Ոչ նյութական մշակութային ժառանգություն
Օրեցօր ուժգնացող համաշխարհայնացման և արդիականացման գործընթացներն ավելի ու ավելի են արագացնում ավանդական և ազգային շատ արժեքներ կիրառությունից դուրս մղելու գործընթացը: Աշխարհում տեղի ունեցող արագընթաց փոխակերպումներին Հայաստանը` որպես պետություն և հայերը` որպես ազգ, չեն կարող համարժեքորեն չարձագանքել: Հատկապես տեղեկատվական կամ հետարդյունաբերական հասարակությունների ազդեցության մեծացումը ստիպում է Հայաստանին ևս արդիականացնել գիտելիքի ու տեղեկատվության ձևավորման և փոխանակման համակարգերը: Զարգացման նշված գործընթացների հորձանուտում, երբ կյանքը գնալով ռացիոնալացվում է, ազդեցությունից զերծ չի մնում նաև մշակույթի ոլորտը:
Ազգային, ավանդական մշակութային շատ երևույթներ բնականորեն փոխարինվում են նոր, ավելի դինամիկ նորույթներով: Իսկ եթե նկատի ունենանք նաև սերնդափոխության գործընթացի արդյունքում ոչ նյութական մշակութային ավանդական արժեքների կիրառականության անկումը, հետևաբար և կյանքից դրանց դուրս մղվելու վտանգը, ապա կարելի է առանց չափազանցության նկատել, որ ոչ նյութական մշակութային ժառանգության շատ արժեքներ այսօր կանգնած են մոռացության մատնվելու սպառնալիքի առջև, քանի որ դրանք կրող սերունդը կարող է իր հետ տանել նաև դրանց մասին հիշողությունները: Նշվածը ստիպում է առավել մտահոգությամբ ու խնամքով վերաբերվել ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման, դասակարգման ու պահպանման խնդրին, քանի որ ժամանակի առումով այսօր դրա իրականացման պահի բացթողումը կարող է հանգեցնել ոչ միայն այդ արժեքների, այլև դրանց մասին հիշողության կորստին: Ասվածից ելնելով` ոչ նյութական արժեքների գրանցման, դասակարգման ու պահպանման խնդիրն այսօր մշակութային ոլորտի քաղաքականության գերակայություններից է և կարևորվում է նշված հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ գործիքների մշակումը, որոնցից մեկն էլ ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման, դասակարգման ու պահպանման չափորոշիչների մշակումն է:
Առկա խնդրի լուծման համար առանցքային նշանակություն ունի <<ոչ նյութական մշակութային ժառանգություն>> հասկացության ձևակերպման հստակեցումը, ինչը թույլ է տալիս ճշտել մշակութային ժառանգության այն հիմնական ոլորտներն ու բաղադրիչները, որոնք մտնում են ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ: Խնդիրն այն է, որ մշակույթի տեսությանը նվիրված գիտական գրականության մեջ առավել տարածված և ընդունված է մշակույթի դասակարգումն ըստ հոգևոր և նյութական ոլորտների: Հայ գիտնականների կողմից առաջադրված մեկ այլ դասակարգման համաձայն առանձնացվում են նաև մշակույթի արտադրական, կենսապահովման, սոցիոնորմատիվ ու հումանիտար ոլորտները: Կան նաև այլ մոտեցումներ: Ինչ վերաբերում է <<ոչ նյութական մշակութային ժառանգություն>> հասկացությանը, ապա այն գիտական ձևակերպում չէ և լայն շրջանառության մեջ է մտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված <<Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին>> կոնվենցիայի միջոցով, որին միացած յուրաքանչյուր երկիր պարտավորվում է իրականացնել իր տարածքում գտնվող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, քանի որ ցանկացած ազգային մշակույթ ոչ միայն իր նյութական, այլև ոչ նյութական արժեքների պահպանմամբ ու սերնդեսերունդ դրանց փոխանցման ապահովմամբ նպաստում է համամարդկային մշակույթի բազմազանությանն ու այդ հարստության վերարտադրությանը:
Կարևոր է նաև հստակեցնել <<ոչ նյութական մշակութային ժառանգություն>> հասկացության ընդգրկման սահմանները: Այն առաջին հերթին ներառում է հոգևոր մշակույթի ոլորտը, սակայն դրանով չի սահմանափակվում: Ոչ նյութական մշակութային ժառանգությունը ներառում է նաև նյութական մշակույթի այն շերտերը, որոնք կապված են մարդու գործունեության հոգեմտավոր, զգացմունքային և գեղագիտական ոլորտների հետ: Օրինակ, չնայած ավանդական արհեստները մտնում են տնտեսական զբաղմունքների մեջ, և նրանց արտադրանքը հիմնականում վերաբերում է նյութական մշակույթի ոլորտին, այնուամենայնիվ արհեստներում կան բազմաթիվ ավանդույթներ, որոնք կարգավորում են արհեստավորների, նրանց ու համայնքի բնակիչների փոխհարաբերությունները: Կան ծիսական արարողություններ և, վերջապես, արհեստի տեխնիկատեխնոլոգիական հատկանիշներին վերաբերող հմտություններ ու գիտելիքներ, որոնք դուրս են նյութական մշակույթի շրջագծից ու վերաբերում են ավելի շատ ոչ նյութական մշակութային ժառանգությանը: Այսինքն` ոչ նյութական մշակութային ժառանգություն ասելիս նկատի ունենք նախ` հոգևոր մշակութային երևույթները (ներառյալ նյութական մշակույթում)` արհեստներում, տնտեսական և օժանդակ զբաղմունքներում առկա բոլոր այն երևույթները, որոնք վերաբերում են արարողակարգային, ծիսապաշտամունքային, ավանդութային, գիտելիքի, հմտության ասպեկտներին և չունեն նյութեղեն շոշափելի բնույթ: Այս առումով, կարելի է ասել` ոչ նյութական մշակութային ժառանգությունը ընդգրկում է երկու հիմնական բաղադրիչ`
ա/ բուն ոչ նյութական մշակութային երևույթներ,
բ/ նյութական մշակութային իրողություններին ուղեկցող կամ դրանց հետ միաձուլված հանդես եկող ոչ նյութական բնույթի երևույթներ:
Դրանք միմյանցից, իհարկե, որոշ առումով տարբերվում են, սակայն ընդհանրանում են հենց իրենց ոչ նյութական բնույթով:
Թե՛ խորհրդային տարիներին, թե՛ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում ոչ նյութական մշակութային ժառանգության շատ ձևերի շարունակականությունն ընթացել է ինքնակարգավորման ուղիով, և քաղաքական, գաղափարախոսական կամ այլ նկատառումներով ներկրված կամ վերաձևավորվող նոր արժեքների ներդրումը նպաստել էր դրանց կարևորության և ինքնատիպության հանդեպ հարգանքի ու հպարտության զգացողության նվազմանը:
Հանրության և համապատասխան գիտամշակութային կազմակերպությունների անուշադրությունն ու հոգածության աստիճանական նվազումը, պահպանական միջոցների և ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակությանն ու զարգացման պաշտպանությանն ուղղված ծրագրերի սակավությունը, իսկ երբեմն էլ ուղղակի բացակայությունը հանգեցրին նրան, որ ոչ նյութական մշակութային ժառանգությունը մի դեպքում համալրվեց գաղափարախոսությանը ծառայող արժեքներով, այլ դեպքում` ձևափոխվեց, ընդ որում ձևափոխությունն ընթացավ երկու ուղիով` ժողովրդական մշակույթի զարգացման օրինաչափություններով և քաղաքական գաղափարախոսությունը հաստատող նորմերով: Արդյունքում ոչ նյութական մշակութային տարրերի զգալի մասի զարգացումն ընթացավ պասիվ, ինչով պայմանավորված էլ վերջիններս մեծ կորուստ կրեցին զարգացման օրինաչափությունների ընթացքում և հայտնվեցին երկրորդական արժեքների ցանկում:
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործում առաջընթացը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի <<Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին>> 2003 թ. կոնվենցիային Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (20 մարտի 2006 թ.): Դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունը հավաստեց իր պատրաստակամությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ազգային մշակութային ծրագրերի մշակմանը և միջազգային մշակութային կառույցների հետ համագործակցությանը:
Հայաստանի Հանրապետությունում ոչ նյութական մշակութային ժառանգության հետազոտման և պահպանման խնդիրներով զբաղվում են Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության, արվեստի, գրականության, լեզվի ինստիտուտները, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող <<Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն>>, <<Գրականության և արվեստի թանգարան>> ՊՈԱԿ-ները, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության կաբինետը և hայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը: Երևանի պետական համալսարանում գործում են բանահյուսության, ազգագրության ամբիոններ:
2006 թ. նոյեմբերի 23-ի N 46 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց <<Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգին>>: Հայեցակարգում ամրագրվեց ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության կարևորությունը, դրան նպաստելու անհրաժեշտությունը` պաշտպանելով ժողովուրդների ինքնության վերարտադրության իրավունքը և այդ իրավունքի ավանդական ու արդիական ձևերը:
2007 թ. մայիսի 3-ի N 17 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատեց <<Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության մասին հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցը>>, որն ըստ էության դարձավ ոլորտում հետևողական գործընթացների կազմակերպման հիմնական փաստաթուղթը, և դրա համաձայն էլ կազմակերպվել են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, կենսունակության պաշտպանության և հանրահռչակման 2008-2010 թթ. միջոցառումները:
2008 թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց <<Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին>> ՀՀ օրենքը, որը կարգավորում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացների ընթացքում ծագող իրավահարաբերությունները` ներառյալ ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պետական մարմինների իրավասությունները։
2010 թ. մարտի 11-ի N 310-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատեց <<Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը>>, որով հիմք դրվեց ՀՀ տարածքում ոչ նյութական մշակութային ժառանգության հաշվառման, իրավիճակի ուսումնասիրման գործընթացին, ինչպես նաև հաստատվեց ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առաջին ցանկը` բաղկացած 19 արժեքներից:
ՀՀ կառավարության 2010 թ. հուլիսի 29-ի N 1027-Ա որոշմամբ հաստատվեց <<Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, տարածման և օգտագործման 2011 թվականի տարեկան ծրագիրը>>, որի նպատակն էր ոլորտում ապահովել առաջնահերթությունից բխող միջոցառումների իրականացումը` ապահովելով ոչ նյութական մշակութային արժեքներ ստեղծող, պահպանող և փոխանցող համայնքների, խմբերի հնարավորինս լայն մասնակցությունն այդ ժառանգության պահպանության, զարգացման և տարածման գործին, խթանել ոլորտի 14 բնագավառների հավասարաչափ զարգացումը:
ՀՀ Կառավարության 2010 թ. սեպտեմբերի 3-ի N 1173-Ն որոշմամբ հաստատվեց <<Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը>>: Այն հնարավորություն է տալիս կարգավորել ոչ նյութական մշակութային արժեքների հաշվառման, նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության, տեղեկատվության փոխանակման բնագավառի հասարակական հարաբերությունները, պահպանել ոչ նյութական մշակութային արժեքները և ապահովել դրանց կենսունակությունը, նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով զբաղվող մշակութային, գիտական հիմնարկների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, անհատ հետազոտողների կողմից կատարվող ուսումնասիրությունների ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ապահովել այդ ժառանգությանը հասարակության լայն խավերի հաղորդակցման մատչելությունը:
ՀՀ կառավարության 2011 թ. հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ հաստատվեց <<Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը>>: Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը բաղկացած է 7 արժեքներից, ինչի ընդունումը կարևորվում է նրանով, որ ոլորտում միջոցառումները կնախատեսվեն` հաշվի առնելով ցանկում տեղ գտած արժեքների պահպանությանն ուղղված քայլերի առաջնահերթությունը: Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հայտում կսահմանվեն որոշակի միջոցառումներ այս արժեքների պահպանության և դրանց կենսունակության ակտիվացման նպատակով:
Ներկայում ոլորտի գերակա խնդիրներից է ոչ նյութական մշակութային տարածքների գրանցման, պետական ցանկերի ստեղծման գործընթացի կազմակերպումը, որի նպատակն է հասարակության մեջ ձևավորել էթնոէկոլոգիական մշակույթ: Սա իրենից ներկայացնում է էկոլոգիայի և ավանդական, ժողովրդական մշակույթի յուրօրինակ միաձուլում, որում կարևորվում են ժամանակի ընթացքում ձևավորված ավանդական բնօգտագործման գիտելիքներն ու հմտությունները` պայմանավորված որոշակի բնապատմական միջավայրի առանձնահատկություններով: Նման տարածքների գրանցումն ու դրանց պահպանությունը պետական հովանավորության տակ վերցնելը` ոչ միայն կձևավորի հարգանքի մթնոլորտ բնական միջավայրում կենցաղավարող ավանդական մշակույթի նկատմամբ, այլև կդառնա էթնոէկոլոգիական կրթության և դաստիարակության միջոց:
2010 թ. Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնում ՀՀ մշակույթի նախարարության մեթոդական աջակցությամբ և նախարարության մասնագետների մասնակցությամբ ֆորմալ կրթական ծրագրերով ներդրվեց և դասավանդվում է <<Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն>> առարկան:

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3: