- Նախարարություն
- Մշակույթ
- Ժառանգություն
- Համագործակցություն
- Հայտարարություններ
- Օրենսդրություն
- Պարգևատրումներ
- Հետադարձ կապ
Հայաստանի մշակույթի նախարարության պատմությունը սկսվում
է Հայաստանի առաջին հանրապետության ( 1918-20 թթ.) ժամանակներից:
Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կազմում
1918 թ. դեռևս չկար մշակույթի հարցերով զբաղվող ոչ մի կառույց: 1918-19 թթ. գործում
էր Հանրային կրթության մինիստրությունը:
1919 թ. մայիսի 21-ին հանրային կրթության մինիստր Մելիք
Ղարագյոզյանը դիմում է Մինիստրների խորհրդին՝ առաջարկելով այսուհետ Հանրային կրթության
մինիստրությունն անվանել Կրթության և գեղարվեստի մինիստրություն: 1919 թ. հուլիսի
1-ին կազմավորվում է Հանրային կրթության և արվեստի մինիստրությունը՝ միջնակարգ դպրոցների,
տարրական դպրոցների, արվեստի և հնությունների, բժշկական-սանիտարական բաժիններով:
1919 թ. հուլիսի 17-ի նիստում ՀՀ մինիստրների խորհուրդը
հաստատում է օրենք՝ «Հնության հուշարձանների և արվեստի բաժինը վերակազմակերպելու
մասին.
ա) հնության հուշարձանների և արվեստի բաժինը վերակազմակերպել
երկու բաժինների՝
ա. հնության հուշարձանների պահպանման,
բ. արվեստի հովանավորության.
բ) բանալ Հանրային կրթության և արվեստի մինիստրության
1919 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար քսաներկու հազար երկու հարյուր ռուբլու լրացուցիչ
վարկ:
Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ՝ Գ. Խօջամիրյան»:
Սույն օրենքով Հանրային կրթության և արվեստի մինիստրության
կառուցվածքում ավելանում է հնությունների պահպանության բաժինը: Բաժնի վարիչ է նշանակվում
Աշխարբեկ Լորիս-Քալանթարյանը: Մինիստրության մշտական ուշադրության կենտրոնում էր հնությունների
պահպանությունը, որի մասին են վկայում մի շարք փաստաթղթեր. մինիստր Նիկոլ Աղբալյանը
1919 թվականի հոկտեմբերի 14-ին N
3298 գրությամբ դիմում է ՀՀ ներքին գործոց մինիստրին. «Որպեսզի հնարավոր լինի այսուհետ
գոնե խուսափենք այնպիսի ցավալի դեպքի կրկնությունից, ինչպիսին է Անիի հնադարանի և շինությունների
կործանումը՝ նախքան հատուկ օրենք հրատարակելը հնությունների մասին, գլխավորապես վերաբերվող
նրանց պահպանությանը, սրանով խնդրում եմ ձեզ չմերժել հրահանգել Ձեզ ենթակա բոլոր վարչական
մարմիններին և պաշտոնական անձանց, որ արթուն հսկողություն ունենան հնության հուշարձանների
(ավերակ, կիսավեր և կանգուն հին շինությունների, արձանի, և այլն) պահպանության վերաբերյալ,
նախազգուշացնեն տեղական ազգաբնակչությանը չքանդել հնություններն իբրև նյութ՝ ծառայեցնելով
նոր շինությունների համար. մի հանգամանք, որ ներկա վերաշինության պահին կարող է սովորական
երևույթ դառնալ և յուրաքանչյուր տեղի ունեցած դեպքի մասին անհապաղ տեղեկացնել Հանրային
կրթության և արվեստի մինիստրությանը»:
Հաջորդ փաստաթղթով կանոնակարգվում է այդ ոլորտի կարևորագույն
խնդիրը.
«Հրաման. 16 դեկտեմբերի, 1919 թվական.
Համաձայն Մինիստրների խորհրդի հունիսի 10-ի և հուլիսի
14-ի (1919) որոշումների՝ հնության հիշատակարանների պահպանության, ցուցակագրության,
վերականգնման ու նորոգման, ինչպես հնագիտական նպատակներով կատարվող պեղումների վրա
հսկելու և առհասարակ նրանց ուսումնասիրության աշխատանքների կանոնակարգման գործը վարում
է հանրային կրթության և արվեստի մինիստրությանը հատուկ՝ «Հնությանց պահպանության բաժնի»
միջոցով: Ուստի այն բոլոր հիմնարկություններն ու անձինք, որոնք ցանկանում են կատարել
պեղում, վերանորոգում կամ այլ որևէ աշխատանք, որ կապ ունի հնությունների հետ՝ պետք
է նախօրոք ստանան Մինիստրության թույլտվություն այդ աշխատանքների համար:
Հանրային կրթության և արվեստի մինիստր՝ Ն. Աղբալյան
Հնության պահպանության բաժնի վարիչ՝ Ա. Լորիս-Քալանթարյան»։
Հնության պահպանության բաժինը գործում է մինչև
1920 թվականը և լուծարվում գործառույթները հնությունների պահպանության կոմիտեին անցնելու
պատճառով:
1919 թ. հունիսի 2-ի N 1047 գրությամբ մինիստր Մ. Ղարագյոզյանը
գրում է Մինիստրների խորհրդին. «Ապագա ազգային թանգարանի համար անհրաժեշտ է այժմվանից
ձեռք բերել պատմական կամ գեղարվեստական նշանակություն ունեցող արժեքավոր իրեր: Երևանում
բացված հայ արվեստագետների պատկերասրահում կան լուրջ ուշադրության արժանի գործեր, որպիսի
հանգամանքը հարմար առիթ է ներկայացնում գնումներ անելու համար:
Հենց միայն հայրենի արվեստը խրախուսած լինելու համար
ազատ Հայաստանի անդրանիկ պատկերահանդեսում ձեռք բերել մի քանի իր և այդպիսով հիմք դնել
Հայաստանի ապագա պատկերասրահին:
Ահա այս միտքը իրագործելու համար խնդրում եմ ընդունել
հետևյալ օրինագիծը.
«Վարկ բանալ՝ Հանրային կրթության և գեղարվեստի մինիստրության
անունով Հայ Արվեստագետների պատկերահանդեսում ապագա թանգարանի համար գեղարվեստապատմական
իրեր ձեռք բերելու համար՝ 75000 ռուբլի»: Օրինագիծը ընդունվում է, և ձեռք են բերվում
Ս. Խաչատրյանի, Ս. Երկանյանի, Վանո Խոջաբեկյանի, Ռուբենի (Հովհաննիսյանի), Ե. Թադևոսյանի,
Հ. Գյուրջյանի, Մ. Մազմանյանի, Վ.
Ախրիկյանի, Մ. Միքայելյանի (արձանագործ), Հ. Կոջոյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Գաբայանի, Տեր-Թադևոսյանի,
Կիրակոսյանի, Մ. Խնունցի 49 աշխատանքներ:
Մինիստրության ուշադրության կենտրոնում էր նաև թատերական
գործունեությունը: Այսպես, մինիստրությանն է դիմում Հայոց դրամատիկական ընկերության
խորհրդի նախագահ Բ. Ն. Արղության Երկայնաբազուկը` թե խորհուրդը, քննության առնելով
1919/20 թվականների թատերաշրջանի հարցը, խնդրում է կառավարությանը օրենք (որոշում)
ընդունել՝ պահելու դրամատիկական թատրոն:
1919 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ազգագրական-մարդաբանական
թանգարանի գրադարանի վերատեսուչ է նշանակվում Հայոց Ազգագրական ընկերության խմբակցության
մասնաճյուղի նախագահ և նույն ընկերության թանգարանի տեսուչ՝ Երվանդ Լալայանը:
1920 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ը Կրթության
և արվեստի մինիստրության հատուկ հանձնարարությունների կոմիսարի պաշտոնը վարել է Եղիշե
Սողոմոնյանը (Չարենց):
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: