոնք բնութագրում էին Գորիսի հարուստ մշակույթն ու ավանդույթները: Փառատոնի շրջանակում Հին Գորիսի տարածքում Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատոնի դերասանները ներկայացան «Կյորես» բեմադրությամբ:  

 Տոնական ծրագրի շրջանակում քաղաքը տեղացիներին և զբոսաշրջիկներին ներկայացավ ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, որն անցկացվեց Ակսել Բակունցի տուն-թանգարանի բակում և հարակից տարածքում: Միջոցառման մասնակիցները շրջեցին Գորիսի փողոցներով, որտեղ գորիսեցիների պատրաստած ավանդական ուտեստներով ճոխ սեղանները սպասում էին նրանց:

Գորիսը՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք  ծրագրի միջոցառումները եզրափակեց Էստրադային-ջազային համերգը՝ նվիրված Կոնստանտին Օրբել­յանի ծննդյան 90-ամյակին: Ջազային նվագախումը ղեկավարում էր  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար  Կոնստանտին Օրբելյանը: Համերգային ծրագրում հնչեցին Արամ Խաչատրյանի,  Առնո Բաբաջանյանի, Արտեմի Այվազյանի և արտասահմանցի հայտնի  կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Երկօրյա ծրագրի ավարտը ազդարարվեց  շքեղ հրավառությամբ:  

Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: