ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
altunyan-25-feb
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն
Հայաստանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը տարեցտարի ընդլայնում են համագործակցության շրջանակները

2008 թ. ապրիլին Հայաստանը Ֆրանկոֆոնիայի շարժմանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը անդամակցելու նպատակով դիմել է վերոնշյալ կառույցին և նույն տարվա հոկտեմբերի 18-ին Քվեբեկում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 24-րդ նստաշրջանում, որին մասնակցոււմ էին 70 երկրի ներկայացուցիչներ, Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիատիվ անդամ:
Անդամակցելով այդ կառույցին Հայաստանը ակտիվորեն ներգրավվել է ՖՄԿ-ի գործընթացներին: Վերջին տարիներին մասնավորապես Երևանում անց են կացվել կազմակերպական և հեռանկարային համագործակցության խնդիրներին առնչվող տարբեր ձևաչափի քննարկումներ, միջազգային խարհրդաժողովներ ու համաժողովներ.
2009 թ. հունիսի 2-ին Ֆրանկոֆոնիայի կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն տիկին Ռամառոսայի մասնակցությամբ Վ. Բրյուսովի անվան Երևանի լեզվաբանական համալսարանում կայացել է ֆրանկոֆոնիայի ճամբարի խորհրդի ազգային խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Ֆրանկոֆոնիայի ազգային խորհրդի ընթացիկ տարվա գործունեության ծրագիրը,
2010 թ. մարտի 18-22-ը Փարիզում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա 40-ամյակին նվիրված արվեստների և մշակույթի ֆրանկոֆոնյան համաժողովը, որին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի դեսպան Քր. Տեր-Ստեփանյանը,
2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ տարածքային կառավարությունում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել 2010 թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք համաժողովին` նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության խնդիրներին, որի փորձն արդեն իսկ ունի ՀՀ մշակույթի նախարարությունը: Այդպիսին է Վանդեյի երկրամասի հետ նախարարության սկսած արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում պետք է իրականացվի մեկ պատմական հուշարձանի /Զվարթնոցի պատմամշակութային հուշահամալիր/ հանրահռչակման ծրագիրը,
2010 թ. ապրիլի 7-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ա. Դիուֆը: Հայաստանի պետական կառույցների ու ֆրանկոֆոն հաստատությունների ներկայացուցիչները Վ. Բրյուսովի անվան Երևանի լեզվաբանական համալսարանում պարոն Դիուֆին են ներկայացրել ֆրանկոֆոնիայի շարժման շրջանակներում իրենց կատարած և կատարելիք աշխատանքները, 2010 թ. մայիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի մասնակցությամբ կայացել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի /ՖԽՎ/ Եվրոպայի տարածաշրջանային 23-րդ համաժողովը «Կրթական համակարգի խնդիրները և մարտահրավերները մեր հասարակություններում` սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումների համատեքստում» խորոգրով: Եվրոպայի ՖԽՎ անդամ խորհրդարաններից համաժողովին մասնակից շուրջ 90 ֆրանսախոս պատգամավորներ մերօրյա մարտահրավերների դիտանկյունից քննարկել են կրթական համակարգերի արդի խնդիրները:
Հայաստանը անդամակցելով Ֆրանկոֆոնիայի շարժմանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, հանձինս ՀՀ մշակույթի նախարարության` առավել ակտիվ համագործակցություն է ծավալել Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների հետ, նախաձեռնել և իրականացրել է, նաև աջակցել մի շարք միջոցառումների, այդ թվում` ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Եգիպտոսի դեսպանության հետ համատեղ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացրել է «Սաբայի ավազները» պարային բեմադրությունը` ֆրանսիացի մենապարուհու մասնակցությամբ և եգիպտահայ երաժշտի ու նրա համույթի կենդանի նվագակցությամբ:
2009 թ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ, ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, կազմակերպվել և անցկացվել են. համերգներ, հեքիաթասացի օրեր /հեքիաթասացի օր անցկացվել է նաև 2010 թ.` դառնալով ավանդական և ամենամյա փառատոն/` Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում, 2010-ին` նաև Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանում և «Նարեկացի» մշակութային կենտրոնում, քննարկում-ընթերցումներ, ֆրանսերեն լեզվի մրցույթներ /դարձյալ ավանդական դարձած/` Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական, Հայաստանի ֆրանսիական, Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարաններում: Այդ շրջանակներում Երևանում համերգով հանդես է եկել նաև անվանի փոփ-աստղ Գառուն: 2010 թ. անց է կացվել ֆրնասիական ֆիլմերի շաբաթ` Հայաստանի ազգային պատկերասրահում, ցուցահանդեսային ծրագիր` «Լիմոժյան կերամիկայի արվեստը», ֆրանսիական երգի երեկո, գալա-համերգ` հայ էստրադային երգիչների մասնակցությամբ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանի կամերային երգչախումբը հանդես է եկել առանձնին համերգով` կատարելով ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր Պուլենկի ստեղծագործությունները:
Հայաստանը ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության` 2009 թ. /սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը /առաջին անգամ մասնակցել է Բեյրութում /Լիբանան/ անցկացված Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղերին /այն անց է կացվում Ֆրանկոֆոն խաղերի միջազգային կոմիտեի կանոնակարգին համաձայն, ըստ որի` մասնակցել կարող են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների մինչև 35 տարեկան երիտասարդները/: Հայկական կողմը իր նախընտրած երգարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գրականության և պարարվեստի ոլորտներից զատ` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացմամբ մասնակցել է նաև խաղերի սպորտային ձևաչափին:
Միանալով Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությանը, Հայաստանն ամեն տարի հունիսի 21-ին նշում է Երաժշության տոնը, որը տարեց-տարի մեզանում ձեռք է բերում առավել մեծ ընդգրկում ու առավել մեծ հանդիսավորություն: ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համատեղ այդ ծրագրին մասնակից են դառնում ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական երաժշական կոլեկտիվները` Երևանում և մարզերում ներկայացնելով բազմաբնույթ և բազմաոճ երաժշտական կատարումներ: Սերտ համագործակցություն է նկատվում նաև ֆրանկոֆոն այլ երկրների հետ: Կայուն իրավապայմանագրային դաշտ է ձևավորված Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Լիբանանի, ինչպես նաև Հարավ-Արևելյան Ասիայի երկրների հետ: Վերջին երկու տարիներին նախապատրաստվել է նաև մշակույթի ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագիր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության հետ:
konkurs-kraynev-feb-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: