ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայաքաղաք
Ներկայացվեց «Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայաքաղաք» ծրագիրը և խորհրդանշանը
08.12.2017

Ս. թ. դեկտեմբերի 8-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրին: Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ Լուսինե Քարամյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մնացականյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

«Ուրախությամբ պիտի տեղեկացնեմ, որ Գորիսը ընտրվել է 2018 թ. ԱՊՀ-ի մշակութային մայրաքաղաք, ինչը նշանակալի իրադարձություն է բոլորիս համար: ԱՊՀ-ում գործող ընթացակարգի համաձայն` նշյալ առաջարկությունը ներկայացվել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հաստատ­մանը, իսկ ս. թ. հոկտեմբերի 11-ին այն հաստատվել է ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների կողմից՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ: Կանցկացվեն շուրջ 50 լայնածավալ և բազմաբնույթ միջոցառումներ. անելիքները շատ են, սակայն և՛ մշակույթի նախարարությունը, և՛ Գորիսի համայնքային իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի պատվով կրենք Գորիսի՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք տիտղոսը: Միջոցառումների նախնական ծրագիրն առաջիկայում կներկայացվի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական ​​մտավորականության 12-րդ համաժողովում»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Նախապատրաստական աշխատանքների շրջանակում հաստատվել է մրցույթի արդյունքում հաղթած «Գորիսը՝  2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» խորհրդանշանը. բաց քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել մրցույթի մասնակից Էդուարդ Քանքանյանի աշխատանքը:

Նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը տեղեկացրեց. «Միջոցառումների մեկնարկը կտրվի 2018 թվականի հունիսի վերջին՝  Մշակութային մայրաքաղաքի տիտղոսը Գորիսին հանձնելու պաշտոնական արարողությամբ: Տարվա ընթացքում իրականացվելիք բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրերին և միջոցառումներին կմասնակցեն ոչ միայն ԱՊՀ երկրները, այլև Չինաստանը, Իրանը, մասնակից երկրների ցանկը համալրվում է: Ծրագրի կարևոր մաս է կազմում նաև «Արտ-Էքսպո» ցուցահանդեսի անցկացումը Գորիսում. ԱՊՀ տարածքի երկրներն առանձին տաղավարներով կներկայացնեն իրենց արվեստն ու մշակույթը»:

«Գորիսում այս պահին իրականացվում են լայնածավալ աշխատանքներ՝ բարեկարգման, ենթկառուցվածքների զարգացման, առհասարակ, կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ: Գորիսն ունի հրաշալի բնաշխարհ, պատմամշակութային հարուստ ժառանգություն, առիթը օգտագործելով, մենք փորձելու ենք արժանիորեն ներկայացնել այդ ամենը՝ ամբողջ աշխարհում առավել ճանաչելի դարձնելով մեր քաղաքը: Մեր նպատակին հասնելու համար ջանք չենք խնայելու, աշխատելու ենք օր ու գիշեր»,- վստահեցրեց Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք էր ընտրվել Գյումրին: Մանրամասները այստեղ:

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: